Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքից կարող է տուժել բարեխիղճ մարդը․ Տարոն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը

– Պարոն Սիմոնյան, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը հարակից փաթեթով այսօր ընդունվեց Ազգային ժողովում։ Սա խորհրդարանական մեծամասնությունը համարում էր հեղափոխական օրակարգի մաս։ Ինչո՞ւ դուք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ձեռնպահ քվեարկեցիք։

– Առաջին ընթերցման ժամանակ, եթե հիշում եք, մենք կողմ էինք քվեարկել։ Բայց միաժամանակ ասացինք, որ կան դրույթներ, որոնք տարակարծությունների տեղիք են տալիս ու պետք է հստակեցվեն։

Պետք է բացառվեն այն բոլոր դեպքերը, որոնց հիման վրա բարեխիղճ անձի նկատմամբ հնարավոր կլինի իրավական գործողություն կատարել։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ օրենքի կարգավորումներում կան բացեր, անորոշ ձևակերպումներ, և դրանք կարող են լայն հնարավորություն տալ կիրառող մարմնին կամայական որոշումներ կայացնել ու իրագործել, ինչը գույքի սեփականատեր դարձած անգամ բարեխիղճ անձի նկատմամբ կարող է ծանր հետևանքներ առաջացնել։

Մենք 27 կետից կազմված առաջարկությունների փաթեթ ներկայացրինք, որոնցից 3-ն են ընդունվել, մի քանի տեխնիկական բան է փոփոխվել։

Մեզ համար անհասկանալի էր նման վերաբերմունքը, քանի որ մեր առաջարկությունները մասնագիտական էին ու նպաստում էին, որ օրենքը իր նպատակին ծառայի։

Մեր առաջարկությունները ընդունելով՝ հնարավոր կլիներ վերացնել օրենքի նախագծում առկա բացթողումները և կապահովագրեր գույքը բարեխիղճ ձեռք բերողին։ Քանի որ մերժվել էին մեր առաջարկությունները, այդ պատճառով որոշեցինք ձեռնպահ քվեարկել։

Չէինք կարող կողմ քվեարկել, քանի որ կողմ քվեարկելով՝ պարտավորվելու էինք կիսել օրենքի իրագործման պատասխանատվությունը։

Չէինք էլ կարող դեմ քվեարկել, որովհետևև չէինք ուզի վնասել իշխանությանը՝ իր բարի նպատակներին հասնելու։ Իսկ ապօրինի գույքը հայտնաբերելն ու պետությանը տրամադրելը բարի նպատակ են։

– Որոշ քննարկումներից տպավորություն էր, որ «Լուսավոր Հայաստանը» չի ցանկանում կոռուպցիայի դեմ պայքարել, չի ցանկանում ապօրինի գույքի վերադարձ։ 

– Ո՞վ չի ցանկանում։ Հենց առաջինը մենք ենք ուզում։ Մենք բազմիցս ասել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է խիստ լինի։ Էդ մե՞նք չէինք, որ առաջինը դատավորների վեթինգին կողմ արտահայտվեցինք ու առաջարկություններ ներկայացրինք։

Պետք է ուշադիր լինել ու որոշ քաղաքական գործիչների պոպուլիստական հայտարարություններին չհետևել։ Մենք խիստ մասնագիտական ճանապարհով ենք գնում և չենք ուզում, որ բարի նպատակների ներքո հանկարծ ու հանկարծ կարգավորումներ մնան, որոնք վնաս հասցնեն շատ բարեխիղճ անձանց։

Մեր գործընկերները անընդհատ ուզում են քաղաքական դաշտ տանել՝ ապացուցելու, թե տեսեք՝ «Լուսավոր Հայաստանը» ինչ վատն է, այն դեպքում, երբ մենք բացառապես մասնագիտական առաջարկներ ենք արել։ Հույզերից հեռու լինենք, էլի։

Պարոն Սիմոնյան, դուք ասում եք, որ կամայական որոշումների տեղիք է տալիս ընդունված օրենքը, և կան բացեր։ Կմատնանշե՞ք դրանք, որոնց պարագայում կարող է անձի նկատմամբ կամայական որոշում կայացվել։

– Օրինակ՝ մարդը գույք է ձեռք բերել, որևէ առնչություն չի ունեցել կոռուպցիայի հետ, բայց առկա կարգավորումների պատճառով այդ մարդու նկատմամբ գործընթաց կարող է սկսվել։

