«Իշխանությունից սպասում են բյուրեղապակյա իդեալական պահվածք՝ մոռանալով, որ մարդիկ են աշխատում, ովքեր հաց են ուտում, ջուր են խմում»․ Լիլիթ Պիպոյան

«Իշխանությունից սպասում են բյուրեղապակյա իդեալական պահվածք՝ մոռանալով, որ մարդիկ են աշխատում, ովքեր հաց են ուտում, ջուր են խմում»․ Լիլիթ Պիպոյան
«Իշխանությունից սպասում են բյուրեղապակյա իդեալական պահվածք՝ մոռանալով, որ մարդիկ են աշխատում, ովքեր հաց են ուտում, ջուր են խմում»․ Լիլիթ Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգչուհի Լիլիթ Պիպոյանը:

– Տիկի՛ն Պիպոյան, վերջին շրջանում բուռն քննարկվում է նախորդ տարեվերջին պետական հաստատություններում հատկացված պարգևավճարների հարցը: Ինչո՞ւ հասարակությունն այսքան բուռն արձագանքեց այս հարցին:

– Որովհետև հանրությունը նոր իշխանություններից սպասում է իր պատկերացմամբ իդեալական, կատարյալ վարքագիծ: Դա այն դեպքում, երբ կոնկրետ առանձին մարդիկ իդեալական չեն, և իրենց վարքագիծն էլ իդեալական չէ: Բայց մարդիկ իշխանությունից սպասում են բյուրեղապակյա իդեալական պահվածք, որ նրանք լինեն անձնուրաց, ծառայեն, ոչինչ չունենան՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների:

Այսինքն՝ նախկինների հետ կոնտրաստով են կառուցում պատկերը՝ մոռանալով այն մասին, որ իշխանության մեջ մարդիկ են աշխատում, ովքեր հաց են ուտում, ջուր են խմում: Մարդիկ են, ովքեր պետք է աշխատանքի դիմաց վարձատրվեն: Կարծես հասարակությունն ուզում է, որ նոր իշխանությունը նախորդի մեղքերը քավի, քավության նոխազ են դարձնում, կարծես նրանց մեղքերը նորերը պետք է քավեն: Բայց նախկինների մեղքերը նախկինները պետք է քավեն:

– Իսկ հասարակության այդ պահանջի ո՛ր հատվածն է արդարացի:

– Ես գտնում եմ, որ խոշոր առումով անարդար է: Գիտեք ո՛ր մասով է անարդար, այն մասով, որքանով նոր իշխանությունն անփորձություն է ցուցաբերում իր աշխատանքում: Բայց տեսլականի, տրամադրվածության, գաղափարի իմաստով մարդիկ շատ անարդար են, որովհետև ես գոնե առայժմ նոր իշխանության մեջ տեսնում եմ բացարձակ նվիրում ու կատարյալ ազնվություն: Թերացումները վերագրվում են միայն անփորձությանը, ոչ թե չար միտումին:

– Երբ մի քանի միլիոն դրամով պաշտոնյաներն իրենք իրենց պարգևատրել են, նրանցից ոմանք դա հիմնավորում են նրանով, որ կոռուպցիոն գործընթացներից զերծ մնան: Սա կոռուպցիայի դեմ պայքարի լավագո՞ւյն միջոց է:

– Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանելուց, բայց ընդունված կարծիք կա, որ որպեսզի դատավորը կաշառք չվերցնի, պետք է բարձր վարձատրվի, որպեսզի բժիշկը կաշառք չվերցնի, պետք է բարձր վարձատրվի: Պետք է գոնե մարդն այնքան բավարարված լինի իր վարձատրությամբ, որ աչք չդնի լրացուցիչ գումարի վրա: Այն մարդիկ, ովքեր կաշառք վերցնելու հնարավորություն ունեն, եթե դժվարությամբ են ապրում, շատ դժվար է նրանց այդ կաշառքից հետ պահելը: Նրանց կա՛մ վախը պետք է հետ պահի, կա՛մ խիղճը: Իսկ երկուսն էլ մարդ ինչ-որ պահի կարող է կորցնել: Դրա համար երևի ճիշտ է, որ նրանք բարձր վարձատրվեն, բայց թե որքանով, ինչ չափով, ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանելուց: Կարծում եմ՝ պարգևատրումներ անելիս նրանք ելել են իրենց ֆոնդերի հնարավորություններից:

