Փաշինյանը կրկին մանիպուլացնում է հանրաքվեի միջոցով Արցախյան կարգավորման թեման. Fip.am

Հունիսի 15-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանրաքվեի կամ պլեբիսցիտի մասին, ինչպես այն հիշատակվում է բանակցային փաստաթղթերում։ 

«Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մեջ չի նշվում, թե հանրաքվեն ԼՂ-ում է տեղի ունենալու։ Ասվում է, որ ԼՂ ամբողջ բնակչությունը մասնակցելու է հանրաքվեին։ Ավելի կոնկրետ ասվում է՝ համաժողովրդական հանրաքվե, որին մասնակցելու է ԼՂ ամբողջ բնակչությունը։ Այսինքն՝ ԼՂ ամբողջ բնակչությունը նույն ինքը համաժողովրդականը չէ»,- ասել էր Փաշինյանը։

Այս թեզը Փաշինյանը վերջին շրջանում տարածում է բավական ակտիվորեն՝ մանիպուլացնելով, սակայն, հանրաքվեի մասին դրույթները։  

Այսպես, պլեբիսցիտի (ժողովրդական հարցման) միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին դրույթը ամրագրված էր 2007-ին հակամարտության կողմերին Մադրիդում ներկայացված սկզբունքների առաջին իսկ կետում։

Ըստ դրա՝ պլեբիսցիտը «ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»։

Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է հանրաքվեի հնարավոր արդյունքները՝ ասելով, թե «Լեռնային Ղարաբաղի տարածքի» փոխարեն փաստաթղթերում նշված է եղել «Լեռնային Ղարաբաղի բնակչություն»։  

Փաստն այն է, որ Արցախի (ԼՂԻՄ-ի) հայ բնակչությունը բացարձակ մեծամասնություն էր կազմում 1986 թվականի Սովետական Միության անցկացրած մարդահամարով։ Հայերը Արցախում 1986-ին շուրջ 103 հազար էին կամ բնակչության ընդհանուր թվի 85 տոկոսը, ադրբեջանցիները 17 հազար էին կամ միայն 14 տոկոսը։ Համամասնությունը մի փոքր տարբեր է առկա հաջորդ՝ 1989 թվականի տվյալներով՝ հայ բնակչությունը Լեռնային Ղարաբաղում կրկին  բացարձակ մեծամասնություն էր կազմում՝ 76․9 տոկոս, ադրբեջանցիները՝ 21․5 տոկոս, և 1 տոկոսը՝ ռուսներ։ 

Այսպիսով, իր ելույթով Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե «համաժողովրդական» արտահայտությունը նախկին իշխանությունները օգտագործել են որպես միայն «հայկական հանրաքվե», և թե իրականում դրան պետք է մասնակցեին նաև ադրբեջանցիները՝ դրանով իսկ նվազեցնելով հայկական կողմի պատկերացումներին համահունչ լուծման հնարավորությունը։ Սակայն ըստ Մադրիդյան սկզբունքների՝ պլեբիսցիտին ցանկացած պարագայում մասնակցելու էին 1988 թ․ համամասնությամբ հայեր և ադրբեջանցիներ, ինչը բացարձակ առավելություն էր տալիս հայկական կողմին։ 

Անի Ավետիսյան

Fip.am