Երկրաշարժի հետևանքով փլուզվել է Արտանիշի չգործող, կիսաքանդ դպրոցի պատը. փլուզումներ են եղել նաև Շորժայում ու Աղբերքում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, ըստ Գեղարքունիքի մարզի Արտանիշ համայնքի ղեկավարից ստացված տեղեկատվության, փլուզվել է չգործող, կիսաքանդ դպրոցի պատը։

Ըստ աղբյուրի, Աղբերք և Շորժա համայնքների ղեկավարներից ստացված տեղեկության համաձայն՝ տվյալ համայնքներում փլուզվել են մեկական հին հողապատ գոմերի միջնապատեր։ Ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում այլ ավերածությունների, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել էր Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ: