Տնտեսական ծանր վիճակ, ապագայի նկատմամբ վստահության խաթարում. մասնագետը ահազանգում է՝ արտագաղթի վտանգ կա

Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ փետրվարի 1-ից Հայաստանի և Ռուսաստանի միջև կվերսկսվի երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը։ 

Գործարկվում է ճամփորդային «Ճամփորդում եմ առանց covid-19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններն ընդունել են որոշումներ։ Քաղաքացիները պետք է ունենան կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք՝ թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջվա։

Այս նախաձեռնությունը, ըստ տարբեր գնահատականների, կարող է Հայաստանից արտագաղթի պատճառ դառնալ: 

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը «Մեդիալաբին» ասում է՝ արտագաղթի վտանգ տեսականորեն կա, և դրա ծավալները կարող են աճել, բայց մասնագիտական հստակ գնահատականներ հնչեցնելու համար անհրաժեշտ են հետազոտություններ:

«Արտագաղթի վտանգն իհարկե կա, ավելին՝ դրա տեմպերը կարող են աճել, բայց ամեն դեպքում մեր երկրի համար արտագաղթի հետ կապված խնդիրները, դրա պատճառներն ու տեմպերը հետազոտելու կենսական անհրաժեշտություն կա: 

Շատ անհրաժեշտ է, օրինակ՝ հետազոտել՝ հասկանալու, թե մեր բնակչության միգրացիոն վարքագծում ինչ փոփոխություններ, ինչ բնույթի ու ինչ քանակական սահմանանիշներով են կատարվել: 

Ռուբեն Եգանյանը

Այլ բան է, որ ես չեմ պատկերացնում, թե կորոնավիրուսի պայմաններում ինչպես է հնարավոր նման հետազոտություն անցկացնել, քանի որ այն ենթադրում է սոցիոլոգիական հարցումներ բնակչության շրջանում, որն այսօրվա պայմաններում չափազանց բարդ է»,- «Մեդիալաբին» ասում է մասնագետը:

Բացի այդ, ըստ Եգանյանի, պետական մարմինները կարծես շահագրգիռ չեն նման հետազոտության անցկացման հարցում, մինչդեռ դրա արդյունքները կարող են հիմք լինել՝ ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր, կանխելու նման միտումները:

Դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ պատերազմն ու դրա չհաղթահարած վտանգները մեծացրել են հանրության շրջանում արտագաղթի ցանկությունը, ժողովրդագիրն արձագանքում է. 

«Այո՛, տեսականորեն կարող եմ ասել՝ հնարավոր է արտահոսքի ծավալների մեծացում: Համենայնդեպս՝ մեկնելու ցանկություն ունեցողների թվաքանակի մեծացում հնարավոր է: Այլ բան է, թե այդ ցանկությունները որքանով են հնարավոր իրականություն դարձնել: 

Դա էլ պետք է հաշվի առնել: Մի բան է` երբ դու ցանկություն ունես, այլ բան է, երբ այդ ցանկությունը որևէ ձևով իրականացնելու հնարավորություն չունես: Այսօր ես չեմ պատկերացնում, թե ինչ հնարավորություններ կան այդ ցանկությունը կամ դրանց մեծ մասը իրականացնելու»: 

Բացի մարդկանց հնարավորությունների պակասից, ժողովրդագիրն ասում է՝ երկրորդ երկրները այժմ դժվար են ընդունում փախստականներ, հետևաբար, մարդկանց շրջանում արտագաղթելու ցանկությունն ու այն իրագործելը միանգամայն տարբեր բաներ են:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին տարիներին Հայաստանի բնակչության նվազման միտումները դանդաղել էին. եթե 2016-ին երկրի բնակչությունը նվազել էր 48170-ով, 2017-ին՝ 26897-ով, ապա 2018-ին նկատվել է մուտքի ու ելքի դրական սալտո՝ 15313 մարդ։ 

Արձանագրվել է նաև Հայաստանի քաղաքացիների կողմից երկիրը լքելու բացասական դինամիկա՝ 2016-ին Հայաստանը լքել է 54031 ՀՀ քաղաքացի, 2017-ին՝ 36191, իսկ 2018-ին՝ 4588 ՀՀ քաղաքացի։ 

2019 թվականին միգրացիայի մնացորդը բացասական թվով 16000 է, որը նախորդ վեց տարիների համեմատ ամենացածր ցուցանիշն է:

«Մարդիկ մտածում են, թե պատերազմը, որը, ճիշտ է, ավարտվել է, և դրանից բխող հետևանքները կարող են վտանգավոր միջավայր ստեղծել իրենց համար: Բացի այդ, տնտեսական վիճակը, ապագայի նկատմամբ վստահության խաթարումը, մարդկանց հոգեբանական վիճակի փոփոխությունը կարող են նպաստել արտագաղթին: 

Այսօր ամենամեծ հարվածը մարդկանց հոգեբանական վիճակին է հասցվել: Մեզ մոտ առաջնային խնդիրը հիմա պետք է լինի հոգեբանական վերականգնման ծառայությունների ստեղծումը: 

Այդ ծառայությունների միջոցով պետք է փորձել մարդկանց շոկային վիճակից դուրս բերել, թոթափել լարվածությունը, որովհետև հիմա մարդիկ անգամ իրենց տանը նստած ճնշված են ու վատ են զգում: 

Այդ ամեն ինչից զատ, աննորմալ բան է կատարվում քաղաքական կյանքում, երբ բաժանվել են երկու բանակի ու իրար նկատմամբ ինչ թույն ասես թափում են: Մարդը միայն մի բան է հասկանում՝ ոչ մեկի նկատմամբ վստահություն չկա, որ այս երկիրը հեռանկար չունի՝ այսօրվա առաջնորդներով չունի, հնարավոր առաջնորդներով չունի»,- նշում է Ռուբեն Եգանյանը: 

Հասմիկ Համբարձումյան 

MediaLab.am