«Առաջին անգամ որ գրկեցի Նարեին, իմացա՝ Նարեկս ա, շատ նման ա»․ ծնվել է պատերազմում զոհված Նարեկ Հովսեփյանի քույրը

Հովեփյանների ընտանիքում նոր հույս ու լույս է մտել։ Ծնվել է պատերազմում զոհված Նարեկ Հովսեփյանի քույրը՝ Նարե Հովսեփյանը։

39-ամյա Սյուզի Հովսեփյանն ասում է՝ 20 տարվա դադարից հետո կրկին մայրացել է։ 

«Միշտ երազել էի աղջիկ ունենալ, անունը Նարե դնել: Նարեկս որ ծնվել էր, մտածում էի՝ հետո աղջիկ լինի, Նարե լինի։ Երկար տարիներ հետո Նարեն ծնվեց, Աստծո կամքը ոնց որ լիներ»,- հուզմունքով ասում է Սյուզին։

Նարե Հովսեփյանը ծնվել է 3 կգ 200 գրամ քաշով, 51 սմ հասակով։

Մայրն ասում է՝ Նարեն արտաքնապես շատ նման է եղբորը։

«Ես առաջին անգամ որ գրկեցի, իմացա՝ Նարեկս ա, շատ նման ա Նարեկիս, դեմքի կլորությունը, շրթունքները, քիթիկը, լրիվ Նարեկս ա»,- ասում է մայրը։

Նարեի եղբայրը՝ Նարեկ Հովսեփյանը, 33 օր հակառակորդի դեմ կռվել է Մարտակերտում, Մարտունի 2-ում և Ֆիզուլիում։ 

Զոհվել է հոկտեմբերի 29-ին անօդաչու թռչող սարքի հարվածից։ 

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։

Սյուզիի խոսքով՝ Նարեկի զոհվելուց հետո կյանքը դատարկվել, իմաստազրկվել էր, սակայն Նարեի ծնունդը սփոփանք և ուժ է տվել ապրելու համար։

«Նարեն որ ծնվեց, բոլորն անչափ ուրախացել էին, հարազատությունը, բարեկամությունը մեր տանն էին։ Փոքրիկը մի ուրիշ ուրախություն ա, ուրիշ զգացողություն ա, ապրելու իմաստ տվեց մեզ»,- ասում է մայրը ու ընդգծում՝ Նարեկին միշտ հիշում են ու կարոտում։

«Կյանքում Նարեկիս չենք մոռանա, Նարեկս Աստծո մոտ ա, ամեն օր էլ հիշում ենք, ամեն վայրկյան»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am