Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվարկներով` Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի, շուրջ 35-40 հազարն էլ դեռևս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Արմենպրես»ի փոխանցմամբ`այս մասին փետրվարի 15-ին հրավիրված քննարկման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

«Մեր հաշվարկներով` այս պահին Արցախում է բնակվում 105-110 հազար արցախցի, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում է գտնվում շուրջ 35-40 հազար արցախցի, որոնց ճնշող մեծամասնությունը տեղահանված անձինք են: Նրանց մի մասը` գուցե 10 հազարից ոչ ավելին, անօթևան չմնացած անձինք են, որոնք իրենց անհատական որոշումն են կայացրել, որ չեն վերադառնում տուն»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անօթևան մնացած և Արցախում պետական աջակցությամբ տարբեր կացարաններում տեղավորված անձինք մոտ 10 հազար են:

«Արցախի Հանրապետությունում տեղավորված անձինք մոտ 10 հազարն են, որոնք տեղավորված են պետական կենտրոնացված կազմակերպման շինություններում` հյուրանոցներ, հյուրատներ, վարձակալությամբ են բնակվում պետական աջակցությամբ: Նաև տեղավորվել են տարբեր գյուղերի ազատ բնակարանային ֆոնդերում, դրան զուգահեռ աշխատանքներ են տարվում բնակարանային ֆոնդերը մեծացնելու ուղղությամբ»,- նշեց Արտակ Բեգլարյանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարն ընգծեց, որ պետության համար առաջնայինն արցախցիների վերադարձը խրախուսելն է: