«ՀՀ երկրորդ նախագահը, փաստորեն, չի հերքում, որ ինքը նախագահական կառավարման համակարգի կողմնակից է: Արձանագրում է, որ մենք եվրոպական միջավայր այդ ուղղությամբ ենք ընթանում եւ տրամաբանական է համարում դա: Նա խոսում է նաեւ հավասարակշռության խախտման մասին: Իրոք, մենք երկրում ունենք նաեւ նման խնդիր, երբ Սահմանադրությունը, օրենսդրությունը մի բան է ասում, բայց իրական կյանքում, իրական հարաբերություններում այլ վիճակ է տիրում: Ինչ-որ առումով կարելի է նաեւ ինքնախոստովանություն համարել այս գնահատականները»,- Aravot.am-ի հետ զրույցում անրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի այսօր տված հարցազրույցին, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Մեր խնդրանքով անրադառնալով Ռոբերտ Քոչարյանի` մեծամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ դիտարկումներին, մասնավորաբար, այն հայտարարությանը, թե իր նախագահության տարիներին չհաջողեց վերացնել մեծամասնական ընտրակարգն ամբողջությամբ, քանի որ իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ այդ ընտրակարգով եւ պատասխանելով դիտարկմանը` ո՞վ էր իշխանությունը, եթե ոչ նախագահն ու նրան սատարող ուժերը, Աղվան Վարդանյանն ասաց. «Բնականաբար, խոսքը իր ժամանակի իշխանության մասին է խոսքը: Այո, եղել են դրական առումով փոփոխություններ, բայց մինչեւ վերջ չեն գնացել: Եթե երկրորդ նախագահն այսօր է ասում իշխանության այդ ֆորայի մասին, ապա մենք 10-15 տարի է նույն բանն ասում ենք: Ասում ենք` չի կարելի 100 մետր վազքում մրցել, եթե դու սկսում ես 41 մետրից, իսկ մյուսները պետք է գան ու քեզ հասնեն: Ակնհայտ է, որ սա ֆորա է»: