Քաղաքաշինական խորհուրդը հավանություն է տվել Կոմիտասի պողոտայի շուկայի արդիականացման նախագծին

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստում քննարկվել և հավանության է արժանացել Կոմիտասի պողոտայի 53 հասցեում գտնվող փակ շուկայի արդիականացման և բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախագիծ-առաջարկը:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը նշել է, որ շուկան ամբողջությամբ պահպանելու է իր նպատակային նշանակությունը: Հանրապետական նշանակության շենքն ամրացվելու է, վերանորոգվելու, արդիականացվելու և դառնալու երևանյան կոլորիտով զբոսաշրջային հետաքրքիր վայր:

Ներդրողը պատրաստակամություն է հայտնել զուգահեռ նորոգել նաև հարակից շենքի կտուրը և տարածքում ձևավորել մեկ ընդհանուր մոտեցում: Իսկ փակ շուկայի հետնամասում գտնվող հողամասի վրա կկառուցվի երեք շենքից բաղկացած բնակելի առանձին համալիր՝ ժամանցի և սպասարկման սրահներով:

Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանն ընդգծել է, որ թեև խորհուրդն իր դրական կարծիքն է հայտնել նախագծի վերաբերյալ, այնուամենայնիվ կան որոշակի վերապահումներ՝ շենքերի հարկայնության և ծավալների մասով, ինչը նախագծման փուլում պետք է լրացուցիչ հստակեցվի և փոփոխվի:

Խորհրդի անդամները մերժել են Մալաթիա-Սեբաստիայում բազմաբնակարան շենքերով բնակելի թաղամասի կառուցման էսքիզային նախագիծը:

Հաշվի առնելով քաղաքի համաչափ զարգացման ապահովումը՝ խորհրդի անդամները կարևորել են ներդրումային ծրագրի գաղափարը՝ միաժամանակ ընդգծելով, որ նախագիծը պետք է իր ճարտարապետությամբ ու լուծումներով համապատասխանի 21-րդ դարի քաղաքաշինական պահանջներին:

Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը։