Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
Ըստ աղբյուրի, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը։
«Հաշվի առնելով նշված գործի նկատմամբ ձեւավորված հասարակական պահանջը՝ տեղեկացնում ենք, որ փորձագետների գնահատմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերված եւ փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին եւ հայտնաբերվել դեպքի վայրում։
Այսպես` փորձագետների եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված ինքնաձիգը 1981թ. գործարանային արտադրության 5,45մմ տրամաչափի «АКС-74» տեսակի ինքնաձիգ է, մարտական ակոսափող հրազեն, սարքին, պիտանի 5,45մմ (5,45×39) տրամաչափի մարտական փամփուշտներով մենահատ և կրակահերթի ռեժիմներով կրակելու համար։ Ներկայացված փամփուշտները՝ գործարանային արտադրության 5,45մմ (5,45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտներ են՝ պիտանի կրակոցների համար, և հանդիսանում են ռազմամթերք,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։
Փորձագետներն արձանագրել են, որ փորձաքննության ներկայացված պարկուճները գործարանային արտադրության 5,45մմ (5,45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտների մասեր են՝ կրակված պարկուճներ են, որոնք կրակվել են նշված «АКС-74» տեսակի ինքնաձիգից։ Փորձաքննության ներկայացված գնդակները եւս, ըստ փորձագետների, կրակվել են նույն «АКС-74» տեսակի ինքնաձիգի փողից»։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կշարունակվի պարբերաբար տեղեկության տրամադրումը։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրու Մյասնիկյան փողոցի 188-րդ տանը սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին` ներառյալ երկու տարեկան աղջիկ երեխային: 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում` զենքին ամրացված սվին դանակի հարվածներից ստացած վնասվածքներից:
Ըստ պաշտոնական վարկածի, երկիրը ցնցած սպանության հեինակը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է: Նա, ըստ վարկածի, մտել էր Ավետիսյանների տուն` «ջուր խմելու» եւ դաժանաբար մեկը մյուսի հետեւից սպանել էր ընտանիքի բոլոր անդամներին, եւ քանի որ վախեցել է, թե Ավետիսյանները կտեղեկացնեն իր` զորամասը լքելու մասին հրամանատարությանը:
Սակայն, այս վարկածը ինչպես նաեւ տրամադրվող այլ մանրամասներ շատերին ոչ միայն անընդունելի այլեւ խիտ անտրամաբանական են թվում` առաջ քաշված բազմաթիվ հարցականների եւ տրամաբանական հարցերի կողքին:
Լուսանկարում` Գյումրի, ահասարսուռ դեպքից հաշված ժամեր անց:
© Medialab.am