ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ գերիների վերադարձը և Բաքվին ականների քարտեզների տրամադրումը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձը Հայաստանին և ՀՀ կողմից Բաքվին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անն Լինդեն գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում։

«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից 15 հայ բանտարկյալների լրացուցիչ ազատ արձակումը եւ Հայաստանի կողմից ականների քարտեզների հրապարակումը: Բարձր եմ գնահատում ռուսական միջնորդությունը: Հուսով եմ, որ վստահության ամրապնդումը կարող է ճանապարհ հարթել դեպի կայուն կարգավորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Ռուսական կողմի միջնորդությամբ հուլիսի 3-ին Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ: