Աստիճանները հարթ չեն, օդը՝ սառը: Աղոտ լուսավորությանը խառնվում է հողի ու խոնավության հոտը, և թվում է՝ իջնում ես միջնադարյան դղյակ կամ էլ զնդան:
Մեկ աստիճան, երկու, երեք…. Տասը, քսան…
Թույլ լամպերով լուսավորված լաբիրինթոսանման դղյակ-թագավորությունում հեշտ է մոլորվելը, եթե ուղեկցող չունես:
2 տասնյակ մետր վերին աշխարհից ներքև՝ գետնի տակ, սկիզբ է առնում մի ուրիշը:
Երևանին կից Առինջ գյուղի տներից մեկի տակ ամփոփված է վարպետ Լևոնի 23-ամյա տքնաջան աշխատանքի արդյունքը` 21 մետր խորությամբ իջնող գետնափոր լաբիրինթոսը, որը վարպետը, ինչպես ինքն էր սիրում կրկնել` Աստծո թելադրանքով էր կառուցել:
Լևոն Առաքելյանը չորս տարի առաջ է մահացել, սակայն վարպետին համակած տենդը, որը երկու տասնամյակից ավելի հանգիստ չէր տալիս նրան, մինչ օրս էլ դեռ անհասկանալի է նրա կնոջ` Տոսյա Ղարիբյանի համար:
1985- ի ձմռանը Լևոնի կինը՝ տիկին Տոսյան, ամուսնուն խնդրեց կարտոֆիլի հոր փորել, որպիսի ձմռան պաշար կարտոֆիլը մինչև գարուն լավ մնա և չծլի:
«Մի բան խնդրեցի ու կրակն ընկա, դրանից հետո էլ երևի մի հազար անգամ փոշմանեցի, որ նման բան եմ խնդրել»,- պատմում է տիկին Տոսյան` հիշելով, որ դրանից հետո Լևոնն էլ «դուրս չի եկել փոսից` մոռանալով ամեն ինչ»:
Կինը պատմում է, որ ամուսնուն այդ քայլին է մղել Ռուսաստանում տեսած տեսիլքը, երբ մշուշի միջից մի ձայն վարպետին ասել էր` հրաշք պիտի գործես, չվախենաս հիվանդությունից, քո աչքին պատկերներ կգան, դրանք կկատարես:
Լևոնը մառանի մի անկյունում տեղ հարմարեցրեց և սկսեց աշխատել: Մոտավորապես 80 սմ էր փորել, դեմ առավ բազալտե կարծր քարի: Փորձեց քիչ կողք փորել, սակայն այդ կողմում ևս նույնն էր:
Այդ պահից ի վեր Առաքելյանների համար «չարաբաստիկ» կարտոֆիլի հորի պատմությունը դարձավ ոչ միայն ճակատագրական, այլև մի քիչ էլ «պատմական»:
Հրաժարվելով հարևանների օգնությունից, ժամանակակից տեխնիկա օգտագործելուց՝ ինքն էլ չհասկանալով ինչ մղումով, այն ժամանակ 44-ամյա Լևոնը կարծր քարի հետ մենամարտը սկսեց մի սուր հատիչով և 5 կգ-անոց մուրճով:
Տիկին Տոսյան պատմում է, որ ամուսինը օրական 17 ժամ էր աշխատում, ծանոթներից շատերը նույնիսկ մտածում էին, որ նա խենթացել է:
Կնոջ խոսքով` ամուսնու գործը հատկապես անհամատեղելի էր ընտանիքի հոգսերի հետ 90-ականներին, երբ մի կերպ էին ծայրը ծայրին հասցնում, ու միշտ նախատում էր ամուսնուն, որ, աշխատանքը մոռացած, փոսից դուրս չէր գալիս:
Լևոնը դարձավ մոլի գետնափոր, իսկ կինը, բախտն անիծելով, սկսեց աշխատանք փնտրել, որ կարողանա ամուսնուն ու չորս երեխաներին պահել:
Սակայն տարիների հետ թագավորությունն ընդարձակվեց, հետաքրքրությունը ավելացավ: Տիկին Տոսյան էլ սկսեց քիչ-քիչ համակերպվել իր կյանքի հետ:
Նա սկսեց նույնիսկ խնամքով հավաքել այն ամենը, ինչ կապված էր ստորգետնյա թագավորության պատմության հետ. մի քանի մեծ գիրք-մատյաններ, որի մեջ նշանավոր և հասարակ այցելուներն իրենց հիացմունքն են հայտնել վարպետի մտահղացման ու աշխատանքի վերաբերյալ: Պատերին՝ պատվոգրեր են ու հիացական նամակ-բանաստեղծություններ՝ շրջանակների մեջ վերցված:
Աչքի զարնող մի տեղում ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Քրմուհի» ֆիլմի հրավերն է Լևոնին ու Տոսյային:
Ֆիլմի նկարահանումները մի ամիս տեղի են ունեցել վարպետ Լևոնի ստեղծած աշխարհում: Մի ամիս շարունակ, ըստ Լևոնի, դերասան-քրմերը հավաքվել են ներքևում: Ու նկարահանվել են դրվագներ այն ֆիլմից, որը դիտելով մարդիկ կհայտնվեն հին ձեռակերտ մի աշխարհում՝ ստեղծված մեր օրերում:
Իսկ վարպետ Լևոնի տիտանական աշխատանքը, ինչպես և նրա կենդանության օրոք, այնպես էլ այժմ շարունակում է զարմացնել այցելուներին: Գետնափոր լաբիրինթոսը յոթ սենյակներից է բաղկացած, դրա տարբեր մասերում խաչեր են փորագրված` վկայելով հեղինակի անսահման հավատի մասին:
Քարին սիրահարված ու մինչև վերջին շունչը քարի հետ կապված վարպետի գործը այժմ կնոջ եկամտի աղբյուրն է: Կինը ամուսնու աշխատանքը զբոսաշրջիկներին ու տեղացիներին ցուցադրելու համար որոշակի գումար է գանձում նրանցից: Իսկ այցելուներին մնում է միայն հիանալ մարդկային անսահման համառության, համբերության և խենթության այս հայկական դրսևորմամբ:
Լուսանկարում` Լեւոն Առաքելյանը
Ֆոտոպատմությունն` այստեղ
© Medialab.am