«Միկոյանը իր գործունեության առաջին իսկ օրերից եղել է պատեհապաշտ ու ազգուրաց անձ». Արա Պապյան

«Միկոյանը իր գործունեության առաջին իսկ օրերից եղել է պատեհապաշտ ու ազգուրաց անձ». Արա Պապյան
«Միկոյանը իր գործունեության առաջին իսկ օրերից եղել է պատեհապաշտ ու ազգուրաց անձ». Արա Պապյան

Հունիսի 10-ին Երևանում տեղի ունեցան քննարկումներ նվիրված բոցաշունչ ստալինիստ Անաստաս Միկոյանի գործունեությանը: Ստորև ներկայացնում ենք Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանի ելույթը այդ քննարկման ժամանակ:

Անաստաս Միկոյանի հակահայկական գործունեությունը 1919-1920թթ.
(ըստ արխիվային երկու փաստաթղթի)

Ընդհանրապես, երբ խոսվում է բոցաշունչ ստալինիստ Անաստաս Միկոյանի մասին, նրա գործունեության բացասական կողմերը հիմնականում ժամանակագրկան առումով կապվում են 1930-ականների հետ: Այսինքն, փորձ է արվում նենգափոխելով պատմությունը ցույց տալ՝ իբր Միկոյանը հայրենասեր հայ և կոմունիզմի գաղափարի նվիրյալ մարտիկ է եղել, պարզապես հանգամանքների բերումով 1930-ականներին ստիպված է եղել հանցակից դառնալ մի քանի տասնյակ միլիոն մարդու աքսորվելուն և մի քանի միլիոն մարդու գնդակահարվելուն: Բնավ այդպես չէ:

Պահպանված արխիվային փաստաթղթերը վկայում են, որ Անաստաս Միկոյանը իր գործունեության առաջին իսկ օրերից եղել է պատեհապաշտ ու ազգուրաց անձ, չի խորշել որևէ քայլից անգամ իր կուսակցական մրցակիցներին չեզոքացնելու համար, հետևողականորեն հանդես է եկել հայոց պետականության և հայկական հարցի հայանպաստ լուծման դեմ: Ավելին, նա այնքան է ատել սեփական ժողովրդին, որ ամեն ինչ արել է մինչևիսկ ինքնուրույն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը լուծարելու և այն Ռուսաստանի կոմունիստական (բանվորական) կուսակցության բաղկացուցիչ մաս դարձնելու համար: Նախ խոսենք Միկոյանի կյանքի այս դրվագի մասին վկայակոչելով փաստաթղթերը:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ստեղծվել է 1918թ. հունվարին, Թուրքահայաստանի մասին դեկրետից (29.12.1917թ.) անմիջապես հետո, և նպատակ է ունեցել աշխատանք ծավալել արևմտահայության շրջանում՝ ի նպաստ վերոհիշյալ դեկրետի կենսագործման: Քանի որ Միկոյանը, որն այդ ժամանակ Ռուսաստանի, կրկնում եմ Ռուսաստանի և ոչ Հայաստանի, կումունիստական կուսակցության Կովկասի երկրամասային կոմիտեի ներկայացուցիչն էր և Հայաստանի կոմունիստական կուսակցության մեջ տեսնում էր մրցակից կազմակերպություն, ապա հայաստանցի կոմունիստներին մեղադրելով նացիոնալիզմի մեջ, հասնում է այդ կազմակերպության լուծարմանը: Ստորև մի հատված 1919թ. հոկտեմբերի 21-22-ին Աստրախանում կայացած հայ կոմունիստների ժողովի արձանագրությունից.

«Тов. Микоян говорит о практической и принципиальной необоснованности К. П. А. … Характерно, говорит т. Микоян, что большинство членов К.П.А. за редким исключением, люди сомнительные, в смысле революционной стойкости … В большинстве все те члены К.П.А., которые прибывают из центра на Кавказ, наделены бывает националистическим багажем.
Заканчивая свой доклад, т. Микоян вновь подчеркивает, что К.П.А. имеет национальные тенденции и ее существование вредно и излишне.» 

Այս քայլի տրամաբանությունը ավելի պարզ է դառնում, երբ կարդում ենք Հայաստանի կոմկուսի լուծարմանը հաջորդած Միկոյանի նամակը՝ հասցեագրված Լենինին: Նա մասնավորապես գրում է. «Кавказский Краевой Комитет просит Ц.К. нашей партии не субсидировать средствами ни одну организацию, обращающуюся помимо К. Кр. Комитета (Кавказского Краевого Комитета). Այս տողերից ակնհայտ է, որ Միկոյանը պարզապես փողի կռիվ էր տալիս և չէր ուզում փողը կիսել այլ կոմունիստների հետ: 
Այսպիսով, Անաստաս Միկոյանի խարդավանքների պատճառով 1919թ. հոկտեմբերից դադարում է գործել ինքնուրույն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը և դրա փոխարեն 1920թ. հունվարին ստեղծվում է Ռուսաստանի, կրկնում եմ Ռուսաստանի, կոմունիստիկան (բանվորական) կուսակցության հայաստանյան ստորաբաժանումը, որպես ռուսաստանյան կուսակցության զուտ տարածքային միավոր: Ինչպես գիտեք, այս կառուցվածքը գործել է մինչև 1991թ: Այսքանը, Միկոյանի «ազնիվ կոմունիստ» լինելու մասին: 

