“Ժառանգություն” կուսակցությունը զորակցում է մարտի 15-ին Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պայքարի այդ ծայրահեղ եղանակով քաղաքացիական ահազանգ է հնչեցնում ողջ հայությանը` անարդարությամբ ու ապօրինությամբ վտանգված մեր պետականության ապագայի համար: Գործող իշխանությունները մեր սերունդների ապագան վտանգել են պետական ներքին ու արտաքին պարտականություններից իրենց փաստացի հրաժարումով եւ դրա փոխարեն իշխանությունը առնվազն յոթ տարով բռնազավթելու խմբային մտադրությամբ:
“Ժառանգություն” կուսակցությունը վերահաստատում է համահասարակական ու համազգային այն պահանջը, որով գործող իշխանությունը եւ նախագահը պետք է ետ շրջեն պետության կուսակցականացման այս վտանգավոր գործընթացը, մեր երկրի համար իրենց իսկ ստեղծած այս արտակարգ դրության պայմաններում գտնեն արտակարգ լուծումներ, այն է` հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ ձեւավորումը` վերադարձնելով հայ ժողովրդին իր ձայնը, ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իր իրավունքը:
Իսկ եթե ոչ, ապա իշխանությունները պարտավոր են իրավաբանորեն ամրագրել իրենց հրաժարումը սահմանադրական պարտականություններից, իսկ հասարակությունն էլ` հանրային սպասումներին համահունչ համախմբած ընդդիմությամբ պետք է տեր կանգնի երկրին, մեր ապագային` վերանվաճելով իր ազատությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը:
16 մարտի 2011թ.