Երեւանյան լիճը մասամբ ցամաքել է. քաղաքապետարանը պարզաբանում է լճի մակարդակի իջեցումը.«Հայկական ժամանակ»

Մի քանի օր է՝ Երեւանյան լիճ արհեստական ջրամբարը մասամբ ցամաքել է։ Ջրամբարի մասամբ ցամաքելու վերաբերյալ «Հայկական ժամանակը» Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե որո՞նք են պատճառները:

Քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ Երեւանյան լճից ջուր բաց թողնվող հատվածում կա թափոնների, տիղմի կուտակումը կանխող մետաղական ցանց: Լճի մակարդակը իջեցվել է՝ նշված ցանցը մաքրելու եւ ջրի լիարժեք թողունակությունն ապահովելու նպատակով: Այն պատված է եղել տիղմով՝ թույլ չտալով, որ ջրթող իրականացվի:

Քաղաքապետարանից նաեւ հայտնեցին, որ այդ ուղղությամբ տեխնիկական աշխատանքներն արդեն ավարտվել են: Սկսվել է ջրալցումը (ջրի ամբարումը), որը կտեւի 4-5 օր:

Հատակային ջրթողքի անցքերը չմաքրելու դեպքում ջուրը կարող է բարձրանալ սահմանված մակարդակից վեր եւ խնդիրներ առաջացնել, իսկ Երեւանյան լճի մակերեսը փոքր չէ՝ 0,65 կմ2 է, միջին խորությունը՝ 8 մ, առավելագույն խորությունը՝ 18 մ։ 

Երեւանյան լիճ ջրամբարը կանոնավորում է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Էջմիածնի եւ Փարաքարի ջրանցքները։ Երեւանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի համար: Ձմռանը հազվադեպ սառցակալում է։ Լճում կան կողակ, ծածան, կարպ տեսակի ձկներ: Այն կառուցվել է 50 տարի առաջ՝ 1970 թվականին, նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում: