Գեներալ Մովսես Սիլիկյանն իրականում Մոիսեյ Սիլիկով էր. հաղթանակից աքսոր

Գեներալ Մովսես Սիլիկյանն իրականում Մոիսեյ Սիլիկով էր. հաղթանակից աքսոր
Գեներալ Մովսես Սիլիկյանն իրականում Մոիսեյ Սիլիկով էր. հաղթանակից աքսոր

Այս օրերին Հայաստանում նշվում է Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի 100-ամյակը: Այդ հաղթանակում մեծագույն դերակատարում ունի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը: Սակայն քչերին է հայտնի, որ Մովսես Սիլիկյանի իրական անունն ու ազգանունը Մոիսեյ Սիլիկով է և նա ազգությամբ ուտի է:

Մովսես Սիլիկովի դերակատարումը հատկապես մեծ էր Սարդարապատի օրերին: Այստեղ նա ցույց տվեց գեներալ-մայորի (գեներալ-լեյտենանտ կոչումը ստացել է 1919թ.-ին) ողջ տաղանդն ու հմտությունները: Դեռ գնդապետ ժամանակ, 1916 թվականին, Էրզրումի գրավման գործողության ժամանակ, չնայած ռուսական բանակի ղեկավարության արգելքներին, նա անուրանալի դեր ունեցավ գաղթական հայերի փրկության գործում: Նրա անմիջական մասնակցությամբ և նախաձեռնությամբ փրկվեց նաև հայերին պատկանող գույքը:

Երբ 1918թ. մայիսին, գրավելով Ալեքսանդրապոլը, թուրքերը շարժվում էին դեպի Երևան, Մովսես Սիլիկովը ստանձնեց կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների ընդհանուր հրամանատարությունը: Սարդարապատի պաշտպանությունը և Երևանի ուղղությամբ թուրքական հարձակման կասեցումը հանձնարարվեց Սիլիկովին, ով կարողանում էր հմտորեն օգտագործել թևային հարվածը` հակառակորդին ջախջախելու համար: Հենց այդ մարտավարությունն ընկավ հաղթանակի հիմքում: Պատահական չէ, որ մարշալ Հովհաննես Բաղրամյանն իր հուշերում այդքան բարձր է գնահատել նրան ու գրել. «Հարկավոր է ասել, որ գեներալ Սիլիկովն այդ բավականին բարդ իրադրությունում ընդունել է, ես կասեի, տաղանդավոր որոշում․․․ Նա ժամանակի հայ գեներալներից ամենաշնորհալին էր..»:

Սակայն Առաջին Հանրապետության անկումից հետո Սիլիկովին տխուր ճակատագիր էր սպասում:

Խախտելով 1920թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը, բոլշևիկները սկսում են բռնություններ կիրառել շատերի՝ այդ թվում, Հայաստանի Առաջին Հանրապետության բարձրաստիճան զինվորականների նկատմամբ: Նրանց ստիպում են Երևանից ոտքով անցնել 170 կմ ճանապարհ մինչև Աղստաֆա, որտեղից գնացքով տեղափոխում են Բաքու, ապա Ռյազանի համակենտրոնացման ճամբար: Այդ սպաներից մեկն էր նաև Մովսես Սիլիկովը, ով, սակայն, աքսորիից վերադառնում է 1921 թվականի սեպտեմբեր ամսին:

1927 թվականին Սիլիկովը ձերբակալվում է անվտանգության մարմինների կողմից, որոնք չկարողանալով ապացուցել առաջադրված մեղադրանքները՝ օգոստոսին վարչական կարգով նրան աքսորում են Դոնի Ռոստով, սակայն նույն թվականի հոկտեմբերին նրան թույլատրվում է վերադառնալ Երևան։

1935 թ. նոյեմբերի 29-ին ՀԽՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԳԺԿ) պետական անվտանգության վարչությունում տված ցուցմունքում Մովսես Սիլիկովը պարզաբանել է, թե ինչու է որոշ դեպքերում ազգությունը նշել հայ. «քանի որ չէին հասկանումթե ինչ ազգ էուտին»:

1935 թվականի նոյեմբերի 25-ին 74-ամյա Մովսես Սիլիկովը կրկին ձերբակալվում է երրորդ անգամ և ապա 3 ամսից ազատ արձակվում։ Սակայն Սիլիկովը երկար չմնաց ազատության մեջ. 1937 թվականին նա ձերբակալվում է չորրորդ անգամ և նոյեմբերի 16-ին դատապարտում է մահապատժի, որն ի կատար է ածվում նոյեմբերի 22-ին:

Վահրամ Թոքմաջյան

Աղբյուրը՝ sut.am