Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցու պատարագն այս տարի կլինի դռնփակ․ Ermenihaber.am

Ermenihaber.am-ը գրում է․

Վանա լճի Աղթամար կղզու վրա գտնվող Սբ․ Խաչ եկեղեցում մատուցվող Խաչվերացի պատարագն այս տարի լինելու է դռնփակ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսի հայոց պատրիարքարանը։

Նշվում է, որ նկատի առնելով համավարակի պարագան՝ իշխանությունների հետ խորհրդակցությունների արդյունքում համատեղ որոշում է կայացվել սեպտեմբերի 6-ին նախանշված ամենամյա պատարագն անցկացնել դռնփակ։

Եկեղեցու ներսում կարող են գտնվել միայն պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի գլխավորությամբ արարողությանը մասնակից հոգևոր հայրերը, Սբ․ Սեղանի սպասավորները և դպրաց խումբը։

Հաղորդվում է, որ պատարագի ժամերին կղզին փակ է լինելու ուխտագնացության մեկնողների համար, ուստիև պատարագին մասնակցելու համար ուխտագնացության խմբեր կազմելը դիտվում է աննպատակահարմար։