Տարակուսած ենք՝ ինչու է դեսպանատան առջև նման հանրահավաք անցկացվում. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է այսօր դեսպանատան առջև տեղի է ունեցած ցույցին՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը լուծելու պահանջով: 

«Գիտակցելով ստեղծված իրավիճակի ողջ սրությունն ու զգայունությունը ՝ ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ուշադրության կենտրոնում։

Տարվում է հետևողական, քրտնաջան և շատ բարդ աշխատանք, որի տեսանելի արդյունքը, մասնավորապես, երեկ ՝ փետրվարի 9-ին, ևս 5 անձանց վերադարձն է Հայաստան:

Այդ կապակցությամբ տարակուսած ենք, թե ինչու հենց այն իրադարձություններից հետո, որոնք արտացոլում են Ռուսաստանի ղեկավարության և խաղաղապահ զորախմբի ջանքերի արդյունքը, դեսպանատան առջև նման հանրահավաք է անցկացվում»: