«Այս իշխանություններից չի կարելի որևէ փոփոխություն սպասել, դա ժամանակի անիմաստ վատնում է»․ Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, արդարադատության նորանշանակ նախարար ունենք։ Գրիգոր Մինասյանի նշանակումն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ սպասելիքներ ունեք այս նախարարից։

– Դեռևս փոխնախարար նշանակելու ժամանակ ամբողջ քաղաքացիական հասարակությունը միևնույն կարծիք ուներ, և չկային կասկածներ, որ խնդրահարույց է։ Խոսքը գիտելիքների, հմտությունների և փորձառության մասին չէ, խոսքն ազգակցական ու առհասարակ ունեցած կապերի մասին էր, որն առկա էր։

Զարմացած չեմ, որովհետև պարոն Մինասյանը խնդրահարույց կերպարներից միակը չէր, որ պաշտոնի է նշանակվում։ Դա Ջհանգիրյան Գագիկն էր, ԱԱԾ-ի միջնորդությամբ Վարդազարյանի նշանակումն էր, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի նշանակումն էր, Արթուր Դավթյանն ու էլի բազմաթիվ մարդիկ, որոնք նշանակվել էին տարբեր պաշտոնների, այնպես որ, Մինասյանի պարագայում ոչ մի զարմանալի բան չկար։ Այսպես էլ պետք է լիներ, շատ կանխատեսելի քայլ էր, եթե նպատակահարմար գտան նշանակել փոխնախարարի պաշտոնին, ապա հաջորդ քայլը պարզ էր։

Ուղղակի մեկ հարց կուզեի ճշտել. արդյոք պարոն Անդրեասյանը (արդարադատության նախկին նախարարը, այժմ՝ ԲԴԽ նախագահ.-խմբ.) Նիկոլ Փաշինյանի նկարը հետը տարե՞լ է, թե՞ չէ, եթե չի տարել՝ արդյոք կախվա՞ծ է նախարարի աշխատասենյակում, ու հիմա էլ պարոն Մինասյանն է նայելու ու ճշգրիտ որոշումներ կայացնելու, կամ արդյոք նոր նախարարը պատրաստվո՞ւմ է դառնալ կուսակցության անդամ։

Շատ սյուռ կլինի, եթե Սերժ Սարգսյանի հետ բարեկամական-խնամիական կապեր ունեցող մարդը դառնա Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ։ Սա ընդամենը ցույց է տալիս, թե ինչքան փոխկապակցված են հարաբերական հին ու նոր իշխանությունները, և ինչքան մեծ ազդեցություն կարող են ունենալ նախկինները, թեպետ դրա կարիքը չունեն, կարծես թե հարաբերական նորերն էլ առիթը բաց չեն թողնում հին մարդկանց պաշտոնների նշանակելու։

– Արդարադատության ոլորտում, այնուամենայնիվ, փոփոխություններ ակնկալե՞նք։

– Այս ոլորտում փոփոխության համար թեև պատասխանատու է արդարադատության նախարարությունը, բայց փաստը մնում է փաստ. եթե չկա փոփոխություններ անելու քաղաքական կամք, հետևաբար այս իշխանություններից չի կարելի ոչ մի փոփոխություն սպասել, դա ժամանակի անիմաստ վատնում է։

Իսկ սրա ամենավառ ապացույցն այն է, որ խորհրդարանը հիմնականում ու բացառապես ՔՊ-ականների դրական քվեարկության արդյունքներով այնպիսի մարդիկ է նշանակում Վճռաբեկ դատարանում կամ այլ տեղ, որ դա որևէ փոփոխության մասին խոսելու հնարավորություն չէր տալիս։ Նշանակում է, որ հին, ավանդական հանցավոր մեթոդները շարունակում են հիմա էլ օգտագործվել։ Փոփոխություն ունեցող թիմն այսպիսի քայլերի չի գնում։

Իրականում մեզ անհրաժեշտ էին շատ լուրջ, վճռական, կտրուկ քայլեր, բայց դրա համար ցանկություն չկար։ Ոչ մի ոլորտում, ոչ մի գործողության համար իշխանությունը ո՛չ պատասխանատվությունը գիտի ինչ է, ո՛չ էլ հասկանում է՝ փոփոխություններն ինչի համար են պետք ու ինչպես են արվելու, և, բնականաբար, ի հետևանք որևէ ոլորտում փոփոխություն չենք ունենալու։

– Տիկի՛ն Կարապետյանց, դեռ վաղուց էր նշվում, որ իշխանությունը համապատասխան կադրերի պակաս ունի, դրա համար էլ մենք անընդհատ ականատես ենք լինում տեղափոխությունների: Իսկապե՞ս կադրերի պակասն է խնդիրը, թե՞ իշխանությունն իրեն հավատարիմ մարդկանց է նախընտրում նշանակել պաշտոնների:

– Եթե Հայաստանում չկան 200-300 հոգի, որոնք գոնե առաջին բարձրագույն պաշտոններ կզբաղեցնեին, ու իրենք գաղափարական ու գրագետ մարդիկ են, ապա նշանակում է Հայաստանի դուռը կարելի է փակել ու բանալիները տալ ինչ-որ մեկին:

Ես այդպես չեմ կարծում, որովհետև մենք իսկապես ունենք բացառիկ կադրեր, որոնց հետ պետք է աշխատել, բայց իշխանությունը սկզբնական շրջանում փնտրում էր բացառապես միայն անձնապես Նիկոլ Փաշինյանին հավատարմություն հայտնած մարդկանց, բնականաբար, այդպիսի մարդկանց թիվը չէր կարող մեծ լինել:

Իսկ հիմա տեսնում ենք, թե ինչպես են օգտագործում հին կադրերին, որովհետև հասկացել են, որ նոր փոփոխությունների չեն գնալու ու հին մեթոդները պետք է կիրառեն, ինչի համար էլ պետք են հին մեթոդներին քաջածանոթ ու այդ առումով փորձ ունեցող մարդիկ: Այսինքն՝ ընտրում են երկու տարբերակով, որ հավատարիմ լինեն Նիկոլ Փաշինյանին, երկրորդ, որ լինեն պրոֆեսիոնալ, ու Նիկոլ Փաշինյանի ու իր փոքր թիմի կարծիքով, կարողանում են օգտագործել այդ մարդկանց իրենց նպատակներին հասնելու համար, բայց չարաչար սխալվում են:

Արթուր Դավթյանը, Գագիկ Ջհանգիրյանը ու նրանց նման փորձառու մարդիկ չեն ծառայելու Նիկոլ Փաշինյանին, ոչ էլ ինչ-որ մեկին, նրանք շատ լավ գիտեն՝ իրենց անձնական շահը որտեղ է: Առավելևս, այդ մարդիկ չեն ծառայելու պետությանը, նրանք ծառայելու են սեփական հետաքրքրություններին:

– Այսինքն՝ ինչ-որ սպասելիքներ ունենալն անիմա՞ստ է:

– Այս իշխանության օրոք բացարձակ ու տոտալ անիմաստ է, որովհետև այլևս որևէ մեկը, հատկապես արդարադատության ոլորտում, մտավախություն ու մտահոգություն չունի, որ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի օրոք որևէ մեկին, որևէ հարցի վերաբերյալ ինչ-որ հարց ու պատասխան է լինելու, հատկապես նրանց, ովքեր նախկինում պարտավորություն են ունեցել գործողություններ իրականացնելու, բայց չեն իրականացրել:

Այնպես որ, արդարադատության ամբողջ համակարգի հանցավոր կլանը՝ հին ու նոր, անչափ շնորհակալ պետք է լինի Նիկոլ Փաշինյանին, որովհետև այսպիսի ներում նրանք որևէ մեկից սպասել չէին կարող, անգամ՝ Սերժ Սարգսյանից:

– Իսկ այս իրավիճակը կարո՞ղ է հանրության շրջանում դժգոհության ալիքի պատճառ դառնալ:

– Շատ-շատերն արդեն սկսել են հասկանալ. եթե երկու տարի առաջ ես իմ հասցեին բացի հայհոյանքից ուրիշ բան չէի լսում, ապա հիմա զգալի մասը գոնե դադարել է հայհոյելուց, ինչը նշանակում է, որ այնպիսի ֆանատիզմով չեն վերաբերվում Փաշինյանի անձին, այսինքն՝ մարդիկ իրենց աչքով են տեսել այդ չբարեփոխումների արդյունքն ու հետևանքը:

Ցավում եմ, որ շատ մեծ ժամանակ պահանջվեց, որ հասարակությունը հասկանա իրական խնդիրների լրջությունն ու հետևանքները: Այս ամենը լյուստրացիա չանելու հետևանքներն են, ուղղակի մենք այս ամենի համար շատ ծանր գին ենք վճարում, բայց ակնհայտ է, որ հասարակությունը սկսում է հասկանալ: Կարևորը՝ սկսում է հասկանալ, իսկ թե ե՛րբ կարթնանա, ո՛ր պահին, շատ դժվար է ասել, որովհետև մեր հասարակությունը դժվար արթնացող է, բայց արթնանալիս էլ շատ խիստ է արթնանում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am