Ալեն Սիմոնյան. անասնաֆերմերը

Մհեր Արշակյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին հրահանգել է իրենց սենյակներում փակցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Ընդ որում, լուսանկարները պարոն Սիմոնյանն արդեն բաժանել է։

Ի՞նչ կա որ։ Փաշինյանի խմբակցությունն է, ինչ կուզեն, կանեն։ 

Բայց, կներեք, ժամանակին, երբ Փաշինյանը հարձակվում էր դպրոցների տնօրենների կամ քննիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի նկարների վրա, պարզ չէ՞ր, որ էդ մարդիկ Սերժ Սարգսյանի անձնական օգտագործման տնօրեններն ու քննիչներն են, ինչպես Ալեն Սիմոնյանն է այսօր Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման ԱԺ նախագահը կամ խմբակցության մյուս պատգամավորներն են անձնական օգտագործման պատգամավորները։ Գուցե դպրոցների տնօրեններն ու քննիչներն իրավունք չունեի՞ն լինել հանրապետական։

Կներեք, անձնական օգտագործման տնօրեն, քննիչ կամ պատգամավոր լինելու դեպքում ի՞նչ էական է կուսակցական պատկանելությունը։ 

Ալեն Սիմոնյանը շատ հեռու է գնում։ Էդ մարդը տեղյակ չէ, որ մեկ-երկու տարուց ամբողջ ժողովուրդն է ատելու Փաշինյանին հենց թեկուզ նրա համար, որ այդ մարդը մեկին մեկ կրկնում է Սերժ Սարգսյանի ձեռագիրը, էլ չասեմ, որ հագել է նրա անձնական օգտագործման «կոստյումը» հանձին Սահմանադրության։

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանին չէր կարելի այն ամբողջ չտեսությունը, այն ամբողջ քաղքենիությունը, առաջինը լինելու գավառական կիրքը ուրիշների աչքը մտցնելու հիվանդությունը, իսկ Փաշինյանին կարելի է։ Պարզ է, չէ՞, որ Ալեն Սիմոնյանը գործում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով։

Նիկոլ Փաշինյանն այլևս չի ուզում ժողովրդավար լինել ու շատ բաց տեքստով է ասում։ Լրագրողների գործունեության սահմանափակումն ուրիշ ովքե՞ր պետք է անեին՝ լրատվական կայք ունեցող, նաև լրագրող աշխատած Ալենը, «Ազատության» երբեմնի լրագրող Սիսակը և, վերջապես, «Հայկական ժամանակի» երբեմնի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որն իր թերթով աջ ու ձախ վիրավորել է ում ասես։ Ու հենց վիրավորել է։ 

Էս մարդիկ իսկապես չեն հասկանում, թե ուր են տանում Հայաստանը։ Իսկ «փիլիսոփայությունը» հետևյալն է՝ էս մարդիկ Հայաստանը պարտության են տարել ու ընտրվել են։ Ու դրանից հետո ինչի՞ իրավունք չեն ունենա Ալենը, Սիսակը ու վարչապետը։

Ի՞նչ կա նկար կախելու մեջ։ Նորմալ երկրում՝ ոչինչ։ Ի վերջո, նաև ճաշակի հարց է՝ սիրում ենք՝ կախում ենք։ Էլի կախեք։ Ու հատկապես ԱԺ սենյակներում կախեք ինչքան ուզում եք։ Բայց գիտե՞ք, թե որտեղ եք վրիպում։

Դիցուք, դրոշը կամ գերբը անշարժ արժեքներ են, ոչ մի իշխանություն դրանք չի կարող հեռացնել պետական ինստիտուտներից, ոչ մի Սահմանադրություն չի կարող որոշել, որ դրոշի փոխարեն պետք է լինի Նիկոլի ուսապարկը, իսկ գերբի փոխարեն՝ վարչապետի աթոռը։ Ոչ մի Ալեն Սիմոնյան չի կարող մանիպուլացնել Սահմանադրության այս դրույթը։ Բայց Փաշինյանի նկարը կարող է անփառունակորեն հանվել պետական բոլոր ինստիտուտներից, և նույնիսկ նրա կերպարը հայտարարվել օրենքից դուրս։ 

Մի օր նրան ընտրողները գուցե հասկանալու են, չէ՞, որ մարդը, որը հեղափոխությամբ եկել է ու վերցրել իշխանությունը, հենց առաջին ամսին ժողովրդին պետք է ասեր, որ գրաված տարածքները պետք է վերադարձվեն օր առաջ, եթե նույնիսկ ինձ հենց հիմա կախեք։

4300 ծնող գոնե պետք է իմանա, որ իր որդին զոհաբերվել է, երբ խաղաղության հասնելու բոլոր գործիքները կիրառվել, վերջացել են։ Չի արվել։ Ինչ-որ մեկի նկարը հավելյալ սթրես է հենց այդ ինչ-որ մեկի, նրա կողմնակիցների համար, որովհետև հանվելու է, տղե՛րք, անպայմա՛ն հանվելու է, ու ասում եմ ձեզ՝ հանվելու է անփառունակորեն։

Ժողովուրդը չի կարող ափսոսալ դրոշի ու գերբի գոյության համար, բայց այդ մարդու գոյության համար ափսոսալու է։ Հետևաբար այդ նկարները հավելյալ սթրես են նաև ժողովրդի համար, երբ մի օր հայտնի է դառնալու ամբողջ ճշմարտությունը։ 

Եվ վերջապես, այդ նկարները պատերից կախելն ինքնին անօրինական է, որովհետև Փաշինյանն է 2017-ի դեկտեմբերին ասել՝ եթե պետական սիմվոլ եք ուզում ունենալ ձեր սենյակներում, զինանշան կախեք, դրոշ կախեք, Սերժ Սարգսյանի նկարն ի՞նչ գործ ունի ձեր սենյակներում։ Իսկ եթե անձնական համակրանքի շրջանակներում է Հայաստանն «Անասնաֆերմայի» ամբողջ պատմության միջով տանող Ալենը հրահանգում Նիկոլ Փաշինյանի նկարները կախել պատերից, ուրեմն պիտի մի հատ էլ հաշիվ տա, թե ինչո՞ւ հենց Նիկոլի նկարը, և ոչ թե, ասենք, իր սեփական շան կամ կատվի նկարը։

Մհեր Արշակյան

MediaLab.am