Որքա՞ն պետք է սպասեն տեղահանված արցախահայերը կենսաթոշակ ու նպաստ ստանալու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թոշակների ու նպաստների հարցն առաջին օրվանից քննարկման փուլում է, լրացուցիչ հայտարարություն կտրվի, այս պահին թեմայի վերաբերյալ այլ   մեկնաբանություն չունենք: «Մեդիալաբին» այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ չնշելով հստակ ժամկետներ, թե երբ կավարտվեն այդ քննարկումները:

Սեպտեմբերի կեսերից բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված արցախցիները չեն ստացել ո՛չ կենսաթոշակները, ո՛չ նպաստները, ո՛չ էլ աշխատավարձերը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի շենքի դիմաց էին հավաքվել դժգոհող արցախահայերը, որոնք այդպես էլ իրենց հարցերին հուզող պատասխանները չստացան:

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի սկզբին արցախցիների աջակցության ծրագրերի մասին խոսելիս անդրադարձավ նաև կենսաթոշակներին, ընդգծեց՝ իրավական խնդիր կա՝ կախված նրանց բռնի տեղահանվածի և փախստական լինելու կարգավիճակի հետ։ Կարգավիճակի հարցով պետք է լուծում գտներ Կառավարությունը՝ Փաշինյանի խոսքով, բայց լուծումն ուշանում է կամ  կարծես թե չկա:

«Կարգավիճակին և աշխատավարձերին վերաբերող հարցերը մեր տիրույթում չեն»,-«Մեդիալաբին» ասաց Զառա Մանուչարյանը:

ՔրիստինեԱղաբեկյան

MediaLab.am