Արցախի նախագահը իրավապահներից պահանջել է գործել թափանցիկ. Խորհրդակցություն նախագահականում

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ ապրիլի 5-ին տեղի է ունեցել Արցախի ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ խորհրդակցություն՝ իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ:

Արցախի նախագահականից տեղեկացնում են, որ քննարկվել են Արցախում հասարակական կարգի պահպանմանը, հանցագործությունների կանխարգելմանը, իրավապահների կողմից հանրային հնչեղության ստացած հարցերին արագ և արդյունավետ արձագանքելու հետ կապված հարցեր:

Վերջին ամիսներին Հանրապետությունում գրանցված ինքնասպանությունների և զենքի կիրառմամբ կատարված որոշ հանցագործությունների դեպքերի առնչությամբ զեկուցումներով հանդես են եկել իրավապահ մարմինների ղեկավարները: Հանրապետության նախագահը իրավապահներից պահանջել է գործել թափանցիկ և օպերատիվ՝ հավատարիմ մնալով օրենքի տառին և բարձրացնելով ներքին կարգուկանոնի ապահովման աշխատանքների արդյունավետությունը:

Նշվում է, որ քննարկվել են նաև ռազմական գործողությունների հետևանքով մերձճակատային գոտում հայտնված բնակավայրերի և ճանապարհների անվտանգությանն առնչվող հարցեր:

Հանրապետության նախագահի հանձնարարականով, անվտանգության նկատառումներից ելնելով, սկսվել են ինչպես այդ բնակավայրերի, այնպես էլ ներհանրապետական կարևոր մայրուղիների գիշերային լուսավորության համակարգերի ներդրման աշխատանքները։