ԱՄՆ-ը ծրագրում է սկսել պարտադիր պատվաստումների արշավ

Կորոնավիրուսի Դելտա անվանումը կրող ենթատեսակը շարունակում է ԱՄՆ-ում ամեն շաբաթ հազարավոր մարդկանց կյանքեր խլել: Եվ որպես համավարակի դեմ պայքարն ուժգնացնելու միջոց, այստեղ ուժի մեջ են մտնում պարտադիր իրագործելի նոր պահանջներ մեծ ընկերությունների, առողջապահության բնագավառի ու դաշնային կառավարության աշխատակիցների համար, գրում է Ամերիկայի ձայնը:

‘’Աշխատանքի նախարարությունը պատրաստում է արտակարգ իրավիճակների համար նոր կանոնների փաթեթ, ըստ որի հարյուրից ավելի աշխատակիցներ ունեցող բոլոր ընկերություններում, որոնք միասին ունեն ութսուն միլիոն աշխատողներ, բոլոր անձինք պիտի լինեն պատվաստված, կամ էլ շաբաթը մեկ անգամ պիտի ներկայացնեն թեստի բացասական պատասխան’’, հայտարարել է նախագահ Ջո Բայդենը:

Պատվաստումների հարցով սա Բայդենի կողմից ցուցաբերված ամենախիստ մոտեցումն է, որը նախատեսում է նաեւ մինչեւ 14 հազար դոլարի տուգանք այն աշխատակիցների համար, որոնք հրաժարվում են ենթարկվել այս կանոնին: Համաճարակաբանները լիովին են աջակցում այս որոշումը:

Ինչպես Վանդերմիլթի համալսարանի բժշկական դպրոցից Ուիլյամ Շաֆներն է ասում, ‘’Մենք պատերազմի մեջ ենք քովիդ հիվանդության դեմ, սակայն այդ պատերազմին մեր կողմից պայքարել են միայն կամավորականները: Խոսքը պատվաստման ենթարկված անձանց մասին է: Սակայն Դելտա տարատեսակով այս թշնամին ամրապնդում է իր ուժերը, որի դեմ պարտավոր ենք սկսել զորահավաք’’, փոխաբերական իմաստով ասում է պրոֆեսորը` նկատի ունենալով պարտադիր պատվաստումները:

Համավարակի դեմ Բայդենի այս ծրագրով նախատեսվում է պատվաստման ենթարկել առնվազն 100 միլիոն ամերիկացիների: Սակայն այստեղ եւս կան մարդիկ, ովքեր կարծում են, որ պարտադրանքը հակասահմանադրական է: Ոմանք նրան նույնիսկ անվանում են բիզնեսի սեփականատերերի գլխավոր թշնամի:

Սակայն, ինչպես ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնն է հայտարարում, արդեն ժամանակն է մտածել խթանիչ չափաբաժին կիրառելու մասին: Երկրի նախագահն էլ տեղեկացնում է, որ արդեն իսկ գնել են այդ հավելյալ չափաբաժինները:

Չնայած այն հանգամանքին, որ ԱՀԿ-ը կոչ է անում հարուստ երկրներին դեռեւս հետաձգել երրորդ չափաբաժնի կիրառումը, որպեսզի առաջին երկու չափաբաժինները ստանալու հնարավորություն տրվի աղքատ երկրներին, Բայդենը հայտարարում է, որ ԱՄՆ-ը արդեն իսկ 140 միլիոն չափաբաժին է նվիրաբերել 90 երկրների: Նա շուտով ներկայացնելու է այլ երկրների հավելյալ չափաբաժիններ նվիրաբերելու իր վարչակազմի նոր ծրագիրը: