«Արշակ Կարապետյանն այն ռազմական գործիչը չէ, որը կարող է գալ ու զինված ուժերը մարտունակության անհրաժեշտ մակարդակի հասցնել». Տիգրան Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը

– Պարո՛ն Աբրահամյան, պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Սահմանային այս լարված իրավիճակում նման քայլը նրա կողմից ինչպե՞ս եք գնահատում:

– Մեր իրականության մեջ այնքան անտրամաբանական դեպքերի ենք հանդիպել, որ կոնկրետ այս դեպք իմ լուրջ զարմանքը չի առաջացրել: Բայց մեկ բան անպայման պետք է հիշի Վաղարշակ Հարությունյանը. նա դեռ պատասխան չի տվել Սոթք-Խոզնավար հատվածում պաշտպանական համապատասխան համակարգերի չներդրման հետ կապված և ադրբեջանական զորքերի այդ հատված ներթափանցելու համար:

Անկախ հանգամանքից, թե նա կնշանակվի կամ չի նշանակվի նոր պաշտոնի, դրա պատասխանատուներից մեկը Վաղարշակ Հարությունյանն է: Նրա հետ հավասարաչափ պատասխանատու են նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, առհասարակ ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ի՞նչ եք կարծում, հրաժարականի դիմումի պատճառները որո՞նք կարող են լինել:

– Շատ բան կախված է, թե նրան ինչ նոր պաշտոնի են նշանակելու, ամեն դեպքում, սահմանային լարվածության այս պայմաններում պաշտոնակատարով նույնիսկ լոկալ բախումներ վարելը սխալ եմ համարում։

Բայց, կրկնում եմ, որ այս իշխանությունը երբևէ չի գործել տրամաբանության մեջ, և հետո՝ Վաղարշակ Հարությունյանը կամ այն մարդը, որի անունը շրջանառվում է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար, որևէ էական փոփոխություն չի մտցնելու այս ընդհանուր իրավիճակում: Մեր գլխավոր խնդիրն այս իշխանության գոյությունն է, և դրա առանձին սուբյեկտները լուրջ դերակատարություն չունեն:

Այսինքն՝ Արշակ Կարապետյանի նշանակումը, կարծում եք՝ արդյունավետ չի՞ կարող լինել, պարո՛ն Աբրահամյան:

– Երկու խնդիր կա: Առաջինը այս իշխանությունն է, քանի որ ռազմական բնագավառում նրանց մշակած ու իրականացրած քաղաքականությունից պարզ է, որ այս կառավարությունն ունակ չէ, եթե նույնիսկ կա ցանկություն:

Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանին, պարզ է, որ նա այն ռազմական գործիչը չէ, որը կարող է գալ ու զինված ուժերի մարտունակությունն անհրաժեշտ մակարդակի հասցնել:

– Հայաստանի այսպիսի պայմաններում կարևոր գերատեսչությունների ղեկավարների հաճախակի փոփոխությունը հավելյալ վտանգ չէ՞ երկրի անվտանգության համար:

– Պետական կառավարման համակարգը շատ վաղուց աշխատում է խափանումներով, և ինստիտուտների չգոյությունը կամ կիսատ-պռատ գործունեությունը ցանկացած պարագայում վտանգում է ինչպես մեր արտաքին, այնպես էլ ներքին անվտանգությունը:

Մյուս տեսանկյունից՝ պետք է հասկանալ, որ քիչ մարդիկ կան, որոնք պատրաստ են քաղաքական պատասխանատվություն ստանձնել այս իշխանության օրոք, որովհետև շատերը գիտակցում են, որ անկախ այդ պաշտոնից, ֆինանսական եկամտից, կա քաղաքական պատասխանատվության հարց, և վաղ թե ուշ իրենք ենթարկվելու են քաղաքական պատասխանատվության:

Պարո՛ն Աբրահամյան, սահմանին լարում հրահրելով ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը:

– Ադրբեջանն ունի երկու նպատակ. առաջինը՝ Հայաստանի նկատմամբ ճնշման լծակներ ստեղծելն է, որն արտահայտվում է սահմանային տարբեր հատվածներում՝ սկսած Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում, Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ նրանք ռազմավարական մեր օբյեկտների և ճանապարհների նկատմամբ գերակայություն և վերահսկողական դերակատարություն են ստանձնել:

Հաջորդ կարևոր ուղղությունը Երասխն էր, որը շատ մոտ է հիմնական մայրուղուն՝ Երևանը Երասխավանի միջոցով Վայոց ձորի և Սյունիքի մարզերին կապող գլխավոր ճանապարհն է, որին բավականին մոտ տեղակայված է առաջնագիծը, և ադրբեջանական ցանկացած տեղաշարժ կամ դիրքային բարելավում կարող է էականորեն մեծացնել այդ ճանապարհի նկատմամբ էֆեկտիվ դիտարկումը կամ նույնիսկ վերահսկողություն ապահովել:

Երկրորդ խնդիրը. պետք է հասկանալ, որ Ադրբեջանը սա օգտագործելու է դիվանագիտական-քաղաքական գործընթացներում, որոնք այս պահին ընթանում են, որոնց մի մասը հիմնված է նոյեմբերի 9-ի փաստաթղթի, մյուս մասը՝ դրանից բխող հունվարի 11-ի մոսկովյան պայմանավորվածությունների վրա: Բնական է, որ այս տեսանկյունից Ադրբեջանը անհամեմատելի բարենպաստ դիրքեր է ձեռք բերում:

Երրորդ՝ պետք է փաստենք, որ դիրքային առավելություն ստանալը մեկնարկային առումով լավ հնարավորություն է ստեղծում Ադրբեջանի համար տարբեր բնույթի գործողություններ վարելու համար՝ սկսած պաշտպանողական, վերջացրած հարձակողական, ընդ որում՝ տարբեր մասշտաբայնություն կրող գործողություններում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am