Ավանեսյանը չի բացառել, որ Covid-19-ով պայմանավորված որոշ սահմանափակումներ առաջիկայում կհանվեն

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բոլոր սահմանափակումները կրում են ժամանակավոր բնույթ և ուղղված են կոնկրետ որոշակի խնդիրներ լուծելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա  նշեց, որ  մասնագիտական թիմը այս պահին քննարկում է 2022 թվականի մարտի 1-ից սպասվող նոր փոփոխությունների հարցը: Վերլուծությունից հետո՝ առաջիկա շաբաթվա ընթացքում, կիրազեկեն, թե որ սահմանափակումները կմնան, որոնք դուրս կգան:

Անդրադառնալով պատվաստանյութերին՝ նախարարը ասաց, որ նոր տեսակի պատվաստանյութերի նկատմամբ ավելի մեծ է հետաքրքրությունը, բայց պահպանվում է մյուս պատվաստանյութերի ակտիվ օգտագործումը:

«Այս պահին  Հայաստանում առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը: Ասեմ, որ շատ Եվրոպական երկրներ պահանջում են խթանիչ դեղաչափի առկայությունը: Խթանիչ դեղաչափը արվում է մեկ անգամ»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը կարևորեց «ԱՐՄԵԴ» համակարգի կիրառումը և շեշտեց, որ  նախարարությունը աշխատանքներ է տանում, որպեսզի մեր «ԱՐՄԵԴ» համակարգը ընդլայնվի ու ավելի շատ  բժշկական տվյալներ ներառվեն այնտեղ, ինչը  կօգնի  քաղաքացուն ավելի իրազեկված լինել, թե՞ ինչ հետազոտություններ է անցել:

«Բացի դրանից, Հայաստանում առողջապահության զարգացման համար շատ կարևոր է ունենալ այդ միասնական տվյալների բազան, մենք պետք է հստակ ունենանք հիվանդացությունների և  դեպքերի մասով ամբողջական պատկեր»-եզրափակեց Անահիտ Ավանեսյանը: