Նա փոքր տարիքում սիրում էր ոչ թե խոսել, այլ լսել։ Երբ տանը հյուրեր էին լինում, Կարինե Խաչատուրյանը կենտրոնացնում էր ուշադրությունը, սկսում էր լսել ու ճանաչել մարդկանց։ Մի օր էլ, երբ ինքը հոգեբանի կարիք ունեցավ ու ստացավ այդ աջակցությունը, հոգեբանի մասնագիտությունը իրեն կախարդական թվաց։ Կարելի է լսել, խոսել ու մարդկանց խնդիրներին լուծում տալ։ Արդյունքում՝ Կարինեն ընտրեց իր ապագա մասնագիտությունը՝ հոգեբան-հոգեթերապևտ։
«Ես ամեն օր համոզվում եմ, որ ճիշտ եմ ընտրել մասնագիտությունս։ Հոգեբանի աշխատանքը կախարդանքի է նման, երբ դու գնում ես, խոսում ես ու բառերը, խոսքը, թերապևտիկ յուրահատուկ միջավայրը ազդեցություն են ունենում քեզ վրա, լավ ես զգում քեզ, ու խնդիրը թուլանում է։ Կախարդանքի է նման, երբ կարողանում ես ինչ-որ բան փոխել դեպի լավը»,- ասում է Կարինեն
Կարինեն 36 տարեկան է, կրթությունը ստացել է ԵՊՀ Հոգեբանության ֆակուլտետում՝ կլինիկական հոգեբանություն մասնագիտացմամբ: Արդեն 12 տարուց ավելի է՝ աշխատում է ոլորտում։ Աշխատանքային մեթոդը արտթերապիան է, երբ արվեստն ու ստեղծագործական աշխատանքը օգտագործվում են հոգեբանական խնդիրների հաղթահարման համար։ 12 տարի առաջ Կարինեն պատահաբար հայտնվեց «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ում ու սկսեց աշխատել բռնության ենթարկված երեխաների հետ: Ասում է՝ արդեն 12 տարի է՝ մտքի ծայրով էլ անգամ չի անցել փոխել աշխատանքը։
«Երեխաների հետ աշխատանքը շատ էմոցիոնալ է։ Պատմությունները հուզառատ են, տպավորիչ, ու հաճախ ինքդ քեզ հարց ես տալիս, թե՝ ոնց, էսպե՞ս էլ ա հնարավոր։ Այնքան դաժան դեպքերի ես բախվում, որ ուղեղումդ չի տեղավորվում»,- ասում է Կարինեն։
Կարինեն նշում է, որ լինում են դեպքեր, երբ նույնիսկ տատիկներն ու մայրերն են երեխաներին բռնության ենթարկում։ Հատկապես, երբ կինը ինքը բռնության զոհ է, իր այդ հոգեվիճակի պատճառով նաև երեխան է տուժում ու ֆիզիկական ցավ ստանում։ Եղել են դեպքեր, երբ մայրը երեխային սեռական շահագործման է ենթարկել կամ աչք փակել նման երևույթների վրա։
«Հիշում եմ մի դեպք, երբ աղջիկ երեխան բավական երկար ժամանակ սեռական բռնության է ենթարկվել մոր զուգընկերոջ կողմից, երբ մայրն աշխատանքի էր լինում, ու դեպքը բացահայտել էր տան վարձակալը: Մայրը մինչև վերջ չէր հավատում ու պաշտպանում էր զուգընկերոջը՝ որոշ դեպքերում մեղադրելով դստերը նման իրավիճակ ստեղծելու համար»,- հիշում է Կարինեն։
Մասնագետը նշում է. բռնության դեպքերն ու դաժանության աստիճանը շատ տարբեր կարող են լինել, եղել է դեպք, օրինակ, երբ ցուրտ ձմռանը երեխային մերկ տնից դուրս են հանել, ժամերով մեկ ոտքի վրա անկյուն կանգնեցրել կամ մորը պաշտպանելու համար մի քանի ժամ մութ խորդանոցում փակել։ Եղել է նաեւ դեպք, երբ հայրը ոտքերով, ձեռքերով պարբերաբար 11 տարեկան երեխային փորձել է խեղդամահ անել։
