«Ոչ մի քաղաքական ենթատեքստ, չկա, արդարությունը վերականգնվեց». Ժիրայր Ավանյանը՝ «Դոլմաման» չօտարելու որոշման մասին

Կառավարությունն այսօր կայացած նիստում փոփոխություն կատարեց «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշման մեջ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից հանելով Երևանի Պուշկինի 4 տուն. Պուշկինի 8. Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի 10-1 և 6ա. Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածք հասցեները։

Նշենք, որ հենց այս ցանկում է գտնվում «Դոլմամայի» շենքը, որը 2008 թվականի կառավարության որոշմամբ համարվել էր բացառիկ հանրային գերակա շահ: Բացի ռեստորանից, հանրային գերակա շահ էին ճանաչվել նաև Հյուսիսային պողոտային հարակից մի քանի հասցեներ, որոնց բնակիչներից, ինչպես նաև ռեստորանի տիրոջից պահանջվել էր լքել այդ տարածքը:

Այդ տարածքների կառուցապատող ընկերությունը «Լոքալ Դիվելոփերզ» ընկերությունն է, որի սեփականատերը Սամվել Մայրապետյանն է:

Ավելի վաղ` դեռևս մարտին «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը «Մեդիալաբին» պատմել էր, որ ԴԱՀԿ-ից նամակ է ստացել՝ 15 օրվա ընթացքում տարածքը ազատելու մասին: «Ես վերջին ոսկորն եմ իրենց կոկորդին մնացած, որին ուզում են վերացնել: Ինձնից հետո արդեն իրենք կարող են ամբողջ Պուշկինի փողոցը մաքրել և սեփականաշնորհել: Արդեն 13 տարի է՝ ես պայքարում եմ», -ասել էր Ավանյանը:

Այսօր կառավարության ընդունած որոշումը արդյոք պայմանավորված նախընտրական իրավիճակով՝ «Մեդիալաբի» հարցին «Դոլմամայի» սեփականատեր Ժիրայր Ավանյանը պատասխանեց, որ ինքն այդ որոշումը պայմանավորում է ոչ թե նախընտրական իրադրությամբ, այլ արդարության վերականգնմամբ.

«Ես արդեն 13 տարի է՝ պայքարում եմ արդարության վերականգնման համար։ Այստեղ ոչ մի քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, ես 2-3 տարի պայքարում եմ, և, վերջապես, ունենք արդյունք: Ես այսօր իսկապես ուրախ եմ: Երբ ասում եք՝ նախընտրական քարոզարշավով է պայմանավորված, նկատի ունեք, որ իմ ձայնն իրե՞նց տամ… Է հա, մեկ հատ ձայնի համար արժե՞ այդքան բան անել»։

Նա հիշեց, որ դեռևս ամիսներ առաջ էր հայտարարել՝ մտադիր չէ ենթարկվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) հրամանին և ռեստորանի տարածքը զիջել գործարար Սամվել Մայրապետյանին։

«Ես դիմել էի դատարան, և մենք հիմա դատի մեջ ենք: Մենք ԴԱՀԿ-ի որոշումը կասեցրեցինք և տարանք դատարան: Հաջորդ նիստը օգոստոսի 23-ին է»,- ասաց նա:

Հարցին, թե այս իշխանությունների օրոք պայմանները բարենպա՞ստ են գործարարությամբ զբաղվելու համար, Ժիրայր Ավանյանը պատասխանեց.

«Ինձ համար երբեք էլ բարենպաստ պայմաններ չեն եղել: Բարենպաստն ինձ համար այն է, որ երկիրն ապահով լինի, շատ տուրիստներ ունենանք, պատերազմ չլինի, քովիդ չլինի: Ես կարծում եմ, որ երբ մարդն աշխատում է, նա իր աշխատածի արդյունքն ստանում է»:

Ավանյանը նաև հավելեց, որ իրենց գործունեությունն անմիջապես կախված է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվից, քանի որ հիմնականում նրանց են սպասարկում.

«Վերջին ամիսներին տրամադրությունը՝ կապված մեր երկրի ապագայի հետ, ոչ մի ձևով չի լավացել: Ինձ համար կարևորն այն է, որ Հայաստանում խաղաղություն լինի, տուրիզմը զարգանա: Ինձ թվում է, որ այս ընտրություններից հետո, ինչ էլ լինի, Հայաստանում իրավիճակը կխաղաղվի: Իսկ եթե խաղաղվի, մենք շատ լավ երկիր ունենք, պետք է տրամաբանորեն շատ լավ աշխատի»:

Դիտարկմանը՝ արդյոք ատելության մթնոլորտը խանգարո՞ւմ է տնտեսության զարգացմանը, նա արձագանքեց. «Այդ մթնոլորտը արհեստական է, նման մթնոլորտ չկա, դա սուտ ու հնարված է: Դա միայն Ֆեյսբուքում է: Ես գինու փառատոնի օրը 30 հազար մարդ տեսա, որոնք իրար չէին ատում: Տարբեր հայացքների տեր մարդիկ էին, բայց իրար չէին հայհոյում, չէին վիրավորում: Դրա համար ես գրեթե ֆեյսբուքից դուրս եմ եկել»:

Հարցին, թե արդյոք այս որոշումից հետո մտադի՞ր է ընդլայնել իր բիզնեսը, Ավանյանը անկեղծացավ. «Էլ փող չունեմ ընդլայնվելու համար: Փողերս վերջացել են: Հիմա պետք է աշխատեմ տեղը դնել, որպեսզի կարողանամ հետագայում ընդլայնվել»:

Մանե Հարությունյան

MediaLab.am