Բոլորովին այլ մարդիկ պետք է բանակցեն, բոլորովին այլ պահանջներ պետք է դրվեն, պարտության հեղինակը չպետք է լինի բանակցող․ Սարո Սարոյան

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սարո Սարոյանը

– Պարո՛ն Սարոյան, այս օրերին լրատվամիջոցներով ակտիվորեն տեղեկություն է շրջանառվում հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հնարավոր հանդիպման մասին։ Ճիշտ է, դեռ պաշտոնական տեղեկություն չկա, բայց դուք ի՞նչ ակնկալիք ունեք այդ հանդիպումից, և ի՞նչ հարցեր կարող են քննարկվել այդ հանդիպմանը։

– Ոչ մի դրական ակնկալիք չունեմ, ակնկալիքներս, ցավոք, միայն բացասական են։ Ինչ վերաբերում է քննարկվելիք հարցերին, ապա Նիկոլ Փաշինյանն այսօր իր գրառմամբ ցույց տվեց․ դրանք առաջինը՝ գերիների հարցերն են, և երկրորդը՝ կոմունիկացիոն ճանապարհների բացման հետ կապված հարցեր։

Բայց շատ հնարավոր է, որ այլ հարցեր ևս քննարկվեն, և դրանց շուրջ որոշումներ կայացվեն։ Ակնկալել, որ Հայաստանի պետական շահերը այդ հանդիպմանը կպահպանվեն, ես նման ակնկալիք չունեմ։

Նախկինում եղած բոլոր այս գործընթացները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը այն անձը չէ, որը կարող է Հայաստանի պետական շահերը պաշտպանել։

– Դուք նկատի ունեք, որ որպես պարտված երկրի ղեկավար չի՞ կարող պաշտպանել ՀՀ-ի շահերը, թե՞ այլ հիմքեր էլ ունեք նման պնդման համար։ 

– Հենց պատերազմը, ինչպես նաև մինչև պատերազմը նրա վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը ցույց տվեց, որ նա այն անձը չէ, որը կարող է Հայաստանի պետական շահերը պաշտպանել։

Բացի այդ, կորոնավիրուսի համավարակի ամբողջ ժամանակահատվածում նա ցույց տվեց իր անկարողությունը, և պատերազմն էլ եկավ վերջնականապես իր կնիքը դրեց։

Մենք պարզեցինք, թե ինչ անձի հետ գործ ունենք, թե ինչ գիտելիքներով անձի հետ գործ ունենք։ Այնպես որ, սպասել, թե պատերազմից հետո ինչ-որ դրական բան կլինի, անիմաստ է։

Վերջին երկու ամսում էլ տեսնում ենք, որ չէր էլ կարող նման բան լինել։ Հայաստանի այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսին է Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխ գյուղի հետ կատարվածը, ցույց տվեցին, որ մենք, ըստ էության, աշխարհի մասշտաբով ունենք պետության ամենատգետ ղեկավարներից մեկը։

– Այսօր էլ Փաշինյանը գրառմամբ շարունակել է պնդել, որ եռակողմ հայտարարության մեջ Մեղրիի մասին որևէ կետ, որևէ խոսք չկա․․․

– Այո՛, բայց նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ կա առանձին կետ և վերաբերում է Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան այդ շրջանների հետ տրանսպորտային ու կոմունիկացիոն ճանապարհների բացմանը։

Հիմա այդ տարածքների միջև կապը ինչպե՞ս պետք է ապահովվի, եթե ոչ Մեղրիի միջոցով։ Այնպես որ, այդպես միանշանակ չպետք է պնդել, թե Մեղրիի անունը այդ փաստաթղթում չկա։

Հա՛, չկա Մեղրիի անունը այդ փաստաթղթում, բայց բովանդակությունը վերաբերում է Մեղրիին, չէ՞։ Եթե վարչապետն ուզում է ասել, որ այդ տարածքը Մեղրին չէ, այլ, ասենք, Վայոց ձորին է վերաբերում այդ միջանցքը, ապա դա մեկ այլ մասշտաբի պետական շահերի ոտնահարում է։

Բա Մեղրիին է վերաբերում, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել, եթե նշվում է կոմունիկացիոն, տրանսպորտային ճանապարհներ բացելու մասին։ Հայտարարության տեքստը կա, փաստը կա, ձևական տրամաբանությա՞մբ ենք շարժվում առաջ՝ ասելով, թե Մեղրիի անունը այնտեղ չկա։

Այդ երկաթգիծը ժամանակին Մեղրիի միջով է, չէ՞, անցել։ Հիմարություն է ասել, ու մենք էլ ընկնում ենք, սկսում ենք մեկնաբանել։ Հա, ի՞նչ անենք՝ Մեղրիի անունը չկա, բայց Մեղրիի շրջանին է, չէ՞, վերաբերում այդ ամենը։

– Պարո՛ն Սարոյան, Ալիևը շարունակում է իր կոշտ հռետորաբանությունը, և դրա վկայությունն է Հայաստանի ԱԳ նախարարի՝ Արցախ կատարած այցից հետո նրա հայտարարությունը։ Ի՞նչ է սա նշանակում, արդյոք Հայաստանի իշխանությունների թուլությունի՞ց է դա։

– Սովորական, բնական թուրքական արձագանք է, բնական թուրքական քաղաքականություն։ Նման իրավիճակում, երբ թուրքը պատժված չէ, սպասել, որ թուրքը այլ հռետորաբանություն կորդեգրի, անպատկերացնելի է։ Այսինքն՝ ի՞նչ է, պետք է սպասեինք, որ Ալիևը ասեր՝ վա՜յ, ի՜նչ պուպուշ են հայերը, մենք բարիդրացիական հարաբերություններ ենք հաստատելու, և պահպանվելու են Հայաստանի պետական շահե՞րը։

Թուրքից նման բա՞ն է հնարավոր սպասել։

Դեռ ավելի վատ բաներ է ասում՝ Երևանը, Սևանը համարում է իր պատմական հայրենիք։ Վաղը-մյուս օրը Լոռին էլ կասի։ Խնդիրն այն է, թե մենք ի՞նչ ենք անում այդ ամենի դեմ։

Խնդիրն այն է, որ այստեղ կա քաղաքական ղեկավարություն, որը սին պատրանքներ ունի, թե թուրքերի հետ կարելի է այլ լեզվով խոսել։ Մենք մեզ պետք է նայենք, ոչ թե դրսին։

Թուրքը հենց այդպես էլ պետք է արտահայտվեր, բայց մենք հասկանո՞ւմ ենք, թե մեր շահերը ինչպե՛ս պետք է պաշտպանենք։ Մենք հասկանո՞ւմ ենք, որ պետք է ատամ ցույց տանք, հասկանո՞ւմ ենք, որ պետք է մեր շահերի համար լուրջ պայքար մղենք։

Ամեն ինչ զիջելով՝ նրանց թվում է, թե պայքա՞ր են մղում։ Նման պայքար չի լինում, սեփական իրավունքները զիջելով՝ ինչ է թե խաղաղության հասնե՞ս։ Չի լինում աշխարհում նման բան։ Նման մտածողությամբ մարդկանց պետք է մեկուսացնել և մոտ չթողնել իշխանության ղեկին։ 

– Ըստ ձեզ՝ Փաշինյանը հնարավոր եռակողմ հանդիպմանը հոգեբանական ի՞նչ վիճակում կարող է ներկայանալ, կարո՞ղ է ուժեղի դիրքերից հանդես գալ, կարո՞ղ է պահանջկոտ լինել։

– Ո՛չ, նա ուժեղի դիրքերից չի կարող հանդես գալ, ոչ էլ երբևէ հանդես է եկել։ Այդ ցուցամոլությունը, այդ արատը շատ բնորոշ են ներկայիս կառավարությանը։ Սպասել, որ վարչապետը ուժեղ կլինի այդ հանդիպմանը, ճիշտ չէ։ Հակառակը՝ այլ հոգեվիճակ կարող է լինել նրա մոտ այդ հանդիպմանը, ինչպե՞ս կարող է պարտված կողմը իրեն վստահ ու ուժեղ զգալ։

Եթե ժպտալով մտնում է, խոսում, զրուցում նրանց հետ, դա աներեսություն կարող է լինել, չգիտեմ՝ էդպիսի որակներ ունեցողները ինչպե՛ս են հարաբերվում։ 

Ասվում էր, որ պատերազմից հետո, եթե մենք ուզում ենք որևէ դրական արդյունք ունենալ, բանակցողը պետք է փոխվի։ Շատ կարևոր է այս փուլում, թե բանակցողն ով է։ Բոլորովին այլ մարդիկ պետք է բանակցող լինեն, բոլորովին այլ պահանջներ պետք է դրվեն։ Պարտության հեղինակը չպետք է լինի բանակցություն վարողը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am