Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած մինչև երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած մինչև երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, ըստ էության պետք է համարենք ավարտված։ Ինչո՞ւ, մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների ճանապարհով լուծելու նպատակ ունենք։ Ի՞նչ է նշանակում փոխզիջում, նշանակում է քո դրած ազգային նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել՝ հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է իր առավելագույն նշաձողից ինչ-որ բան իջեցնի։ Բայց պրակտիկան ցույց է տվել, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլևս անընդունելի է Ադրբեջանի համար։ Այսինքն՝ նրանց ողջ դիվանագիտական ռազմավարությունը և մարտավարությունը եղել է և շարունակում է մնալ դա։ Այն, ինչին մենք համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում։ «Ես հետագայում կխոսեմ, թե որ փուլում է, որ դա կարելի է հնարավոր դարձնել»,- հավելեց նա։