Իրատեսությունը չի կարող մտավոր ծուլության առիթ լինել

Արեգ Քոչինյանը

Արդեն մի քանի շաբաթ է՝ իշխանությունները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում խոսում են Ադրբեջանի կողմից հերթական սրացման մեծ հավանականության ու սահմանային լարվածության աճի մասին։ Եվ, իրապես, սահմանային սրացումն այս պահին բավականին հավանական է։ Ադրբեջանն Արցախին ներկայացրել է վերջնագիր՝ կա՛մ քաղաքական ինտեգրացիայի գործընթացի մեկնարկ, կա՛մ Լաչինի ճգնաժամի հետագա խորացում, այդ թվում և՝ բռնության կիրառմամբ։ 

Այս ընթացքում իշխանությունները, փոխանակ լուծումներ որոնելուն, փորձում են գտնել ստեղծված իրավիճակի նորանոր մեղավորներ։ Տարատեսակ բանակային ու պետական կառավարման հինգերորդ շարասյուներ, դավաճան ցար, ծույլ և տեղից դժվար շարժվող Արևմուտք, անգործունյա դաշնակիցներ, ուխտադրուժ թշնամի և այլն, և այլն։ 

Բայց օրինաչափ հարց է առաջանում. իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը այս բոլոր իրողությունների հետ առերեսվելու համար։ 

Փորձո՞ւմ է արդյոք ամեն գնով արդիականացնել բանակը, փորձո՞ւմ է արդյոք կիրառել կուտակված համակարգված գիտելիքը այդ գործում, փորձո՞ւմ է արդյոք բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով զենք գնել, փորձո՞ւմ է արդյոք ապամոնտաժել այդ չարչրկված չաշխատող անվտանգային ճարտարապետությունը, իսկ անցնող հինգ տարիների ընթացքում ի՞նչ է արվել չեզոքացնելու համար այդ խորհրդավոր հինգերորդ շարասյուները։

Առնվազն ես նման փորձեր, նման ռազմավարական նպատակներ ու այդ նպատակների համակարգված սպասարկում չեմ տեսել, իսկ դո՞ւք։

Մենք ապրում ենք սրացումից սրացում կամ վերջնագրից վերջնագիր տրամաբանության մեջ, երբ երկիրը գտնվում է պերմանենտ օպերատիվ՝ այսրոպեական կառավարման մեջ, առանց քիչ թե շատ ձևակերպված ռազմավարական նպատակների, առանց անգամ մարտավարական նպատակների ու այդ ամենի սպասարկման։ 

Ի՞նչ տեսլական ունի Հայաստանը օր օրի փլուզվող ու փոփոխությունների ենթարկվող այս աշխարհակարգում, կա՞ արդյոք կամք դեպի շրջադարձային փոփոխություններ, թե՞ շարունակվելու է եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում ու ռուսակենտրոն անվտանգային տրամաբանության շրջանակներում ժողովրդավարություն կառուցելու ցնորամիտ քաղաքականությունը, իսկ գուցե ուղղակի խա՞չ է քաշվելու Հայաստանի ժողովրդավարական ապագայի վրա։ Ընտրություն՝ հայեցակարգային ընտրություն կայացնելու պահը վաղուց հասունացել է։ 

Սակայն ես ունեմ մտավախություն, որ Հայաստանի քաղաքական ընտրանին, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ վարչապետը, այդ ընտրությունը չի ուզում անել և թողնելու է որոշելու հնարավորությունն այլոց, մոտավորապես այնպես, ինչպես արեց Սերժ Սարգսյանը հայտնի սեպտեմբերի 3-ին։ 

Այդ ընտրությունը, եթե այն ի նպաստ է ՀՀ բարօրության ու բարեկեցության և եթե այն կայացվելու է, Հայաստանում չի կարող լինել գրչի մեկ հարվածով, այն ամենօրյա աշխատանքի, քրտինքի, արյան ու մտավոր գերլարման արդյունքում կարող է միայն միս ու արյուն ստանալ։ 

Կիսալուծումներն ու գավառական խորամանկությունները չեն անցնելու. կամ Հայաստանը սկսում է լրջորեն զբաղվել տնային աշխատանքով՝ իր կարողությունների ամրապնդմամբ անվտանգության՝ որպես լայն կոնցեպտի բոլոր ոլորտներում, կամ այդ ընտրության շրջանակներում սուբյեկտայնության հնարավորությունը փակվում է։ Եվ այս ջանքերի բացակայությունն է իմ մտավախությունների հիմնական դրդապատճառը։ 

Իրատեսությունը չի կարող մտավոր ծուլության կամ անկամության առիթ լինել, հակառակ դեպքում դա իրատեսություն չէ, այլ կա՛մ քաղաքական ապիկարություն, կա՛մ այլ (հաճախ՝ նեղ անձնական) շահերի սպասարկում։

Պատասխանատվության ինստիտուտը Հայաստանի քաղաքական էլիտային խորթ է։ Հայաստանում էլիտաների շրջափոխությունը կառուցված է մի պարզ, փոխըմբռնելի կոնցեպտի վրա՝ ոչ ոք և երբեք ոչ մի բանի համար պատասխանատվության չպետք է կանչվի։ Դա բոլորին հարմար ու բոլորին հարազատ ձևաչափ է

Եվ կարծես թե այսօրվա իշխանությունն էլ է վստահ, որ կարողանալու է խուսափել պատասխանատվությունից, դե ինչ, կապրենք` կտեսնենք․․․

Արեգ Քոչինյան

MediaLab.am