ՆԱՏՕ-ի զորքեր են կուտակվում արեւելաեվրոպական երկրներում, սակայն դիվանագիտական ջանքերը չեն մարում

2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից ի վեր, ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում տեղակայել է մոտ 5 հազար զինվորական, ինչը դաշինքն անվանում է «Առաջնագծային ընդլայնված ներկայություն»: ԱՄՆ-ը լրացուցիչ 8500 զինծառայող է այս պահին պահում պատրաստ վիճակում: Նախագահ Բայդենը հայտարարել է մոտ ժամանակներում դրանք Եվրոպայում տեղակայելու մտադրության մասին, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Ֆրանսիան հայտարարել է, որ մտադիր է հավելյալ եւս մի քանի հարյուր թվակազմով զորքեր տեղակայել Ռումինիայում: Իսպանիան, Նիդեռլանդները և Գերմանիան նույնպես դիտարկում են ավելի մեծաթիվ զորքեր, ռազմաօդանավեր և ռազմանավեր ուղարկելու հարցը:

Մեծ Բրիտանիան Ուկրաինային մատակարարել է շուրջ 2 հազար հակատանկային զենք, և սպասվում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին այս շաբաթ կներկայացնի հետագա տեղակայումների մասին առաջարկ:

Ինչպես Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն է ասել, ‘’Մենք նախագահ Պուտինին տալիս ենք այնպիսի ազդանշան, ինչից նա վախենում է: Նա պիտի ըմբռնի, որ Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի առաջխաղացումը կլինի Ուկրաինայի պես ինքնիշխան պետության տարածք Մոսկվայի կողմից ներխուժման հետեւանք’’:

ՆԱՏՕ-ն հայտարարում է, թե այս քայլելով պատասխան է տալիս ռուսական ագրեսիային: Մոսկվան Արեւմուտքի նման արձագանքն անվանում է «հիստերիա», սակայն շարունակում է հազարավոր նորանոր ուժերի տեղակայում: Վերջին մի քանի օրերի ընթացքում ևս մի քանի հազար զինվորականներ են ժամանել Բելառուս` համատեղ զորավարժությունների համար։

Այս ընթացքում, սակայն, դիվանագիտական ջանքերը չեն մարում: Այդ առաքելության շրջանակներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեքշաբթի օրն այց է կատարել Ուկրաինա եւ բանակցություններ է անցկացնում նախագահ Վոլոդիմիր Զելնենսկիի հետ: Ջոնսոնը պատրաստվում է Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսային բանակցությունների: Մեծ Բրիտանիան առաջարկում է հավելյալ 88 միլիոն ֆունտ ստերլինգի համարժեք օգնություն: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ ռուս իր գործընկերոջը նախազգուշացնում է, որ ‘’դեպի Ուկրաինա նոր ներխուժումը կհանդիպի խիստ հետեւանքների’’: