ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը` Օսկանյանի գործով

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը` Օսկանյանի գործով
ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը` Օսկանյանի գործով

ԲՀԿ պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գործով հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
«Մենք ուշադրությամբ հետևել ենք արտաքին գործերի նախկին նախարար Օսկանյանի դեմ ընթացող դատական գործին և շատ մտահոգված ենք վերջին զարգացումներով: Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը և Հայաստանի իրավական, արդարադատության և օրենսդրական ոլորտների բարեփոխմանը»,-lragir.am-ի հաղորդմամբ, նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է «հանցավոր ճանապարհով ստացվածեկամուտներն օրինականացնելը»՝ փողերի լվացում: Ի պատասխան` Օսկանյանն հայտարարել է, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Այսօր`ԱԺ փակ քվեարկությամբ, 64 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ, ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից:

Օսկանյանին` անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանը ներկայացրել էր երեկ, որից հետո երկու օր շարունակ ԱԺ-ում ընթանում էին քննարկումներ, հարց ու պատասխան, պարզաբանումներ:

© Medialab.am