Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կապիտալ ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 215 մլրդ դրամ

Հայաստանում 2021 թվականի համար բյուջեի նախագծով նախատեսված կապիտալ ծախսերի չափը գերազանցում է կապիտալ ծախսեր իրականացնելու համար երկրի՝ պատմական միջին կարողությունը, նախատեսված միջոցների չափը կազմում է 215 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«2021 թվականի բյուջեի նախագծում կապիտալ ծրագրերի համար նախատեսված միջոցների չափը կազմում է 215 մլրդ դրամ կամ կանխատեսվող համախառն ներքին արդյունքի 3.2 տոկոսը: Դա գերազանցում է մեր երկրի պատմական միջին կարողությունը՝ կապիտալ ծախսեր իրականացնելու համար: Այսինքն՝ մի փոքր ավելի բարձր շեմ է վերցված, քան մենք պատմականորեն միջինում կարողացել ենք կապիտալ ծախսեր իրականացնել»,-ասաց նախարարը:

Բացի կոնկրետ բյուջեով նախատեսված 215 մլրդ դրամից, 2021 թվականի բյուջեում դրվել է նաև մի միջանկյալ լուծում: Առանձին  հավելվածով առաջարկվել է կապիտալ ծրագրերի առաջնահերթություններ հանդիսացող ծախսերի ցանկ: Դա նշանակում է, որ հնարավոր կլինի տարվա ընթացքում վերանայել, վերաբաշխումներ կատարել:

Անդրադառնալով բյուջեի նախագծի ընդհանուր տրամաբանությանը՝  նախարարը նշեց՝ միանշանակ կանգ են առել այն որոշման վրա, որ նույնիսկ ամենաանորոշ իրավիճակում շատ ավելի լավ է ունենալ որևէ ծրագիր, քան ընդհանրապես թույլ տալ, որ գործողություններն ու իրադարձությունները զարգանան ինքնաբերաբար, այլ կերպ ասած՝ գործընթացների վրա ազդող լինել, քան սպասել իրադարձությունների զարգացմանը և փորձել դրանց հակազդել: Հենց այս տրամաբանությունն է ընկած եղել բյուջեի նախագծի մշակման հիմքում:

Անորոշության աստիճանը չափազանց բարձր է, բայց նույնիսկ այս պարագայում օգտագործվել է այն տեղեկատվությունը, որը հասանելի է եղել: Օգտագործվել է ժամանակակից և արդիական գնահատվող լավագույն մեթոդաբանությունը՝ կանխատեսելու թե մակրո և թե բյուջետային շրջանակը: Նպատակադրվել է տնտեսական աճի վերականգնումը և պոտենցիալի մեծացումը: «Տնտեսական աճի պոտենցիալին միտված գործողություններն այլընտրանք չունեն, որովհետև երկրի առջև ծառացած խնդիրների տեսակետից՝ լավագույն լուծումների հասնելու միակ ճանապարհն ավելի լավ տնտեսություն ունենալն է: Իսկ ավելի լավ տնտեսություն ունենալ հնարավոր է ոչ թե միանվագ գործողություններով, այլ տնտեսական աճի պոտենցիալի մեծացմամբ»,-ասաց Ջանջուղազյանը: