Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հնարավորությանը։
«Շատ է խոսվում դեմարկացիայի, դելիմիտացիայի, սահմանների ճշգրտման մասին։ Եվ հիմա էլ այս փաստով են փորձում հայ հանրությանը վախեցնել և ահաբեկել։ Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, և դա իմ դիրքորոշումն է, որ սահմանների ճշգրտումն ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանին, որովհետև սահմանների ճշգրտումը, արձանագրումը և ի վերջո ինչ-որ փուլում դեմարկացիան ու դելիմիտացիան, անվտանգային կարևոր երաշխիք են»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ պետք է հասկանալ, որ դա պարզ գործընթաց չէ: «Մեր տարածաշրջանում հետխորհրդային երկրներից չկա մեկը, որն ավարտին է հասցրել դելիմիտացիայի ու դեմարկացիայի պրոցեսը»,- նկատեց վարչապետի պաշտոնակատարը: