Տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազում է․ լա՞վ է, թե՞ վատ․ fip.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6-ին ֆեյսբուքյան իր էջում, պատասխանելով օգտատերերի հարցերին, անդրադարձ կատարեց նաև առևտրային բանկերի միջոցով արտերկրից դեպի Հայաստան փոխանցվող գումարներին՝ տրանսֆերտներին։

«Մեր երկրի տրանսֆերտային կախվածությունը վերջին տարիներին էականորեն նվազել է, և 2019-ին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 3․7 տոկոսը։ Համեմատության համար՝ 2014-ին նույն ցուցանիշը եղել է 10․5 տոկոս, իսկ 2013-ին՝ 13 տոկոս»,- հայտարարեց Փաշինյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ցույց տալ վերջին տարիներին արտերկրից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղարկվող դրամական միջոցների շարժը և հասկանալ, թե որքանով է այն կապված տնտեսության հետ։

Այսպես, ըստ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող հաշվետվության՝ 2013 թվականին դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ փոխանցված դրամական միջոցների տարբերությունը՝ զուտ ներհոսքը, կազմել է 1450 մլն դոլար, որից հետո այն սկսել է հաստատուն կերպով նվազել։ Բացառություն է եղել 2017 թվականը, երբ 2016 թվականի 715 մլն դոլարի փոխարեն այդ տարի զուտ ներհոսքը կազմել էր 766 մլն դոլար՝ աճելով մոտ 50 մլն դոլարով։

Ընդհանրապես, դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղարկված դրամական միջոցների ամենամեծ տարբերությունն արձանագրվել է 2013 թվականին՝ 1450 մլն դոլար։ Այդ թվականին Հայաստան ուղարկված տրանսֆերտները կազմել էին 2302 մլն դոլար, իսկ Հայաստանից արտերկիր փոխանցվել էր ընդամենը 852 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2019-ին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 504 մլն դոլար։

Առևտրային բանկերի միջոցով Հայաստան ուղարկված մասնավոր դրամական փոխանցումների, Հայաստանից դեպի արտերկիր ուղարկված դրամական միջոցների և դրանց տարբերության պատկերը ներկայացված է գրաֆիկում։

Տրանսֆերտներ
Infogram

Ինչպես տեսնում ենք, Հայաստան ուղարկված դրամական միջոցները չունեն հստակ արտահայտված նվազման կամ աճի միտում, մինչդեռ Հայաստանից արտերկիր փոխանցվող գումարները տարեցտարի աճել են, իսկ վերջին 2 տարիներին հատել են 1 մլրդ դոլարի սահմանը։ Սա հիմնականում պայմանավորված է այդ ժամանակահատվածում արտերկրից մեծ քանակությամբ ավտոմեքենաների ներմուծմամբ։

Բնականաբար, սա հանգեցրել է տրանսֆերտների զուտ ներհոսքի նվազման։ Եվ եթե հաշվի առնենք ՀՆԱ-ի շարունակական աճը, ապա տրամաբանական է, որ զուտ ներհոսք/ՀՆԱ հարաբերակցությունը տարեցտարի նվազել է, ինչի մասին և հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես տեսնում ենք գրաֆիկում, զուտ ներհոսքի մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում  վերջին տարիներին ակնհայտ նվազման միտում ունի, և ինչպես նշեցինք վերևում, այս ցուցանիշի նվազումը միանգամայն օրինաչափ է։

Սակայն կարևոր է նշել, որ զուտ ներհոսք/ՀՆԱ հարաբերակցությունը տնտեսության բնութագրիչ չի համարվում։ Լա՞վ է այս ցուցանիշը, թե՞ վատ՝ միանշանակ դժվար է ասել, քանի որ դրա նվազումը մի կողմից խոսում է երկրից կապիտալի արտահոսքի աճի մասին, իսկ մյուս կողմից սա երկրի տնտեսության՝ արտերկրից փոխանցվող դրամական միջոցներից կախվածության թուլացման վկայություն է։

Ամփոփելով՝ փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված՝ զուտ ներհոսք/ՀՆԱ հարաբերակցությունը, իսկապես, նախորդ տարի կազմել է 3․ տոկոս, սակայն տարօրինակ է համեմատությունը 2013 և 2014 թվականների ցուցանիշի նկատմամբ։

Ուսումնասիրելով վերջին տարիների ցուցանիշները՝ պարզ է դառնում նաև, որ սկսած 2013 թվականից՝ այն նվազում է, սակայն նվազման տեմպը դանդաղել է հենց վերջին տարում։

fip.am

Սևադա Ղազարյան