Հիմա մի քանի խոսք Միկոյանի գործունեության մեկ այլ ոլորտի մասին, որն ավելի սոսկալի է: Դա Անաստա Միկոյանի գործունեությունն է ընդդեմ Հայաստանի պետականության և Հայկական հարցի: 
1919թ. հոկտեմբերին չեզոքացնելով Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, այսինքն ռուս կոմունիստներին զրկելով այլընտրանքային տեղեկատվական աղբյուրից, Միկոյանը, օգտագործելով տեղեկատվության վրա իր մենաշնորհը, ձեռնամուխ է լինում Հայկական հարցի նկատմամբ այդ ժամանակվա ռուս կոմունիստների հայանպաստ դիրքորոշումը պրոթուրքական դիրքորոշմամբ փոխելուն: Ես պարզապես հատվածներ կկարդամ նրա К КАВКАЗСКОМУ ВОПРОСУ զեկույցից և կթողնեմ, որ դուք անեք հետևությունները: 

Խոսելով այն մասին, որ Ռուսաստանի կոմկուսը նախկինում առանձնահատուկ դրական վերաբերմունք է ունեցել Հայկական հարցի նկատմամբ, նա գրում է. «В создавшейся после войны обстановки такая политика по армянскому вопросу обесцененна, ошибочна и даже очень вредна, поскольку идет в разрез с интересами международной революции и борьбы против империализма.» Միկոյանը միանշանակորեն հանդես գալիս այդ օրերին Փարիզի խաղաղության վեհաժողովում քննարկվող ավելի ընդարձակ Հայաստանի ստեղծելու դեմ. «Армянские шовинисты опираясь на поддержку союзнического империализма и черносотенного генерала Денинина еще делают химерную, ставшую преступной, идею создания “ Великой Армении”, в исторических ее пределах, от Черного моря почти до Средиземного в составе семи вилаетов.» Միկոյանը իր զեկույցի մեջ հարց է տալիս. «Может ли коммунистическая партия поддерживать эту программу эту идею “ Великой и независимой Армении” ». Ինքն էլ պատասխանում է այդ հարցին. « Наша партия не может стоять ни за “Великую” ни за “ Малую” Турецкую Армению. Ведь право на самоопределение наций является для нас не историческим, а реальным правом, существующего на деле народа.» Ուշադրություն դարձրեք Միկոյանի «существующего на деле народа» ձևակերպման վրա: Այսինքն, Միկոյանի համար Հայոց ցեղասպանության հետևանքները դառնում են հիմք մերժելու հայոց պետականության հնարավորու-թյունը Թուրքահայաստանում և տալիս խիստ հայատյաց առաջարկ.

«Держаться старой позиции по армянскому вопросу, поддерживать идею независимой Турецкой Армении значит быть с шовинистическим реакционным правительством». 
Շատ է գրվել և հանիրավի գովաբանվել Թուրքահայաստանի մասին դեկրետը – 29 դեկտեմբերի 1917թ.: Թե ինչու այն իրականություն չդարձավ՝ կան մի շարք պատճառներ: Պատճառներից մեկը Միկոյանի և նրա նմանների մերժողական դիրքորոշումն է եղել այդ դեկրետի նկատմամբ.

«В этом смысле крупной ошибкой является декрет Советской России о самостоятельности Турецкой Армении (1917 года) не имевших никаких положительных результатов, но восстановивший против себя мусульманское население не только Турции но и Кавказа.»: Ապա անում է իր առաջարկը. «необходимо немедленно же взять новый более правильный курс по армянскому вопросу. .. Нужно признать … что идея о Турецкой Армении и вообще “ Великой единой и независимой Армении” является вредной, преступной и реакционной химерой, против которой должна бороться наша партия». 

Ես կարող եմ բազմաթիվ այլ փաստաթղթային վկայություններ բերել Անաստաս Միկոյանի հակահայկական և հակահայաստանյան գործունեության մասին, սակայն ժամանակի սղության պատճառով դա չեմ անի: Հետաքրքրվողներին խորհուրդ կտամ ծանոթանալ Մոդուս վիվենդի կենտրոնի կողմից օրերս հրատարակված «Հայ բոլշևիկների հակապետական գործունեությունը 1919-1920թթ.» փաստաթղթերի ժողովածուին: այստեղ դուք կգտնենք Միկոյանի և նրա կուսակից ընկերների ոճրագործությունների մասին բազմաթիվ վկայություններ՝ գրված հենց նրանց ձեռքով: Ամփոփելով ասեմ. Միկոյանին և նրա նմաններին անկախ Հայաստանում արձան դնելը նշանակում է ուրանալ այն հազարավոր հայորդիների վաստակը, որոնք իրենց կյանքը տվեցին անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման և կայացման համար: Նշանակում է պղծել այն միլիոնավոր հայ և ոչ հայ անմեղ զոհերի հիշատակը, որոնք զոհ են գնացել Միկոյանի և նրա նմանների ստեղծած մարդակուլ համակարգին, և ըստ այդմ դուռ բացել ապագայում նման հանցագործությունների կրկնման համար:

Արա Պապյան, 

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար

© Medialab.am