«Հո իրանց հավակնություններո՞վ չի, հո չե՞ն գալու մեր տարածքը գրավեն, իհարկե չի կարող նման բան լինել». պատգամավորը՝ Սյունիքից

Մայիսի 12-ի առավոտյան, պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Մինչ այդ լրատվամիջոցները հաղորդել էին «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին», որը, սակայն ՊՆ-ն հերքեց:

Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը Սյունիքից ընտրված իշխանական պատգամավորներից է, «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց, որ այս պահին Սյունիքի մարզում է և հետևում է դեպքերի ընթացքին:

«Այս պահին ես Սյունիքի մարզում եմ, և կրակոցների, հակառակորդի հարձակումների ու վիրավորների առկայության մասին տեղեկությունները, վստահեցնում եմ, իրականությանը չեն համապատասխանում: Նման բան տեղի չի ունեցել: Պարզապես սահմանի ճշգրտման հետ կապված քննարկումներ են», -հավելեց Համբարձումյանը:

Դիտարկմանը, թե Սյունիքի նախկին մարզպետը հայտարարել է, որ Իշխանասարի հատվածում հայկական ստորաբաժանումների հենակետը շրջափակման մեջ է հայտնվել, պատգամավորն արձագանքեց. «Տարբեր աղբյուրներից, պատասխանատու սպաների հետ մենք կապի մեջ ենք: Ոչ մի շրջափակված հենակետ կամ զինվորական սպա չկա: Այս պահին իմ փոխանցած տեղեկությունը լիովին համապատասխանում է իրականությանը»:

Պատգամավորը հերքեց նաև Սյունիքի տարածաշրջանից տղամարդկանց հավաքագրման մասին տեղեկությունները. «Ո՛չ, ո՛չ, նման բան չկա: Այս պահի դրությամբ սահմանների երկկողմանի ճշգրտումներ, քննարկումներ են ընթանում»:

Հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը հավակնություններ ցուցաբերում Վերիշենի, Սև լճի հատվածին, և հնարավո՞ր է, այդուհանդերձ, դրանք զիջվեն, Համբարձումյանը արձագանքեց.

«Հո իրանց ուզելո՞վ չի, հո իրանց հավակնություններո՞վ չի, հո չե՞ն գալու մեր տարածքը գրավեն: Հո հավակնություններո՞վ չի: Իհարկե չի կարող նման բան լինել: Ես ինքս, անհրաժեշտության դեպքում, որպես ծնունդով սիսիանցի, պատրաստ եմ պաշտպանել մեր սահմանները: Բայց այս պահին մեր բանակն այդ խնդիրը չունի: Հիմա քննարկումներ են բանակի մասնակցությամբ, սպասենք դրանց ավարտին»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am