Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետո

Իսպանիայում եռօրյա համազգային սուգ է սկսվել Տոլեդոյի նահանգում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով, որի զոհերի թիվը հասել է առնվազն 68-ի։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է BBC-ն։

«Ողջ Իսպանիան սգի մեջ է։ Կյանքեր են խորտակվել, ընտանիքներ են քայքայվել, ցավն անսահման է»,- հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը։

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան, երբ Մադրիդից Սևիլիա ընթացող արագընթաց գնացքը բախվել է առջևում կանգնած մեկ այլ գնացքի։ Բախման հետևանքով մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել։

Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի խոսքով՝ նախնական տվյալներով՝ վթարին նախորդել է համակարգչային խափանումը։ Չնայած գծի վրա կանգնած գնացքի առկայությանը՝ կառավարման կենտրոնը մյուս գնացքին թույլատրել է շարունակել ընթացքն առանց արագության սահմանափակման։

Փրկարարները ողջ գիշեր աշխատել են աղետի վայրում։ Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել են հարյուրավոր մասնագետներ, օգտագործվում են նաև ուղղաթիռներ և անօդաչու սարքեր։

Սա Իսպանիայում այս տարվա երկրորդ խոշոր երկաթուղային աղետն է։ Հունվարին տեղի ունեցած մեկ այլ բախման հետևանքով զոհվել էր 46 մարդ։

Մոտ 1500 մարդ հավաքվել է Իսպանիայի տրանսպորտի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով վարչապետ Պեդրո Սանչեսի և նախարար Օսկար Պուենտեի հրաժարականը։ Ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։