Սահմանը հատելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը բիզնես ենթատեքստ չունի. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի համոզմամբ՝ Հայաստանի սահմանը հատելիս ՊՇՌ թեստի մեթոդով կորոնավիրուսի ախտորոշման անալիզ հանձնելու պահանջը բիզնես ենթատեքստ չունի: Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը՝ այդ պայմանն անհրաժեշտ է համավարակը զսպելու համար:

«Այս մոտեցումն, իհարկե, քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծում, բայց այն անհրաժեշտ է վիրուսի տարածումը կանխելու համար: Աշխարհը փորձում է համավարակի պայմաններում վերադառնալ բնականոն կյանքի: Անհնար է սահմանները տարիներով, ամիսներով փակ պահել, ուստի մարդիկ լուծում են որոնում: Դրանցից մեկը ՊՇՌ մեթոդով թեստավորումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը: