Ադրբեջանը Փաշինյանի առաջարկին չի համաձայնի նաև այն պատճառով, որ դա Ռուսաստանի շահերից էլ չի բխում. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԽ նիստում միջազգային հանրությանն ու Ադրբեջանի իշխանություններին ուղղված առաջարկ էր արել՝ սահմանին տեղակայել միջազգային դիտորդներ: Ինչպե՞ս եք գնահատում այդ առաջարկը: Սա արդյոք արձանագրում էր, որ Հայաստանն անկարող է պաշտպանել իր սահմանները:

– Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանի առաջարկը ոչ թե գործնական նշանակություն ուներ, այլ ուղերձ էր՝ աշխարհին ցույց տալ, որ գործընթացները ոչ թե տրամաբանական, սահմանների ճշգրտման նպատակ ունեն, այլ հանգում են տարբեր քաղաքական կենտրոնների կողմից Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելուն:

Բնականաբար, այս առաջարկը չի ընդունվելու և չի ընդունվելու առաջինը Ադրբեջանի կողմից:  Իսկ այդ հանգամանքը, ըստ իս, հայկական կողմի կանխատեսված տրամաբանությամբ, ցույց է տալու աշխարհին, որ հնարավորություն չի տրվում Հայաստանին նոր աշխարհակարգում դիտարկվել որպես հյուսիս-հարավ ճանապարհ, ինչի մասին արդեն անթաքույց խոսում են Հնդկաստանը, Չինաստանը և Իրանը:

Այն ուժերը, որոնց ձեռնտու չէ այս զարգացումը, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի և Թուրքիայի կողմից տեղի են ունենում Հայաստանի ինքնիշխանությունը հնարավորինս նվազեցնելու, իսկ եթե հնարավոր է՝ նաև պետականությունը վերացնելու քայլեր: Հայաստանն էլ փորձում է ցույց տալ աշխարհին, որ գործընթացների իրական ենթատեքստը սա է:

Իսկ Ռուսաստանը կհամաձայնի՞ այս առաջարկին:

– Արդեն նշեցի, որ այդ առաջարկը ոչ այնքան գործնական նպատակ ունի, որքան փակագծերը բացելու: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիներն այս առաջարկին չեն համաձայնի նաև այն պատճառով, որ այն Ռուսաստանի շահերից էլ չի բխում:

Ներկա փուլում խնդրի լուծումը, թեկուզ հենց այս ձևով, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից չի բխում:

Բազմիցս ասել եմ, որ Հայաստանը գործընթացներում պետք է ներառի այլ դերակատարների ևս, ինչը, կարծես թե, Հայաստանն անում է և, կոնկրետ այս դեպքում, կարողանում է դուրս գալ ռուս-թուրքական շահերի հանգրվանից և Հայաստանի շահերը որոշակիորեն պաշտպանել, ինչը հնարավոր չի լինի առանց այլ դերակատարների մասնակցության:

Սա նշանակում է, որ եթե անգամ Ադրբեջանը ինչ-որ կերպ համաձայներ, միևնույն է՝ Ռուսաստանը ինչ-որ կերպ վիժեցնելու էր այդ գործընթացը:

– Այսինքն՝ Ռուսաստանին բնավ ձեռնտու չէ՞ այս տարբերակով հարցի կարգավորումը:

– Այո՛, Ռուսաստանին դա ձեռնտու չէ, որովհետև ենթատեքստը այլ է, և այդ ենթատեքստում պետք է ոչ թե կարգավորման տարբերակ մտածել, այլ Ռուսաստանին պետք է, որ գործընթացները շարունակվեն մնալ այսպես անկայուն, մինչև իրենք կկարողանան կոմունիկացիոն ճանապարհների հնարավոր այլընտրանքներ ձևավորել կամ վերահսկողության լծակներ ունենալ դրանց վրա Հայաստանի միջոցով:

 – Պարո՛ն Ղևոնդյան, Նիկոլ Փաշինյանի առաջարկը նպատակին կծառայի՞, եթե, ինչպես արդեն նշեցիք, հիմնական նպատակը ենթատեքստերը բացելն էր:

Այն արձագանքները, որոնք գալիս են արևմտյան երկրներից, մասնավորապես, երեկ չորս արձագանք եղավ՝ Ֆրանսիայից, ՄԱԿ-ից, ԱՄՆ-ից և Լատվիայից, ցույց են տալիս, որ Արևմուտքում որոշակիորեն հասկացել են Փաշինյանի միտքը և փորձում են ներառվել այս գործընթացների մեջ: Լատվիայի արձագանքը կուզեի շեշտադրել:

Լատվիան կարծես թե դարձել է հետխորհրդային տարածքում արևմտյան մոտեցումների առաջին փրովայդերը (մատակարար-հեղ.), եթե Բելառուսի հետ կապված էլ ուշադիր լինենք՝ նկատելի է, որ առաջնային խնդիրները Լատվիայի միջոցով են փորձ արվում առաջ բերել և լուծել: Հետաքրքիր է, որ այս դեպքում ևս Լատվիայի կողմից կար արձագանք:

– Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի հրաժարականից հետո ոմանք կարծիք հայտնեցին, որ, հավանաբար, ոչ հայանպաստ գործողություն է կրկին իրականացվելու, ինչի համար էլ Այվազյանը հրաժարական ներկայացրեց: Ձեր կարծիքը:

– Ես նման փաստեր չունեմ, ամենայն հավանականությամբ, նախարարի հրաժարականը կապված է կա՛մ ավելի հարմար թեկնածու գտնելու հետ, քանի որ Արա Այվազյանը նախարար էր նշանակվել այնպիսի ժամանակաշրջանում, երբ ընտրությունն այնքան էլ մեծ չէր, կա՛մ կա ինչ-որ մի գործընթաց, որին արտգործնախարարը համաձայն չէր:

Սակայն չի կարելի միանշանակ պնդել, որ եթե կա այդպիսի գործընթաց, ապա դա ի վնաս Հայաստանի է, գուցե հակառակն է:

Քրիստինե Աղաբեկյան

Medialab