Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառումը մասնավոր ընկերության նախաձեռնությունն է․ զոհված զինծառայողների հարազատներն ակցիա են անելու․ Factor.am

Հանրապետության հրապարակում այսօր՝ հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում է նախատեսվում: Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Factor.am-ին հայտնեց, որ միջոցառման առաջարկը եղել է մասնավոր ընկերության՝ «Բյուրո» ՍՊԸ-ի կողմից, քաղաքապետարանը միայն թույլտվություն է տրամադրել։

«Քաղաքապետարանը հունիսի 1-ի կապակցությամբ մեկ բացօթյա միջոցառում է կազմակերպել՝ Ազատության հրապարակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի մուլտֆիլմերի երաժշտությունը»,- ընդգծեց մամուլի խոսնակը։

Նշենք, սակայն, որ Հանրապետության հրապարակում նման միջոցառման կազմակերպումը քաղաքացիների մի մասի դժգոհությունն է առաջացրել։ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը, զոհված զինծառայողների ընտանիքներին կոչ է արել «միանալ ու տապալել Հանրապետության հրապարակում կայանալիք համերգը»։

Factor.am-ի հետ զրույցում Մարգարիտա Պետրոսյանը նշեց, որ, եթե անգամ իր նախաձեռնած ակցիային ոչ ոք չմիանա, ինքը միայնակ կիրականացնի այն։

«Ժամը 19։30-ից հայրիկիս նկարով կանգնած եմ լինելու բեմի դիմաց, չեմ աղմկելու, չեմ խանգարելու։ Ինչու եմ հայրիկիս նկարով գնալու՝ իմ հայրիկն էլ ինձ է համերգ տանում»,- ասաց Մարգարիտան։ Նախօրեին Մարգարիտան ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ գնալու է Հանրապետության հրապարակ․

«Ես վաղը գնալու եմ հրապարակ և ամեն կերպ փորձելու եմ խանգարել, որ այս խայտառակ համերգը տեղի չունենա: Իսկ դո՞ւ։ Հ.Գ․ Ու ով ինձ կհարցնի՝ «Բայց երեխաները ի՞նչ մեղք ունեն», ես կպատասխանեմ՝ «իսկ մեր տղերքը ի՞նչ մեղք ունեն»: Մեզ հետ զրույցում էլ նա ասաց՝ երկար է մտածել ու որոշել, որ ճիշտ կլինի ոչ թե խանգարել, այլ լուռ կանգնել՝ հերոսների նկարները ձեռքին․

«Ավելի ազդեցիկ լինելու համար պետք է լուռ կանգնել։ Իհարկե՝ չեմ կարծում, որ դրանից հետո ինչ-որ բան կփոխվի, բայց թույլ չեմ տա մոռանան մեր հերոսներին»։

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատներն արդեն հայտնել են, որ միանալու են ակցիային, և ժամը 20։00-ին իրենց հարազատների լուսանկարներով լինելու են Հանրապետության հրապարակում։

Հավելենք, որ հարցի շուրջ «Բյուրո» ՍՊԸ-ից մեկնաբանություն ստանալու մեր փորձերը հաջողությամբ չպսակվեցին։ Այստեղ նախ նշեցին, որ հարցերին կպատասխանեն էլեկտրոնային փոստով, սակայն մեր նամակն անարձագանք մնաց։