«Քիչ խոսա, վրես գործ չբացես». Երեխաների համար նախատեսված անվճար դեղորայքը` ոչ բոլորի համար»

Սոցիալական դժվարին կացության մեջ գտնվող Վարդանյանների ընտանիքում երեք անչափահաս աղջիկներ են մեծանում` 9-ամյա Տաթևիկը, 6-ամյա, Սյուզին ու 5-ամյա էլենը: Երեխաների մայրը հեռացել է տարիներ առաջ եւ հիմա ընտանիքի ողջ հոգսը թոշակառու տատի եւ հոր ուսերին է, ում եկամտի միակ աղբյուրը փողոցից շշեր հավաքել-հանձնելն է:

«Ամենադժվարը ձմեռն ա, չգիտես, թե ինչ ճար անես: Երեխեքս անընդհատ հիվանդանում են, գրիպ, բարձր տաքություն, բայց էսքան տարվա մեջ էս մեր նեղ հալին, ոչ մի անգամ բժիշկները չեն ասել, թե անվճար դեղ կա, տալիս են: Ամեն անգամ երեխեքիս հացից կտրել եմ, որ դեղ առնեմ»,-«Մեդիալաբին» ասում է թոռների տատը` Մարիամ Վարդանյանը, ու զարմանում է, որ նման բան կա:

Հիշեցնենք, որ «Մեդիալաբի» նախորդ հարապարակումը` ՀՀ կառավարության որոշման մասին, որի համաձայն մինչեւ 7 տարեկան երեխաներն ընդգրկված են անվճար  կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում, բուռն արձանգանքների արժանացավ: (ՀՀ կառավարության 2006թ.-ի նոյեմբերի 23-ի թիվ 1717-Ն որոշում):

Օրենքի համաձայն, դեղերի ցանկին ծնողները կարող են ծանոթանալ ինչպես իրենց տեղամասային բժշկի մոտ, այնպես էլ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» և առողջապահության նախարարության կայքէջում տեղադված ցուցակներից: (Մանրամասն` այստեղ եւ այստեղ🙂

Սակայն, «Մեդիալաբի» հարցումը ցույց տվեց, որ նույնիսկ խիստ անապահով ընտանիքների դեպքում, որոնցից մեկն էլ Վարդանյանների ընտանիքն է, իրազեկված էլ չեն, որ նման օրենք գոյություն ունի:

Անվճար դեղեր ստանալու իր իրավունքի մասին չգիտեր նաև Իվան Պողոսբեկյանը, ով փետրվարի 20-ին կառավարության դիմաց բողոքում էր, եւ հուսահատ լաց լինում: Պողոսբեկյանը պնդում էր, որ իր 9 ամսական երեխային չեն ընդունել Արաբկիր բժշկական կենտրոնում` տեղ չլինելու պատճառաբանությամբ.

«Դեղերի մի հատ ցանկ տվեցին, ասեցին, որ առնեմ, բուժեմ: Ես նույնիսկ հացի փող չունեմ, իսկ դրանք շատ թանկ դեղեր են, և ես չեմ կարող դրանք առնել»,- ասել էր Պողոսբեկյանը, ում բողոքին ընդառաջ առողջապահության նախարարը խոստացել էր օգնել:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով  Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան ամեն երրորդը` 35%-ը աղքատ է, նրանցից ամեն հինգերորդը` 19,9%-ը` շատ աղքատ, իսկ նրանց թվում` 3.7%-ը ծայրահեղ աղքատ:

Աղքատության ցուցանիշի նման թվերի պարագայում պետության աջակցությունը ավելի քան կարևոր է, հատկապես այն դեպքում, երբ պետական բյուջեցից միայն 2013թ. հատկացվել է  ընդհանուր 1մլրդ 120մլն դրամ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք ապահովելու նպատակով:

Գումարը հատկացվում է, պոլիկլինիկաները ըստ հայտ-պահանջագրի ստանում են իրենց հասանելիք դեղերը, բայց ծնողները մնում են անտեղյակ և տեղեկանալուց հետո էլ այս կամ այն պատճառաբանությամբ չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք անվճար դեղորայքը:

Մանկական դեղորայքը բավականին թանկ արժե, ինչպես օրինակ` սովորական ջերմիջեցնողները` «Նուրոֆեն» հեղուկն արժե 3000 դրամ, «Ֆլավամեդը»  2000 դրամ, հակաբիոտիկ «Ամոկսիկլավը»` 3000 դրամ, հազի համար նախատեսված «Լազոլվանը»` 3000 դրամ, «Բիսեպտոլը»` 3500դրամ, ալերգեններ «Ֆենիստիլը»` 4000 դրամ, նորածինների համար `«Բոբոտիկը»` 3000 դրամ:

Այս դեղերը, ինչպես նաև մանկական հիվանդությունների պրակտիկայում հանդիպող շատ դեղեր («Աուգմենտին», «Անաֆերոն», «Դոկտոր ՄՕՄ»,«Աքվադետրիմ», «Բակտրիմ», «Դիազոլին»,«Դիսֆլատիլ», «Էսպումիզան», «Զիրտեկ», «Էրեսպալ», «Լակտո-Ջի», «Թոբրեքս») ընդգրկված են ՀՀ Առողջապահության նախարարի 2013թ-ի մայիսի 14  թիվ 17Ն հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկում:

Եվ եթե անգամ հիվանդին բժշկի ցուցումով նշանակվել է հիմնական դեղերի ցանկում չընդգրկված դեղ, ապա պոլիկլինիկայի տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա հիվանդին դուրս է գրվում դեղ նախարարի 2013թ.-ի մարտի 27-ի թիվ 11Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում գրանցված դեղերի պետական գրանցամատյանի ցանկից»:  

Ու չնայած այն հանգամանքին, որ օրենքում չկա հատուկ կետ, որով կանոնակարգվում է  սոցիալապես անապահով երեխաներին առաջնահերթությամբ դեղեր տալը, պարզվում է, որ դեղերը նախատեսված չեն բոլորի համար:  

Նման պատասխան ստացել են այն ծնողները, ովքեր իրենց` անվճար դեղորայք ստանալու իրավունքին իրազեկվելուց հետո դիմել են տեղամասային բժիշկներին: Ըստ ծնողների, բուժհաստատություններում իրենց պատասխանել են, թե դեղերի թիվը սահմանափակ է, ուստի տրամադրվում է հիմնականում անապահով ընտանիքներին:

«Ախր ո՞վ է որոշում ում տան և ում` ոչ, իմ ապահովության աստիճանն ինչո՞վ են որոշում,- հարցնում է Երեւանի պոլիկլինիկաններից մեկում սպասող ծնողներից մեկը,- եթե օրենքով նախատեսված է, պետք է հասանելի լինի, բոլոր երեխաների համար»:

Դեղերը անապահով ընտանիքներին «զիջելու» մասին վարկածը հաստատում են նաև Դավթաշենի թիվ 20 պոլիլիկլինիկայի բժիշկները.

«Այնքան քիչ քանակությամբ ենք դեղ ստանում, որ երկու օրում վերջանում է,- ասում է Դավթաշենի թիվ 20 nպոլիկլինիկայի բժկուհիներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ- մենք ներքին կարգով փորձում ենք պահել անապահով ընտանիքների համար, որովհետև գիտենք, որ իրենք ընդհարապես ի վիճակի չեն դեղ գնել»,-նշում է նա:

Սակայն, ծնողների եւ առողջապահության ոլորտում աշխատողների խոսքերի մեջտեղում անպատասխան է մնում մի հարց. «այնուամենայնիվ, ո՞ւր են անհետանում դեղերը». ծնողներ դեղերը չեն ստանում, բժիշկները հավաստիացնում են, թե դեղերի քանակը սահմանափակ է, իսկ գլխավոր բժիշկները` պնդում, որ պակասորդ չկա:

«Ես էլ միշտ մտածել եմ, որ երևի սոցիալական պայմաններն են հաշվի առնում, բայց ցավոք բազմիցս ականատես եմ եղել, որ խեղճուկրակներին, երբ վերջիններս ճարահատյալ խնդրում են, մերժում են, ասում են դեղ չկա, չենք կարող տալ»,- «Մեդիալաբին» ասում է երեք երեխաների մայր Մարի Չաքրյանը:

«Այստեղ արդեն կոռուպցիան է գործում, քանի որ դեղերը տալիս են միայն գլխավորի հաստատումից հետո, իսկ գլխավորները հաստատելու համար պահանջում են «ուշադրություն»»,- հավելում է ծնող Մելանյա Պետրոսյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան» կազմակերպության ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշում է, որ թեեւ կոնկրետ հարցի վերաբերյալ հետազոտություն չկա, այնուամենայնիվ հավելում է.

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության` 108 երկրներում` այդ թվում նաև Հայաստանում, 2012-2013թթ. անցկացրած ուսումնասիրության համաձայն, առողջապահության ոլորտը համարվում է ամենակոռումպացված երեք ոլորտներից մեկը»:

Սակայն, առողջապահության ոլորտի պատասխանատուները պնդում են, որ ամեն ինչ կատարվում է օրենքի սահմաններում:

Բուժհաստատությունների կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրվող դեղորայքը ձեռք է բերվում սեփական միջոցների հաշվին, բացի այդ տրամադրվում է նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով ձեռքբերված և հումանիտար ճանապարհով ստացված դեղորայք:

Բուժհաստատության կողմից դեղորայքի ձեռքբերումն իրականացվում է համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների:

«Պայմանավորված նշված գործընթացով՝ հիվանդին կարող է տրամադրվել այն դեղորայքը կամ նրա համարժեքը, որը ձեռք է բերվել մրցույթի արդյունքում»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:

Պոլիկլինիկաներում դեղի պակասորդ չպետք է լինի, չհաշված այն դեպքերը, երբ մեծ թափով գլուխ են բարձրացնում սեզոնային, սուր վարակիչ հիվանդությունները, երբ դեղերն իսկապես կարող են չբավականացնել, որովհետև յուրաքանչյուր պոլիկլինիկա ըստ իր ներկայացրած հայտ-պահանջագրի է ձեռք բերում իր նշած դեղորայքը` ըստ քանակի:

Կենտրոնացված կարգով ձեռքբերված և հումանիտար ճանապարհով ստացված դեղորայքի վրա արդեն իսկ առկա է լինում «Ենթակա չէ վաճառքի» դրոշմակնիքը, իսկ բուժհաստատության կողմից ձեռք բերվող դեղորայքի վրա մակնշումը կատարվում է բուժհաստատությունում:

«Ես երբեք դեղեր չեմ ստացել, ավելին ասեմ, մեր բժիշկն այնքան է լկտիացել, որ երբ դեղ եմ ուզում, չի տալիս, բայց ամեն շաբաթ այդ դեղերը բերում է մեր կողքի դեղատուն,- ասում է ծնող Մերի Հակոբյանը,- իսկ երբ հարցնում եմ, ժպտում է, ու ասում` «շատ բան ես տեսնում, քիչ խոսա, վրես գործ չբացես»:

«Պահանջել է պետք,-«Մեդիալաբին» ասում է խնդրով մտահոգ ծնող Գեյա Հեյրանյանը,- Այստեղ կառավարությանը մեղադրելը ճիշտ չի, եթե օրենք կա, որ երեխաները կարող են անվճար բուժվել եւ դեղորայք ստանալ, պետք է մինչեւ վերջ գնալ եւ պաշտպանել մեր իրավունքները»:

Անի Եղիազարյան

Լուսանկարը՝ Փիրուզա Խալափյանի

© Medialab.am