– Երևանի քաղաքապետը հրապարակեց պարգևատրման գումարների չափերը, ձեզ մոտ՝ որպես ավագանու անդամի, հարցեր չմնացի՞ն:

– Ես կարծում եմ, որ եթե նա մեկ աշխատավարձի չափով է մարդկանց պարգևավճար տվել, դա նորմալ է: Առավել ևս, որ ինքս տեսել եմ, թե ինչ կատաստրոֆիկ ռեժիմով են նրանք աշխատել վերջին ամիսներին: Չեմ կարող դա ասել քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմի մասին, բայց ղեկավար կազմն ուղղակի օր ու գիշեր էր աշխատում:

– Վերջին օրերին քննարկվում է Հայաստանի օրհներգը փոխելու հարցը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է նման քննարկում առաջ քաշել: Դուք կո՞ղմ եք օրհներգի փոփոխությանը:

– Ես համաձայն եմ իր հետ: Մեր գործող հիմնի տեքստը համարում եմ թույլ, ես կարծում եմ, որ այդ տեքստն իր մեջ չունի մղիչ ու առողջ ուժ դեպի ստեղծարար աշխատանքը, դեպի ազգային արժանապատվության բարձրացում: Եվ այն, որ ինքը մի տեսակ հարմարեցված է, տեքստը փոխված է, դրա մեջ կեղծիք կա: Ոնց որ մի տեսակ թքած-կպցրած հիմն լինի: Հիմնը պետք է ժողովրդին ծրագրավորի, իր մեջ պետք է ծրագիր ունենա: Ընդ որում, տեքստը շատ կարևոր է, որպեսզի այդ տեքստը երգելիս մարդիկ լցվեն հպարտությամբ, ուժով:

Նախորդ հիմնի մեջ ես այդ բանը չեմ տեսել: Մեղեդին ևս երաժշտական առումով թույլ է, ես չեմ հավանում: Բայց ես նաև դեմ եմ, որ Արամ Խաչատրյանի մեղեդին լինի, ինչը քննարկվում է վերջին օրերին: Ես դրան էլ եմ դեմ, որովհետև դա ինձ տանում է դեպի խորհրդային շրջան: Երկրորդ՝ ես նաև տեքստը կարդացի, որն առաջարկվում է, այդ տեքստը ևս ուռճացված է, մի տեսակ դատարկ:

Անցյալի վրա հիմնված տեքստ է դա, որն իր մեջ գաղափար չունի: Դա այն իդեան է, որը մենք շատ ենք շահարկել, որ հին ենք, բայց նոր հիմնը պետք է իր մեջ առաջընթաց պարունակի: Պետք է լինի նոր հիմն, պետք է մրցույթ հայտարարվի, և լավագույն ուժերը պետք է աշխատեն դրա վրա: Կա՛մ կստացվի, կա՛մ չէ:

– Իսկ հանրային քննարկման պե՞տք է դրվի հարցը:

– Ես մի ոչ պոպուլյար միտք կարտահայտեմ՝ ամեն ինչը չէ, որ պետք է դրվի հանրային քննարկման: Կան հարցեր, որոնք պետք է պրոֆեսիոնալները լուծեն: Միգուցե հիմա իմաստ չունի հանրային քննարկման դնել այս հարցը: Ընդհանրապես շատ կարևոր է, որ արհեստավարժ մարդիկ խնդիրները լուծեն:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am