«Բոլոր այս դեպքերում երեխաների տրավմաները շատ խորն են ու տարբեր կերպ են արտահայտվում՝ ագրեսիվ վարքից, ընկճվածությունից ու ցածր ինքնագնահատականից մինչև գիշերամիզություն ու զարգացման հապաղում։ Ընդ որում՝ որքան փոքր է երեխան, այնքան խոցելի է»,- բացատրում է նա։
Ինքնավնասումներ
«Երեխայի տրավմայի աստիճանը կախված է նաև նրանից, թե տանը իրեն բռնարարից պաշտպանող կա՞, թե՞ ոչ, օրինակ՝ տատը, պապը, մայրը, որ կարող են նրան իրենց հովանու տակ վերցնել, բայց ամեն դեպքում տրավմաները մեծ են լինում, քանի որ անպաշտպան ու անօգնական երեխաները բռնություն են տեսնում այն վայրում, որն իրենց համար պետք է ամենաապահով ու ջերմ տեղը լիներ, մարդիկ, որ պետք է լինեին պաշտպանության աղբյուրը, վտանգ են դառնում»,- ասում է հոգեբանը։
Եթե բռնության զոհ դարձած երեխաները համապատասխան հոգեբանական աջակցություն չեն ստանում, դա կարող է ավելի մեծ ու վատ հետևանքների հանգեցնել արդեն հասուն տարիքում, օրինակ՝ աղջիկները կարող են որպես ամուսին ընտրել բռնարարի, իսկ տղաներն իրենք են դառնում բռնարար։ Բացի այդ, երեխաները համապատասխան մասնագիտական օգնություն չստանալու դեպքում նաև ինքնավնասման, որոշ դեպքերում՝ ինքնասպանության փորձերի են դիմում։
«Ինքնավնասման դեպքեր հաճախ են հանդիպում, երբ երեխան այնքան է բռնության ենթարկվել, որ արդեն ինքն էլ չի սիրում իր մարմինը, անընդհատ ճմկտում, ճանկռում է իր մարմինը, ավելի լուրջ դեպքերում նաև ինքնասպանության փորձեր է անում։ Նման դեպքերում անպայման ծնողը տեղեկացվում է և մշակվում են հետագա աջակցության քայլերը: Նրանց հետ աշխատելիս փորձում ենք ներքին ուժը դուրս բերել, դա միակ բանն է, որ չի քանդվում ու ցանկացած հոգետրավմատիկ դեպքում միշտ կա մարդու մեջ» – ասում է հոգեբանը։
Հոգեբանը, որ պարբերաբար մարդկային դաժան պատմություններ է լսում, պաշտպանված չէ նաև ծանր ապրումներից, սակայն որքան փորձը մեծ է լինում, այնքան ավելի կայուն են դառնում։
«Սկզբի տարիներին հաճախ կարող էի հուզվել, ծանր էին անդրադառնում պատմությունները, օրերով կարող է չմոռանայի, բայց հիմա փորձում եմ լուծում գտնել, որ օգնելով նաև ես հանգստություն ստանամ»,- ասում է Կարինեն ու նշում, որ չնայած դրան՝ երբեմն ինքն էլ է հոգեբանի հետ աշխատելու կարիք ունենում։ Տարվա մեջ մի քանի անգամ դիմում է հոգեբանի։ Ու սա ընդունված երևույթ է, ասում է, քանի որ հոգեբանի համար առաջնայինը նաև հոգեթերապիա անցնելն է։
Հոգեբանի վրա մեծ պատասխանատվություն է դրված, քանի որ նա ի զորու է ճիշտ ու թիրախային աշխատանքի շնորհիվ կանխել արդեն հասուն տարիքում սպառնացող հոգեբանական խնդիրները։
«Ծնողներին խորհուրդ եմ տալիս ավելի ուշադիր ու հետևողական լինել, երեխայի վարքում նկատելի փոփոխություններ արձանագրելու դեպքում դիմել մասնագետի։ Երեխան կարող է դառնալ ավելի ագրեսիվ կամ ինքնամփոփ, կարող են վախեր ի հայտ գալ, երեխան ինքն իր նման չի դառնում»,- նշում է նա։
Բուլինգ
Բռնության ենթարկված երեխաներն ավելի խոցելի են ու ավելի հաճախ են բուլինգի ենթարկվում։ Երբեմն նրանք դեռահասության տարիքում դառնում են չընդունված հասակակիցների կողմից։
«Եղել են դեպքեր, որ երեխան բուլինգի է ենթարկվել դեռ մանկապարտեզից ու հետո ինքնավնասումներ է արել, այս կերպ ցույց տալով, որ ինքը լավը չէ։ Բուլինգը երբեմն շատ ծանր հետևանքների կարող է հանգեցնել»,- նշում է Կարինե Խաչատուրյանը։
Բռնության ենթարկված երեխաների նկատմամբ լինում են ծաղրանք, արտաքինի հետ կապված վիրավորական արտահայտություններ, հետապնդում են, նվաստացնում ուրիշների աչքի առաջ։
«Այդ երեխաները հոգեբանորեն արդեն ճնշված են և չեն կարողանում իրենց պաշտպանել։ Ընդ որում՝ բռնության ենթարկված երեխաները նաև իրենք են դառնում բուլերներ և բուլինգի ենթարկում ուրիշներին։ Այդպիսի դեպքեր ևս գրանցվել են»,- հիշում է հոգեբանը։
Կարինե Խաչատուրյանը նաև մի քանի ուսուցողական գրքեր է հրատարակել՝ «Զգացմունքերեն», «Խիզախերեն» և այլն։ Սրանք թերապևտիկ հեքիաթների միջոցով երեխաներին սովորեցնում են ավելի ուժեղ լինել, ճանաչել զգացմունքները։
Ի՞նչ կփոխեր
Կարինեն նշում է՝ լինում են դեպքեր, երբ հոգեբանները Հայաստանում անպատասխանատու են մոտենում աշխատանքին ու խախտում են էթիկայի կանոնները։ Հոգեբանությունը, ինչպես ցանկացած այլ մասնագիտություն, ունի էթիկայի կանոններ, որոնք խախտել չի կարելի։
«Հաճախ մարդիկ ընդամենը եռամսյա կուրսեր են անցնում ու իրենց հոգեբան են հռչակում, ինչի հետևանքով ունենում ենք իրավիճակներ, երբ խախտվում են անձնական կյանքի գաղտնիության կանոնները։ Բացի այդ, հոգեբանությունն ունի մի շարք սկզբունքներ, որոնք ևս խախտվում են, օրինակ՝ հոգեբանն իրավունք չունի աշխատել ընկերների, բարեկամների հետ, նա չի կարող որևէ այլ հարաբերություններ հաստատել այցելուի հետ, չի կարող մտերմանալ, ամուսնանալ, բայց մեզ մոտ հոգեբանը կարող է դառնալ քո մտերիմը, հնարավոր է ամուսնություն և այլն։ Խնդիրն այն է, որ չկա ընդհանուր կոդեքս, չկա մի մարմին, որ կվերահսկի հոգեբանների աշխատանքը»,- նկատում է նա։
Ու չնայած առկա խնդիրներին ու բարդություններին՝ Կարինե Խաչատուրյանը արձանագրում է, որ եթե կրկին ընտրելու հնարավորություն ունենար, դարձյալ կընտրեր հոգեբանի մասնագիտությունը։
«Միշտ մտածել եմ, որ հոգեբանություն պետք է սովորել հասուն տարիքում, բայց հիմա հասկանում եմ, որ հոգեբանություն սովորում են ամբողջ կյանքի ընթացքում, ու հիմա ամեն օր ավելի եմ սիրում իմ մասնագիտությունը, որովհետև կարողանում եմ տեսնել երեխաների ներաշխարհն ու ավելի լավը դարձնել նրանց պատկերացումները կյանքի մասին»,- իր ընտրած ճանապարհի մասին ժպիտով ասում է Կարինեն։
Սաթենիկ Հայրապետյան
Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյանի
MediaLab.am