Ստի տեսությունը.Արամ Աբրահամյան

Ազնիվ մարդը պետք է բացատրի, գրի, բոլորին պատմի, որ նա ազնիվ է, ոչ թե լռի պարտիզանի պես: Այդպես է մեկնաբանել Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի վարքագիծը՝ նկատի ունենալով, որ նախկին արտգործնախարարը հրաժարվում է «փողերի լվացման» գործով ցուցմունքներ տալ: Ակնհայտ է, որ պարոն Հակոբյանի նկարագրած օրինաչափությունն ունիվերսալ չէ. անազնիվ մարդը կարող է գոռալ, որ նա անմեղ է, եւ հակառակը՝ ազնիվը կարող է լռել կամ արդարանալ չափազանց անհամոզիչ կերպով: (Ես, օրինակ, հաճախ կարմրում եմ անարդար մեղադրանքներից, կարծես իսկապես կատարել եմ ինձ մեղսագրվող արարքը): Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են մարդիկ գոռում եւ ինչպես են լռում:

Ամերիկյան «Խաբիր ինձ» («Lie to me») սերիալը (ի դեպ, բարձրորակ սերիալի օրինակներից մեկը) հենց այդ «ինչպես»-ի մասին է: Հոգեբանների խումբը համագործակցում է իրավապահների հետ եւ փորձում է բացահայտել, թե հանցագործության հետ կապված մարդկանցից եւ իրավապահներից ովքեր են ստում: Օրինակ՝ եթե մարդը խոսելու ժամանակ քորում է քիթը կամ կամ բարձրացնում է ուսը, ուրեմն մեծ է հավանականությունը, որ նա ստում է: Կարեւորն, իհարկե, դիմախաղն է, դեմքի «միկրոարտահայտություններն» են, որոնք մատնում են ստախոսին: Սերիալի գլխավոր հերոսի նախատիպը Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Փոլ Էքմանն է, որը մի քանի տասնամյակ ուսումնասիրում է ստի տարբեր դրսեւորումները եւ խորհրդատվական ծառայություններ է մատուցում ոչ միայն իրավապահներին, այլեւ քաղաքական եւ գործարար շրջանակներին:Կարդալ ավելին