2014 թվականի հոկտեմբերից ուժեղացվել է հսկողությունը գրիպի և սուր շնչառական վարակների նկատմամբ

գրիպ

Հանրապետությունում իրականացվում է գրիպի և սուր շնչառական վարակների ամենօրյա մշտադիտարկում: Հիմք ընդունելով մշտադիտարկման տվյալները` 2015 թվականի փետրվարի 22-ի դրությամբ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են շուրջ 2050-ով:  ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշեց, որ առողջապահության նախարարի […]

Հանրապետությունում իրականացվում է գրիպի և սուր շնչառական վարակների ամենօրյա մշտադիտարկում: Հիմք ընդունելով մշտադիտարկման տվյալները` 2015 թվականի փետրվարի 22-ի դրությամբ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են շուրջ 2050-ով: 

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշեց, որ առողջապահության նախարարի հրամանով Հայաստանում 2014 թվականի հոկտեմբերից ուժեղացվել է հսկողությունը գրիպի և սուր շնչառական վարակների նկատմամբ: 

Անդրադառնալով հանրապետությունում սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշներին` նա նշեց, որ արձանագրված դեպքերի համաճարակաբանական վերլուծության համաձայն, դրանք ևս չեն գերազանցում սուր շնչառական վարակներով հիվանդացության շեմը, ինչպես նաև դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: 

«Հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության նվազում: Նույն իրավիճակն է նաև ստացիոնար բուժում պահանջող հիվանդների շրջանում: Սակայն ներկայումս աշխուժացում է նկատվում մանկական պրոֆիլի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` պայմանավորված 0-2 տարեկան երեխաների դիմելիությամբ»,- ասաց Արտավազդ Վանյանը: 

Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում նշված քանակակազմում շրջանառում են գրիպի Ա տեսակի H1պնդ, H3 ենթատեսակները և Բ տեսակը, ինչպես նաև ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ: Այս պահի դրությամբ ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան: 

Հոսպիտալացված դեպքերը գնահատվում են միջին ծանրության և ստանում են անհրաժեշտ բուժում: 

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի խոսքով, ըստ Շտապ բուժօգնություն ՓԲԸ-ի օպերատիվ տվյալների, նվազել են սուր շնչառական վարակների հետ կապված կանչերը, իսկ թոքաբորբերով պայմանավորված կանչերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` գրիպով հիվանդացությունը լայն տարածում է ստացել մասնավորապես եվրոպական տարածաշրջանի արևմտյան և կենտրոնական երկրներում:

2015 թվականի փետրվարվարի առաջին տասնօրյակի տվյալներով` 20 երկիր հայտնել է գրիպի աճող ակտիվության մասին:

2625 դետքային նմուշներից 1331-ի դեպքում (51%) հաստատվել է գրիպի վիրուսը (դրական նմուշները հայտնաբերվել են 33 երկրում): 

Գրիպի Ա (H1N1)պանդեմիկ, Ա (H3N2) և Բ տիպի տեսակները շարունակում են շրջանառել տարածաշրջանում. գերակշռում է Ա (H1N1) պանդեմիկ ենթատեսակը:

Վերջին շաբաթների ընթացքում Բելգիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Միացիալ Թագավորությունում (Անգլիա, Ուելս, Շոտլանդիա), Ֆրանսիայում և Շվեյցարիայում տարեց մարդկանց շրջանում (65 և բարձր) արձանագրվում է բարձր մահացություն, պատճառները տարբեր են, ինչը համապատասխանում է գրիպի համաճարակաբանական ակտիվությանը: Նշենք, որ մահացությունն արձանագրվել է գրիպի Ա(H3N2) ենթատեսակից: 

2015թ. սկզբին ընթացքում ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի (RSV) տարածումը ամբողջ եվրոպական տարածաշրջանում նվազել է: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: Հիվանդացությունը միջին մակարդակի է: Տարածաշրջանային երկրներից համաճարակային իրավիճակը լարված է Ռուսաստանի Դաշնությունում, հատկապես` Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Ստավրոպոլի երկրամասում, Հյուսիսային Օսեթիայում, որտեղ նաև ժամանակավորապես դադարեցվել է մանկական նախադպրոցական կազմակերություների և դպրոցների գործունեությունը:

Ռուսաստանի Դաշնությունում համաճարակային իրավիճակի լարվածությունը պայմանավորված է հիմնականում գրիպի Ա տեսակի H1 պանդեմիկ ենթատեսակով: Արձանագրվել է 14 մահվան դեպք (Մոսկվա և Օսեթիայի հանրապետություն): Ռուսաստանում աճում է նաև սեզոնային գրիպով պայմանավորված դեպքերի թիվը: Պաշտոնական տվյալների համաձայն, Ռուսաստանի 69 շրջանի գրեթե 3000 դպրոցում և 493 մանկապարտեզում հաճախումները ամբողջությամբ դադարեցվել են։ 

Ելնելով վերոնշյալից, ինչպես նաև գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար` Արտավազդ Վանյանը ևս մեկ անգամ հորդորեց բնակչությանը խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և ամենակարևորը` չզբաղվել ինքնաբուժմամբ: 

Նա կարևորեց նաև եղանակին համապատասխան հագնվելու, հազի և փռշտալու վարվելակարգի պահպանման, ինչպես նաև հնարավորինս շատ հեղուկներ օգտագործելու և փակ տարածքները հաճախակի օդափոխելու անհրաժեշտության մասին: