Այն «լրագրողները», որոնք ԱԺ-ում խախտում են էթիկայի բոլոր հնարավոր նորմերը, սպառնալիքներ են հնչեցնում պատգամավորների հասցեին, գործուղված են հենց այդ նպատակով. Արթուր Հովհաննիսյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, ձեր ու ձեր խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հեղինակած՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում եք պետական կառույցներին հնարավորություն տալ դադարեցնել լրագրողի կամ լրագրողների հավատարմագրումը, արդեն հասցրել է բուռն քննարկումների տեղիք տալ։ Մասնագիտական հանրության համոզմամբ՝ սա խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված հերթական նախաձեռնություն է։ Նման փոփոխության հիմքը ո՞րն է։

– Նկատեմ, որ այդ արձագանքներն ինձ համար խիստ զարմանալի են, որովհետև այս կարգավորումը տեղ էր գտել մեր ներկայացրած նախորդ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագծում, որը մամուլում շրջանառվեց որպես չնույնականացված աղբյուրների մասին նախագիծ: Սակայն այդ նախագծում կար փոփոխություն հավատարմագրման կարգի, ֆինանսական թափանցիկության կարգի մեջ, բայց հենց այդ նախագծով արձանագրվեց, որ պետական մարմիններն իրավունք ունեն սահմանելու լրագրողների հավատարմագրման մերժման ու դադարեցման հիմքերը, և հիմնավորման մեջ, ըստ էության, նույն կերպ ձևակերպված էր այն, ինչ կա այս նախագծի հիմնավորման մեջ, ու ես տարակուսում եմ, թե լրագրողական համայնքի մեր որոշ գործընկերներ ինչո՞ւ են զարմանում։

Սա ցույց է տալիս, որ առանց նախորդ օրենքը կարդալու քննադատության էին ենթարկում։ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը սահմանում է, որ պետական մարմինները կարող են դադարեցման հիմքեր սահմանել, բայց մեկ այլ հոդվածով ամրագրված է, որ լրագրողի հավատարմագրումը հնարավոր է դադարեցնել միայն տվյալ լրատվամիջոցի ներկայացրած դիմումով, ու այստեղ հակասություն է առաջանում, որովհետև մյուս կողմից պետական մարմինը սահմանում է այն հիմքը, որի դեպքում պետք է դադարեցնի, բայց անգամ այդ պարագայում չի կարող դադարեցնել՝ առանց լրատվամիջոցի դիմումի։

Պրակտիկ կյանքում այն «լրագրողները», որոնք ԱԺ-ում խախտում են էթիկայի բոլոր հնարավոր նորմերը, սպառնալիքներ են հնչեցնում պատգամավորների հասցեին, խաթարում Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, գործուղված են հենց այդ նպատակով, և փորձը ցույց է տալիս, որ նրանց խորհրդարան գործուղած լրատվամիջոցի ղեկավարները երբեք այդ դիմումը չեն ուղարկելու, այսինքն՝ գործնականում պետական կառույցը չի կարողանում կանոնակարգել իր բնական աշխատանքը լկտի պահվածքների, էթիկայի կանոնների խախտման, սպառնալից խոսքերի դեպքերում։

Այս կանոնակարգումը կրում է տեխնիկական բնույթ, և աշխատանքային գոտում կանոնների խախտման դեպքում պետական մարմինը կարող է զգուշացնել լրատվամիջոցին, որից հետո, եթե շարունակվի այդ վարքագիծը, պետական մարմինը իրավասու է դադարեցնելու հավատարմագրումը, և մենք նաև օրենքով հնարավորություն կընձեռենք, որ լրատվամիջոցը կարողանա փոխարինել իր լրագրողին՝ առաջարկելով այլ լրագրողի, այսինքն՝ որևէ կերպ խորհրդարանում լրատվամիջոցի գործունեություն ծավալելուն չենք խոչընդոտում։

– Փոփոխությունը խնդրահարույց համարող մասնագետներն ասում են, որ միջազգային փորձում անգամ չկա նման պրակտիկա, ավելին, զարգացած երկրներում, առհասարակ, համարում են, որ հավատարմագրումը ոչ թե պետական մարմինների որոշելիքն է, այլ հենց լրատվամիջոցների: Ստացվում է, որ այս փոփոխությամբ միջամտում եք լրատվականների աշխատանքին նաև։

Չի ստացվում, ո՛չ։ Անտրամաբանական մեկնաբանություն է, որովհետև մենք խոսում ենք ՀՀ Ազգային ժողովի ներքին կանոնների մասին, որոնք ենթադրում են անվտանգություն, էթիկայի կանոններ, փոխադարձ հարգանք, բնականոն աշխատանքային միջավայր, և երբ որևէ լրագրող խախտում է այդ կանոնները, այսօրվա օրենքով որևէ բան չենք կարող անել, ու փորձը ցույց է տալիս, որ հիմնականում կանոններ խախտող անձնավորությունները գործուղվում են ԱԺ հենց այդ նպատակով։ Մենք գործ չունենք լրատվամիջոցի կամ լրագրողի իրավունքների հետ, մենք խորհրդարանի աշխատանքային կանոնների մասին ենք խոսում, որոնք պետք է պահպանվեն՝ հիմքում ունենալով լրագրողների ազատությունն ու իրավունքները։

Այն կանոնները, որոնք կսահմանվեն ու արդեն իսկ սահմանված են, լրագրողները դրանց ծանոթանում են հավատարմագրվելուց առաջ, այսինքն՝ երբ քննադատություններ են հնչում, որ հայեցողական որոշումներ կկայացվեն, ու իշխանությանը դուր չեկած լրագրողներին կզրկեն հավատարմագրումից, անհիմն մեկնաբանություն է, բացառում եմ, որ սահմանված լինեն այնպիսի կանոններ, որոնք դուրս են ողջամտությունից ու խախտում են լրագրողների իրավունքները։

– Ասում եք, որ լրագրողները սպառնում են պատգամավորներին, խախտում են էթիկայի կանոնները, այդ դեպքերի կոնկրետ օրինակ կնշե՞ք, իսկ պատգամավորների պահվածքը լրագրողների նկատմամբ նորմա՞լ եք համարում, նրանք որևէ կանոն չե՞ն խախտում։

– Երբ խոսում եմ կանոնների պահպանման մասին, նկատի ունեմ երկուստեք՝ և՛ պատգամավորներին, և՛ լրագրողներին, և՛ աշխատակիցները, և՛ անվտանգության աշխատակիցները պետք է գործեն աշխատանքային կանոնների համաձայն: Եթե որևէ մեկի կողմից կլինի կանոնների խախտում, ամեն կողմը օրենքով սահմանված կարգով կենթարկվի համապատասխան պատասխանատվության։

Ես չեմ տեսել պատգամավորների կողմից լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք կամ սադրիչ բնույթի ինչ-որ գործողություններ, որպեսզի դրդեն լրագրողին խախտել գործող կանոնները։ Նման բան չեմ տեսել, տեսել եմ հակառակը․ ամենաթարմ դեպքն այսօր «Հրապարակ» օրաթերթից ներկայացված լրագրողը սպառնացել ու վիրավորել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, ինչի կապակցությամբ հայտարարություն ենք տարածել ու կոչ արել, որ լրագրողական կազմակերպությունները հավուր պատշաճի գնահատական տան իրենց համայնքի ներկայացուցչի վարքագծին:

Իսկ այս դեպքից առաջ բազմաթիվ են եղել դեպքերը թե՛ «Երկիր մեդիայի», թե՛ «5-րդ ալիքի», թե՛ Yerevan.Today-ի կողմից ներկայացված լրագրողների կողմից։ Ես տալիս եմ այն լրատվամիջոցների անունները, որոնք պատկանում են Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, և, կրկնում եմ, որ այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է, որ այդ մարդիկ իրականում գործուղվում են խորհրդարան՝ բնականոն աշխատանքը խաթարելու և շոուներ կազմակերպելու համար։

– Պարո՛ն Հովհաննիսյան, կխնդրեմ կոնկրետ այսօրվա դեպքի մասով հստակ ասեք՝ ի՞նչ վիրավորանք ու սպառնալիք է հնչեցրել լրագրողը պատգամավորի նկատմամբ, որովհետև Վահե Մակարյանն ասում է, որ ինքը չի սպառնացել կամ վիրավորել պատգամավորին։

– Չեմ կրկնելու միանշանակ, իմ ասածը ու տարածված հայտարարությունը պետք է բավարար լինեն, կներեք, բայց տունտունիկ չենք խաղում, իսկ Վահե Մակարյանը բոլորի ներկայությամբ է հնչեցրել այդ արտահայտությունը: Ես պարզապես կհորդորեմ այդ երիտասարդին ազնվություն ունենալ։

– Ասում եք՝ պատգամավորների կողմից անհարգալից վերաբերմունք չեք տեսել լրագրողների նկատմամբ, իսկ որ ձեր գործընկերները լրագրողներին որակումներ են տալիս, կոչում վերբալ մարմնավաճառներ․․․

– Լրագրողներին որևէ մեկը երբեք չի անվանարկել, երբեք: Ձեր բերած օրինակում ես հնարավոր չեմ համարում, որ որևէ բարեխիղճ լրագրող իրեն վերագրի այդ արտահայտությունը, եթե ինքը փողով մարդկանց չի սևացնում, ժողովրդին չի խաբում իր տերերի պատվերով, եթե այդքանը չի անում, ուրեմն ինքը վերբալ մարմնավաճառ չէ, այլ բարեխիղճ լրագրող։ Եթե այդպիսի գործունեությամբ է զբաղվում, ուրեմն, այո՛, այդ լրագրողները վերբալ մարմնավաճառ են, ինչպես իրավացիորեն ասել է իմ գործընկերը։

– Խորհրդարանում հաճախ են դեպքերը, երբ ձեր կողմից վերևում հիշատակված լրատվամիջոցների լրագրողները շատ նորմալ հարցեր են ուղղում ձեր խմբակցության պատգամավորներին, որոնք էլ լրագրողի հարցին չեն պատասխանում, ասում են՝ գնա այդ հարցը քո տերերին տուր, սա նորմա՞լ եք համարում։

– Ես չգիտեմ դեպք, երբ նորմալ հարց է տրվել, ու նման պատասխան է հնչել։

– Լավ, եթե չեք հիշում, իսկ հնարավո՞ր է, որ օրենքի մի նախագիծ էլ մշակեք լրագրողների հետ պատգամավորների վարվելակերպը կարգավորելու մասին։

– Մենք մեկ անգամ չէ, որ խոսել ենք էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին և հետ չենք կանգնելու այդ մտքից։ Այո՛, մենք հիմա էլ աշխատանքներ ենք իրականացնում այդ ուղղությամբ, որը հենց ձեր հարցի պատասխանն է ըստ էության։ Այդ տիրույթում պատգամավորի կողմից ցանկացած վարքականոնային խախտում կարժանանա իրավական գնահատականի։

– Պարո՛ն Հովհաննիսյան, հետաքրքիր է, որ նման նախագծերով հանդես են գալիս այն պատգամավորները, որոնք նախկինում լրագրող են աշխատել։ Երբ լրագրող էիք աշխատում, գործող օրենքներից, կարգավորումներից դժգո՞հ էիք, որ հիմա փոփոխություններ եք անում։

– Նորմալ է, որ այդ կարգավորումները բերում են նախկին լրագրողները, որովհետև իրենք են լավատեղյակ նախկին բացերից։ Ինչ վերաբերում է նախկին կարգավորումներին․ նախկինում Ազգային ժողովում կարգավորումներ չեն եղել ընդհանրապես, բոլորն արել են այն, ինչ ուզել են։

Հանրապետականի պատգամավորների դիտանկյունից՝ եթե որևէ լրագրող խախտում էր անում, դա ոչ թե կանոնների խախտում էր դիտարկվում, այլ լրագրողներին ասում էին՝ ծնոտդ կջարդեմ, տանում էին աստիճանների տակ, ապտակում էին, օրինակ՝ հենց նույն լրագրողին, որն այսօր վիրավորել է Վահագն Ալեքսանյանին ու ապտակ չի ստացել դրա համար, բայց կարող էր ստանալ՝ իմ կարծիքով։

Ինչի՞ մասին ենք մենք խոսում, նախկինում ԱԺ-ում որևէ բան չի կարգավորվել, եթե կարելի է դա կարգավորում կոչել, ապա պատգամավորների կողմից կարգավորվել է ապտակների կամ հայհոյանքների ու սպառնալիքների միջոցով՝ ուղղված լրագրողներին։ Իսկ այս փոփոխությունը տրամաբանված է ու շատ կոնկրետ է և կրում է տեխնիկական բնույթ։

– Փաստորեն չե՞ք ընդունում մասնագետների դիտարկումները, որ սա հերթական օրենքն է, որը միտված է լրագրաղների աշխատանքը խոչընդոտելուն ու խոսքի ազատության սահմանափակմանը։

– Նախ արձանագրենք, որ սրանից առաջ չեն եղել խոսքի ազատությունը սահմանափակող օրենքներ, որ սա էլ ևս մեկը լինի։ Այս փոփոխությունը որևէ կարգի սահմանափակում չեմ համարում, սա օրենքի բացը լրացնելու նպատակ է հետապնդում։ Իսկ երբ ասում եք՝ մասնագետների կարծիք, կխնդրեմ՝ ընդհանրական չխոսեք, որովհետև, ցավոք սրտի, լրագրողական համայնքը բաժանվել է լրագրողների ու չլրագրողների, ու վերջիններս փորձում են իրենց ներկայացնել որպես լրատվական գործունեության գուրուներ՝ թոզ փչելով մեր ժողովրդի աչքերին։

Ես աշխատում եմ բարեխիղճ, ոլորտով իրապես մտահոգ հանրույթի ներկայացուցիչների հետ ու նրանցից դժգոհություններ չեմ լսել։ Լսել եմ, օրինակ՝ Սաթիկ Սեյրանյանի դժգոհությունը, որը ֆեյք կառույց է ստեղծել, ֆեյք լրատվամիջոցներին հավաքել է կողքին, եթե այդ մարդկանց նկատի ունեք՝ ինձ չի հետաքրքրում այդ մարդկանց կարծիքը։

– Իսկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի դիտարկումնե՞րը։

– Աշոտ Մելիքյանի դիտարկումներն ինձ համար միշտ ընդունելի են, բայց այս օրենքի վերաբերյալ իմ դիրքորոշումը կրկնում եմ՝ սա որևէ իրավունքի ոտնահարում, սահմանափակում չի ենթադրում և կրում է տեխնիկական բնույթ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am