Էլ չեմ ասում, որ այդ բարեխիղճ մարդը զրկվի գույքից։ Հո չե՞նք ասի, որ պատգամավորները ուշադիր չեն եղել ու օրենքում թերություններ են թողել։

Մեկ այլ օրինակ՝ «ողջամիտ» բառն է օգտագործվում օրինագծում․ նշվում է, որ ողջամտորեն պետք է իմանալ, որ այս գույքը ապօրինի է։ Եվ սա այն դեպքում, երբ Քաղաքացիական օրենսգրքում բարեխղճության ծագման հիմքում «ողջամիտ» բառը չի օգտագործվել, և առաջանում է հակասություն։

Սա ի՞նչ է նշանակում։ Այդ հոդվածը ճիշտ կլիներ արտացոլել օրենքում, որ հանկարծ տարակարծություններ չառաջանան։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, այսպես ասեմ՝ ներդրողը գալիս է Հայաստան, գույք է հավանում, սեփականատիրոջ հետ բանակցում է, գնում է գույքը, մեկ էլ մեր իշխանությունները, դատախազը գալիս են բարեխիղճ ձեռք բերողի մոտ ու ասում՝ դու պետք է իմանայիր, որ այս գույքը վաճառած անձը մի քանի տարի առաջ պետական պաշտոնյա է եղել և գույքը ձեռք է բերել ապօրինի եղանակով։

Բայց բարեխիղճ ձեռք բերողը դա ինչպե՞ս իմանար, և դատախազը կարող է նրան պատասխանել, որ մի քանի տարի առաջ թերթում հոդված է հրապարակված եղել, դուք պետք է դա իմացած լինեիք։

Թերություններ կան, որոնք, իհարկե, գործնականում ի հայտ կգան։ Այս նախագծի հետ կապված փաստաբանների համայնքը շատ մտահոգություններ էր բարձրացրել ու բացառապես մասնագիտական առաջարկություններ էր ներկայացրել։

Մենք ուզում էինք, որ այս գործիքի մեջ նախ թերություններ չլինեն, եթե եղել են դրանք, ապա պետք էր վերացնել։ Իմաստը ո՞րն է դրանք չվերացնելու։

– Երեկ և առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ իշխանական պատգամավորները իրենց ելույթներով մեծ սպասումներ առաջացրին հանրության շրջանում՝ այսպես ասած նախկիններին պատժելու առումով։

Քննարկումներում նույնիսկ նշվում էին անուններ, որոնք կարող էին հայտնվել այս օրենքի թիրախում։ Կհստակեցնե՞ք ի վերջո, ովքեր կարող են պատժվել։

– Ով կարող է հայտնվել․ շրջանակը բավականին լայն է ընտրված։ Մեր իշխանության ներկայացուցիչներն անընդհատ շեշտում են՝ նախկին պաշտոնատար անձինք կարող են անցնել այս օրենքով։

Բայց կարելի էր շրջանակը նեղացնել, որ միայն հենց նրանք ընկնեին օրենքի տակ։ Այս պահի դրությամբ 50 մլն դրամը գերազանցող գումարի հետ կապված ցանկացած խնդիր կարող է հայտնվել այս օրենքի թիրախում։ Օրինակ՝ 90-ական թվականներին մարդը տուն է գնել Երևանում, էն ժամանակ, գիտեք՝ էժան էին տները, դիցուք՝ 5000 դոլարով տուն է գնել, որը հիմա 100 հազարը գերազանցում է, և այդ մարդը մի որևէ պահի բարձրաստիճան պաշտոնյա է եղել կամ նրա ազգական, բարեկամ, կարող է հայտնվել այս օրենքի շրջանակում։

Այսինքն՝ շրջանակը լայն է վերցված։ Կառավարությունը սկզբում առաջարկում էր 25 մլն դրամի շեմ վերցնել, բայց առաջարկություններից հետո կառավարությունն ընդառաջեց ու վերցրեց 50 մլն դրամի շեմը։ Պետք էր ավելի բարձր դնել ու թիրախային սկսել գործընթացը։

Այս պարագայում Ռուսաստան գնացած, այնտեղ աշխատած, փող բերած ու գույք առած անձը կարող է լինել օրենքի թիրախում։

Մեր իշխանական գործընկերները անընդհատ ուզում են շահարկել և մեր գործողությունները տանել քաղաքական դաշտ։ Բայց մենք բացառապես մասնագիտական խնդիրներ ենք բարձրացնում, որ այնպես չլինի՝ հիմնական հանցագործներին թողնենք ու զբաղվենք բարեխիղճ անձանցով։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am