Փառահեղ պարտություն

Մհեր Արշակյան

Այս պարտությունն ինձ համար փառահեղ էր, քանի դեռ ես ավելի մեղավոր եմ զինվորի սպանության մեջ, քան՝ թուրքը: Այո՛, սա փառահեղ պարտություն էր: Որովհետև ես համոզված եմ, որ միայն ես եմ երեխա պահում: 

Թույլ տվեք ասել, մենք ահավոր վատ վարվեցինք մեր երեխաների հետ: Հարցրե՛ք ցանկացած տաքսիստի: Նա եղբայր չունի, քույր չունի:

Մայրը, բարեբախտաբար, մահացել է, չի տեսնում, թե ինչ «ջոգող» որդի է մեծացել, ոնց է տուն պահում: Ոնց է շուստրիավարի 300 դրամ ավել հաշվում ուղևորավարձը, որ դու մնաս նույն չջոգողը: Այսինքն՝ հարիֆը: 

Հարցրեք առանց կռվի ողջ մնացածներին: Իրենք նույնպես միակն են, որ երեխա են պահում: Նրանց «տաքսիստ» հատվածը մտածում է, որ զոհերը հարիֆ էին, մա՞րդ էլ մասնակցի էս անհույս կռվին:

Լավն է այն պետությունը, որն սկսվում է սեփական երեխայից: Բայց կորած է այն պետությունը, որն ավարտվում է սեփական երեխայի մեջ:

Գիտե՞ք ինչ է նշանակում երեխա պահել. նշանակում է մսխել բոլորին, որոնք քոնը չեն: Ռոբերտ Քոչարյանից սկսած բոլոր իշխանությունները հենց սրանով էին զբաղված (ինչո՞ւ ոչ Տեր-Պետրոսյանի ժամանակ՝ որովհետև ամենավերջին երեխան, որն այսօր չափահաս է, ու որին պահում է «տաքսիստը», 2000-ականների ծնունդ է):

Կռիվը փառահեղ չէր, փոխարենը մենք «պահպանեցինք» թուրքին, որպեսզի վաղը նույնպես լինենք այն, ինչ այսօր ենք, ինչ երեկ էինք:

Սա փառահեղ պարտություն էր, որովհետև մենք 26 տարվա հաղթանակը դարձրեցինք խղճուկ:

Հաղթանակից կտրեցինք խաղաղությունն ու նրա մարտահրավերները:

Մենք գերադասեցինք «պահպանել» թուրքին, որով սրբադասեցինք յուրաքանչյուրիս անպատժելիությունը:

Ասում են՝ այս կամ այն նախագահը թուրք է: Իսկ ո՞վ է հայը, եթե էական չէ, թե ով է սպանողը: Մի՞թե հայ լինելու համար պարտադիր է, որ ինչ-որ մեկը լինի թուրք:

Ո՞վ է սպանել մեր զինվորին: Հարցրե՛ք Նիկոլին: Նա մարդասպանին Նոր Զելանդիայում էլ կգտնի: Որովհետև հեղափոխությունից հետո հասկացավ, որ երեխա է պահում: 

Սա փառահեղ պարտություն էր, որովհետև մենք, հենց մենք թուրքին թույլ չտվեցինք, որ սպանի մեր որդիներին, մենք սպանեցինք:

Մենք վատ սպանող տղա՞ ենք: Թուրքը մեզ պետք է տուն պահելու համար: Սա է Նիկոլի հանցանքը: Նա խաղաղության մազե կամրջով քայլեց սուրը ձեռքին, մինչև էդ մազը կտրեց: 

Նայե՛ք լրագրողների աշխատանքին: Ահա մի խավ, որն ուղղակի անկյուն է մղված: Ուղղակի զրոյացված է, որպեսզի հեշտ մանիպուլացվի: Որպեսզի սրիկային կարողանան հերոս ներկայացնել:

Շարքային մարդը գոյություն ունի, եթե քոչարյանական է կամ նիկոլական: Ու լրագրողը մեղավոր չէ: Ոչ ոք նրան փող չի տա ճամբարներից դուրս այդ մարդուն ճանաչելու համար:

Մենք սովորական մարդու դեմքը տեսնում ենք միայն հանրահավաքների ժամանակ: Վերջ: Հանրահավաքից առաջ ու հետո նա գոյություն չունի: Իսկ լրագրողը նույնպես երեխա է պահում, թեպետ ինքն էլ պակաս երեխա չէ: 

Այս պարտությունը փառահեղ է, որովհետև վերջին 26 տարում ոչ մեկը պատերազմի փորձություններին չհակադրեց խաղաղության փորձությունները, մարդիկ մարտահրավերների ընտրություն չունեցան:

Այս պարտությունը փառահեղ է, որովհետև այն մեր փորձությունները չփոխեց: Մենք կրկին նախապատերազմյան իրականությունն ենք գլորում դեպի Լյառը, որտեղից գահավիժումն ուղղակի նախասահմանված է:

Լինելու է ավելի վատ, մարդի՛կ:

Բայց նույնքան փառահեղ: Իսկ երեխաները պարտավոր են մեծանալ։

Մհեր Արշակյան

MediaLab.am