Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է դադարեցնել գործող ՍԴ անդամների ու նախագահի լիազորությունները

Ազգային ժողովի կայքում այսօր հրապարակվել է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են:

Նախագծով Սահմանադրության 213 հոդվածը, որը վերնագրված է «Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը» հետևյալ կերպ է խմբագրվել. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

2. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը»:

Ներկայում 213 հոդվածի բովանդակությունը հետևյալն է. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը»: