«Զանգել էր հորն ու ասել՝ պա՛պ, իմացի՛, ես սաղիդ շատ եմ սիրում»․ մայրն ասում է՝ զանգից 2 օր անց որդին զոհվել է

«Մենք չէինք ուզում, բայց ինքն ասեց՝ պետք ա գնամ։ Շատ էր սիրում հայրենիքը»,- նշում է 39-ամյա Սյուզի Հովսեփյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է որդուն։

21-ամյա Նարեկ Հովսեփյանը մի քանի տարի ապրել է Ռուսաստանում, սակայն որոշել է, որ անպայման պետք է հայրենիք գա և բանակում ծառայի, հետո Արարատում գտնվող տունը վերանորոգի և հայրենիքում ապրի։

«Չէր ուզում Ռուսաստան վերադառնար, ասում էր՝ ես բանակից հետո մեր տանը՝ Արարատում եմ ապրելու։ Չէր թողնում վաճառեինք»,- ասում է մայրն ու նշում՝ որդին Մարտակերտում է ծառայել, երբ պատերազմը սկսվեց։

Նարեկ Հովսեփյանը 33 օր հակառակորդի դեմ պայքարել է Մարտակերտում, Մարտունի 2-ում և Ֆիզուլիում։ 

Վերջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերի 28-ին։

«Զանգեց, երկու բառ խոսաց՝ ամեն ինչ լավ ա, իմ մասին չմտածեք, ինձ չզանգեք, ես կզանգեմ»,- հիշում է որդու խոսքը մայրը ու նշում՝ մեկ օր անց դեպքը տեղի է ունեցել։

Հոկտեմբերի 29-ին Նարեկ Հովսեփյանը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։

Որդեկորույս մայրն ասում է՝ որդու հետ կատարված ողբերգական դեպքից հետո կյանքը դատարկվել է, իմաստազրկվել։

«Ինքը շատ յուրօրինակ էր, կյանքով լի, բոլորն իրան սիրում ու հարգում էին։ Հիմա մեր տունը դատարկվել ա։ Գնում ենք գերեզման, զրուցում ենք իր հետ, շատ կարոտում ենք։ Մի ուրիշ ձևի փոխվեց մեր կյանքը, ահավոր դժվար ա»,- արցունքների միջից ասում է 39-ամյա կինը։

Նարեկ Հովսեփյանը ըմբշամարտով է զբաղվել, մասնակցել է բազմաթիվ մրցումների, արժանացել մեդալների ու պատվոգրերի։ Սովորել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, որոշել էր բանակից վերադառնալուց հետո ընդունվել ֆիզկուլտ ինստիտուտ և սպորտում հաջողություններ գրանցել։

«Ամեն ինչ կիսատ մնաց»,- ասում է մայրն ու հուզվում։

Սյուզին ասում է՝ հավանաբար որդին կանխազգացել է, որ մահը մոտ է, զոհվելուց 2 օր առաջ հորը զանգել է ու ասել․ «Պա՛պ, իմացի, ես սաղիդ շատ եմ սիրում: Հայրը հարցրել ա՝ խի՞ ես տենց բան ասում, ասել ա՝ եսիմ, պա՛պ ջան, չգիտեմ՝ վաղն ինչ կլինի մեր հետ»,- պատմում է մայրն ու ասում՝ մահը երեխեքի աչքի առաջ ա եղել։

Նարեկ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։

Սյուզին ասում է՝ որդու զոհվելուց որոշ ժամանակ անց ուզում էր նորից երեխա ունենալ, բայց բուժում պետք է անցներ, հետո նոր հղիություն պլանավորեր, սակայն մինչև բուժումն իմանում է, որ հղի է: 

«Ես շատ էի ուզում, խնդիրներ ունեի, մտածում էի՝ բուժվեմ, բայց ստացվեց, երևի Աստծո կամքն էր։ Ես շատ էի ուզում, որ մի հատ ունենանք, մյուս տղաս՝ Վահրամս, մենակ չմնա»,- ասում է Սյուզին ու նշում՝ հուսով են, որ երեխայի ծնունդով նոր հույս ու լույս կմտնեն իրենց տուն։

Արփինե Արզումանյան

MediaLab.am