Բերդը փոշոտված ադամանդ է, պետք է մի թեթև փոշին սրբել, և կփայլի․ Վարչապետի խորհրդականը՝ Տավուշի զարգացման մասին

«Մեդիալաբի» հարցազրույցը վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի հետ

– Պարո՛ն Ղուկասյան, դուք գործուղվել եք Տավուշ՝ հետևելու վերջին հրետակոծություններից տուժած բնակիչների տների վերականգնման աշխատանքներին։ Խնդրում եմ, կասեք՝ ի՞նչ փուլում են շինարարական աշխատանքները։

– Այժմ Այգեպար, Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։

Բայց դրան գումարած Այգեպարում կա մի փողոց, որը այդ գյուղի ամենավնասված հատվածն է, որոշում է կայացվել այդ փողոցն ամբողջությամբ վերականգնել, հիմնանորոգել և բնակիչներին հանձնել բարեկարգ փողոց։

Շինարարական աշխատանքներին զուգահեռ այստեղ սահմանամերձ բնակավայրերի զարգացման հայեցակարգն ենք մշակում։ Վարչապետի հանձնարարությամբ պետք է մտածենք Բերդ խոշորացված համայնքի զարգացման ծրագիրը, ներկայացնենք մոտեցումները, թե ինչպես անենք, որ այս հեռավոր շրջանը արագ զարգացնենք, որովհետև բոլորս էլ գիտենք՝ այս տարածաշրջանը շատ կտրված է։

Մի ծրագիր ունենք, որը շուտով կհրապարակենք, խոսքը Բերդ քաղաքում Տավուշ բերդի (Ցլիկ Ամրամի բերդ – հեղ․) պեղումների, վերականգնման և նրա շուրջը ձևավորվող կլաստերի մասին է։ Այս ծրագիրը, ըստ մեզ, մեծ փոփոխություն կբերի տարածաշրջանի համար։

– Ինչպե՞ս են մարդիկ ընդունում, որ իրենց տները վերանորոգվում են: Որքան հիշում եմ՝ առաջին անգամ է, որ Կառավարությունը նման ծրագիր է իրականացնում։

– Այո՛, ճիշտն ասած, մարդիկ իրականում զարմացած են շատ արագ արձագանքելու համար, որովհետև հենց առաջին օրից ես գործուղվել եմ այնտեղ ռմբակոծության ժամանակ, և վարչապետի հանձնարարականն այնպես էր, որ անմիջապես պետք է սկսել վերականգնողական աշխատանքները։

Սա իրականում իրենց համար զարմանալի էր, չէին հավատում, բայց շատ շուտով համոզվեցին, որ այդպես է։ Ամբողջ ռեսուրսները ներդրվելու են, որ հասցված վնասները վերականգնվեն։

Ավելին, ավելի լավ պետք է վերականգնվեն, քան նախկինում էր։ Հիմա շատ մեծ ոգևորություն կա։ Ես շատ մեծ նշանակություն եմ տալիս մարդկանց բարոյահոգեբանական տրամադրությանը, որը այստեղ նկատելիորեն վճռական է։

Այստեղ կատարվողը վարչապետի ամենօրյա, նույնիսկ՝ ամենժամյա ուշադրության կենտրոնում է, և նույնիսկ այդ օրերին և նաև հիմա ժամը մեկ ուզում է տեսնել, թե ինչ էր կատարվում, ինչ պետք է անել։

Միշտ ասում է՝ պետք է անել աշխատանքը ամենալավ որակով, պետք է մարդիկ տեսնեն, որ պետությունն իրենց կողքին է և ոչ միայն իրենց կողքին է, այլ նաև մեկ օրգանիզմ է։ Դա նախևառաջ ինձ համար էր մոտիվացնող, և, բացի այդ, դա տեսնում է նաև բնակչությունը։ 

– Ե՞րբ կավարտվեն շինաշխատանքները Բերդի տարածաշրջանում։

– Կարծում եմ՝ մեկ-երկու ամսից։ Բարդություններ են առաջանում, քանի որ տների մեծ մասը ավելի հին է, հաճախ թվում է, թե փոքրիկ աշխատանքներ են, բայց աշխատանքների ընթացքում ի հայտ են գալիս նոր խնդիրներ, իսկ քանի որ հանձնարարականը հստակ է՝ պետք անել ամեն ինչ շատ բարձր որակով, հետևաբար հաճախ գործը ձգձգվում է հենց այդ պատճառով։ Ես այստեղ եմ հենց այդ ամենը համակարգելու և անմիջական կապ հաստատելու համար։ 

– Պարո՛ն Ղուկասյան, Բերդի զարգացման ռազմավարության մասին խոսեցիք, ի՞նչ է դա ենթադրում։

– Զարգացման ռազմավարությունը ամեն ինչ է ընդգրկում իր մեջ՝ աշխատատեղեր, սոցիալական, տնտեսական, առողջապահական, նաև՝ բնապահպանական զարգացում, այսինքն՝ ստանդարտ ռազմավարական ծրագիր, թե այստեղ ինչի վրա պետք է շեշտադրում անել և ինչ ռազմավարություն պետք է կիրառել։

– Եվ ի՞նչ ռեսուրսներ ունի այժմ Տավուշի մարզը։

– Տավուշի մարզը իմ տեսած ամենահարուստ ռեսուրսներով տարածաշրջանն է, անհավանական մեծ ռեսուրսներով։ Ես Բերդի տարածաշրջանը նմանեցնում եմ փոշոտված ադամանդի, որ ուղղակի պետք է մի թեթև փոշին սրբել, և այն կփայլի, որովհետև անսահման ռեսուրսներ ունի, ու խոսքը ոչ թե առաջնային ռեսուրսների մասին է, այլ ամեն ինչ պատրաստ է, ուղղակի պետք է այն գործարկել։

Բնականաբար, մեծ շեշտադրում պետք է անել գյուղատնտեսության վրա, կարծում եմ՝ թուզը կարող է դառնալ այստեղի այցեքարտը, որը բավականին հաջողված մշակաբույս է, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտը զարգանալու մեծ հնարավորություն ունի, քանի որ դրախտային բնություն է, բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ կան, տեղի բնակչության միկրոմշակույթն է հաճելի։

Այդ բոլորը միասին ձևավորում են չքնաղ միջավայր զբոսաշրջության զարգացման համար։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am