«Արմեն Գրիգորյանն այդ հայտարարությամբ լեգիտիմացրել է Ադրբեջանի ողջ պահվածքը վերջին շրջանում, նաև մոտ ապագայում». Տիգրան Գրիգորյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, արտաքին քաղաքական դաշտում վերջին օրերին տեղի ունեցող հանդիպումները, հայտարարություններն ինչպե՞ս եք գնահատում։

– Եթե նկատի ունեք Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների այցը Իրան, ապա ասեմ, որ դա հայտնի ձևաչափ է, այդպիսի հանդիպումներ տեղի են ունենում վերջին տարիներին այսպես կոչված Աստանայի ձևաչափով, որտեղ տարածաշրջանային այդ երեք տերությունները փորձում են ընդհանուր հայտարարի գալ կամ, ընդհանրապես, հասկանալ միմյանց դիրքորոշումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։

Այս հանդիպումը ևս, ամենայն հավանականությամբ, նվիրված էր ավելի շատ Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին, քան Հարավային Կովկասին վերաբերող հարցերին։ Հարավային Կովկասին վերաբերող հարցերից երևի կարելի է առանձնացնել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հետ կապված քննարկումները, վստահաբար, առնվազն Ռուսաստանն ու Իրանն այդ հարցը քննարկել են։ Այսօր, օրինակ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Լավրովի ու Բայրամովի միջև, որի ժամանակ նաև այս հարցն են քննարկել։

– Հաշվի առնելով Իրանի հոգևոր առաջնորդի թվիթերյան գրառումը՝ կարծում եք՝ կոմունիկացիաների բացման հարցում այդ երեք տերությունները միակարծի՞ք են, թե՞ Իրանն այլ դիրքորոշում ունի։

– Կարծում եմ՝ բոլոր երկրների դիրքորոշումներում որոշակի տարբերություններ կան։ Ռուսաստանը կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, բայց ես չէի ասի, որ նա այդպես միանշանակորեն կողմ է միջանցքի տրամադրմանը այն տեսքով, որով պատկերացնում է Ադրբեջանը կամ Թուրքիան (պարզ է, որ այս գործընթացում Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին)։

Իրանի համար կարևոր է, որ Հայաստանը շարունակի վերահսկողություն ունենալ հարավային սահմանի նկատմամբ, ինչպես տեսանելի է այդ գրառման մեջ, Իրանի հոգևոր առաջնորդը կարևորել է հատկապես Իրան-Հայաստան հաղորդակցության կայուն պահպանումը ու նաև սահմանի պահպանությունը, ինչը բնական է։

– Պարո՛ն Գրիգորյան, իսկ այդ կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը կողմերը կանեն արագացվա՞ծ տեմպերով, թե՞ դեռ որոշ հանգամանքներ կան պարզելու։

– Դե, փաստն այն է, որ Ռուսաստանը հիմա շատ է հետաքրքրված ապաշրջափակման գործընթացով, որովհետև արևմտյան պատժամիջոցների պատճառով Մոսկվային այլընտրանքային շուկաներ ու երթուղիներ են պետք: Այդ առումով, կարծում եմ՝ Մոսկվան փորձելու է ճնշում գործադրել կողմերի վրա, միգուցե առաջին հերթին՝ Հայաստանի, որպեսզի այս հարցում ինչ-որ լուծումների հասնեն։ Հայ-ադրբեջանական համատեքստում առկա երեք գործընթացներից սա այն գործընթացն է, որից կարելի է ինչ-որ արդյունքներ ակնկալել։

– Ձեր նշած ճնշումը հնարավո՞ր է, որ լինի Սյունիքով անցնող «միջանցքի» մասով, բայց ոչ թե այն տեսքով, որով Ադրբեջանն է ուզում, այլ՝ Ռուսաստանի պատկերացրած ձևով։

– Մեծ հաշվով, սեղանին դրված ներկայիս տարբերակը ձեռնտու է Ռուսաստանին, այսինքն՝ այդ տարբերակով սահմանին ռուս սահմանապահներ պետք է լինեն, ադրբեջանական բեռնատարները ևս պետք է ուղեկցեն ինչպես հայ, այնպես էլ ռուս զինծառայողներ կամ այլ ծառայողներ։ Ռուսաստանի պատկերացրած տարբերակը սա է, Ադրբեջանը մի փոքր ավելին է ուզում, բայց տեսնենք, հիմա ռուս-ադրբեջանական հարաբերություններում էլ է մեղրամիս նկատվում, ու հնարավոր է, որ Ռուսաստանը այս հարցում նույնիսկ ինչ-որ զիջումների գնա Ադրբեջանին։

– Իսկ այդ դեպքում Իրանի դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի։

– Չեմ կարծում, թե Իրանը դեմ կլինի այն տարբերակին, որը հիմա կա սեղանին։ Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչ իրական գործողությունների կարող է դիմել Իրանը, առավելագույնը, երևի կրկին կլինի ինչ-որ ուժի ցուցադրություն, ինչպես եղել է պատերազմի ժամանակ։

– Արցախյան հակամարտության կարգավորման մասով ի՞նչ զարգացումներ ակնկալել։

– Այստեղ կա մեկ տարբերակ․ կա՛մ Հայաստանն ամբողջովին հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ հարց քննարկելուց ու ստորագրում է այդ խաղաղության պայմանագիրը, կա՛մ գործընթացն առաջ չի շարժվելու, որովհետև Ադրբեջանի դիրքորոշումն այնքան մաքսիմալիստական է, որ դժվար է ինչ-որ քիչ թե շատ ողջամիտ լուծումներ ակնկալել այդ հարցում։

– Պարո՛ն Գրիգորյան, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի վերջին հայտարարությունը, որ սեպտեմբերից Արցախում այլևս հայկական զինուժ չի լինելու, տարբեր կերպ մեկնաբանվեց։ Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը ու համաձա՞յն եք այն տեսակետին, որ այդ հայտարարությամբ «ապացուցվեց, որ այս իշխանությունը վերջնականապես հրաժարվեց Արցախից»։

– Նախ սկսենք նրանից, որ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը․ Արցախում Հայաստանի զինված ուժերի որևէ ստորաբաժանում չկա, կա ժամկետայինների մի փոքր խումբ, որոնք դեռ չեն հասցրել զորացրվել: Այդ խումբը ևս կզորացրվի, ու Հայաստանից որևէ ռազմական ներկայության մասին խոսելը Լեռնային Ղարաբաղում անիմաստ է դառնալու։

Արմեն Գրիգորյանի այդ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, նպատակ ուներ արձագանքելու Ադրբեջանի սպառնալիքներին, բայց արդյունքում ավելի լուրջ խնդիրներ ստեղծեց, որովհետև այդկերպ հաստատվեց ադրբեջանական քարոզչամեքենայի այն բոլոր պնդումները, որ պատերազմի ավարտից հետո հայկական ուժերը շարունակում են գտնվել Արցախում, մի խոսքով՝ չափազանց վտանգավոր ու խնդրահարույց հայտարարություն էր։

Չեմ կարծում, թե այդ հայտարարությամբ Հայաստանն ինչ-որ բանից հրաժարվում է, բայց ոչ կոռեկտ, ոչ պրոֆեսիոնալ հայտարարություն է, որն ապագայում կարող է շատ լուրջ խնդիրներ ստեղծել մեզ համար։

– Կմանրամասնե՞ք՝ ինչ վտանգների մասին եք խոսում։

– Այդ հայտարարությամբ լեգիտիմացվել է Ադրբեջանի ողջ պահվածքը վերջին շրջանում, նաև մոտ ապագայում։ Այսինքն՝ եթե մեկ տարի շարունակ հայտարարում ես, թե դու Արցախում զորք չունես, հետո մի գեղեցիկ օր ասում ես՝ զորքեր եղել են, հիմա նոր ուզում ենք դուրս հանել, ապա պարզ է, որ Ադրբեջանի համար շատ ավելի հեշտ է լինելու միջազգային հանրությանը իր տեսլականը ներկայացնել։

Երկրորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանը նպատակ ունի պաշտպանության բանակը զինաթափելու, այլ ոչ թե ժամկետայինների վերադարձը Հայաստան: Ադրբեջանը հետևողականորեն փորձելու է հասնել այդ նպատակին, ու այս կարգի հայտարարությունները ևս օգնելու են նրան հասնելու այս նպատակին։

Երրորդ՝ Ադրբեջանը կարող է փորձել նաև ինչ-որ վերիֆիկացիայի մեխանիզմներ ներդնել: Այսինքն՝ օդում հայտարարել, թե սեպտեմբերից զորքեր ենք հանելու, ու մտածել, թե Ադրբեջանը հեշտ հանդարտվելու է ու պահանջներ չի հնչեցնի, միամտության վերջին աստիճանն է։ Ադրբեջանը կփորձի երևի միջազգային մեխանիզմներ ներդնել Արցախում՝ զինված ուժերի վիճակի վերահսկողություն իրականացնելու նպատակով։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am