Հայ գերիների ընտանիքները ցանկանում են մեկնել Բաքու՝ հարազատներին տեսակցելու, սակայն հարցը մնում է անորոշ. Սիրանուշ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը

– Տիկի՛ն Սահակյան, ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանից տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ՝ Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: Մինչև այս պահը ի՞նչ տեղեկութուններ է հնարավոր եղել ստանալ հայ ռազմագերիների մասին:

-​ Այս պահին մենք հստակ տեղեկություններ ունենք, որ բոլոր հայերը գտնվում են Ումբակի բանտային համալիրում, որը խիստ ռեժիմի բանտային համակարգ է, ու ցմահ ազատազրկված անձինք ևս իրենց պատիժը կրում են այդտեղ: Ընդհանուր առմամբ՝ նաև տեղեկացված ենք, որ շահագործման հանձնված համալիրը գործում է 2023-ից ու մինչ այդ որպես այդպիսին քրեակատարողական համակարգում գոյություն չի ունեցել: Որոշ հայրենադարձվածներ պատիժը կրել են այս հաստատությունում, մենք նաև առանձին լուսանկարներ ենք ստացել ՄԻԵԴ-ի միջոցով ու ընդհանուր շենքային պայմանների վերաբերյալ պատկերացումներ ունենք, սակայն փաստացի ի՛նչ վիճակում են գտնվում, ինչպիսի՛ն է բարոյահոգեբանական վիճակը ու այլ հանգամանքների վերաբերյալ որևէ ստույգ տեղեկատվության առայժմ չենք տիրապետում:

– Ռազմագերիների հարազատները ցանկություն ու պատրաստակամություն էին հայտնել մեկնել Բաքու այցելել իրենց հարազատներին, այս մասով ի՞նչ զարգացումներ կան: 

-​ Ցանկությունը դեռ ուժի մեջ է, այս մասով կան կամարտահայտություն ու խնդրանք, որ ներկայացվել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ու այդ ցանկության մասին խոսել է Ռուբեն Վարդանյանը նաև ընտանիքի հետ հեռախոսազանգի ընթացքում, ինչը նաև հրապարակային դարձվեց: Խնդրանքն ուներ երկու կոմպոնենտ՝ մեկը ընտանիքների այցելություն, ինչը փակ հաստատությունում պահվող յուրաքանչյուր անձի իրավունքն է, ու այստեղ պետք է այդ իրավունքի ապահովման նախադրյալներ ստեղծվեն, և երկրորդ, որը կապված էր ՄԻՊ-ի այցելության հետ: 

Վերջինս արձագանքել է իր հնարավոր այցելությանը՝ որոշ մանրամասներ ներկայացնելով Ադրբեջանի օմբուդսմենի հետ շփումների բացակայության վերաբերյալ: Շատ կարևոր է հասկանալ ՄԻՊ-ի այցելության նպատակը՝ դա ընդամենը ցուցադրական, արարողակարգայի՞ն է, թե՞ մենք իրական խնդիր ենք դնում՝ ներդնել անկախ մեխանիզմ, որը կկարողանա ապօրինաբար պահվող հայ պատանդների համար մինչև հայրենադարձումը ապահովել մարդկային ու խոշտանգումներից զերծ միջավայր: 

Ցավոք, այս այցելությունը չի կարող լուծել երկրորդ խնդիրը, քանի որ ՀՀ ՄԻՊ-ը որևէ մանդատ ու իրավասություն չունի Ադրբեջանում, ու նրա գործունեությունն ամբողջովին պետք է տեղավորվեր ադրբեջանական ՄԻՊ-ի ներքո, իսկ Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգայնորեն որպես անկախ կառույց չի ընկալվում, և բազմաթիվ մտահոգություններ կան այդ կառույցի գործունեության վերաբերյալ: 

Եթե մտադրությունները բարի են, ու մենք ցանկանում ենք ստեղծել հայ պատանդների մեկուսացվածությունը մեղմող մեխանիզմ, ապա դա Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի այցելությունն է, որի կազմում, ի դեպ, ներգրավված է ՀՀ ՄԻՊ-ը: 

Բայց նշեմ, որ սա անկախ խնդիր է, ու այցելությունների մասով կոնկրետ դիրքորոշում այս պահին չկա, ցավոք սրտի հայ ընտանիքները անկարող են ինքնուրույն կերպով կազմակերպել այս այցելությունը, քանի որ մենք Ադրբեջանի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, կան նաև անվտանգային հարցեր, պետք է ունենալ պետական մակարդակով պայմանավորվածություններ ու աջակցություն: 

Խնդիրը դեռևս օրակարգային է, մենք բնականաբար դրա մասին բարձրաձայնելու ենք նաև այլ պետական մարմինների առջև, որոնք այս կամ այն իրավասությունները ունեն: Հենվում ենք արդեն իսկ գործարկված մոդելի վրա, երբ քաղհասարակության ներկայացուցիչները պետական աջակցության միջոցով կարողացան փոխադարձ այցելություններ իրականացնել: Առաջնային պահանջն իհարկե անհապաղ ազատ արձակումն է, բայց մինչև այդ պահանջի բավարարումը միջոցներ ձեռնարկել այցելության օրենքով երաշխավորված իրավունքը իրագործելու համար: 

– Ճի՞շտ եմ հասկանում, որ հիմա, ինչպես ասում են, գնդակը պատկան մարմինների դաշտում է այս հարցով:

– Այո՛, առավելապես արտաքին քաղաքական գերատեսչության տիրույթում է ու այն մարմինների, որոնք անվտանգային հարցերի շուրջ քննարկումների մեջ են ադրբեջանական իրավասու մարմինների հետ, այսինքն՝ անվտանգային ու երկիր մուտք գործելու հարցեր: 

– Կարծում եք՝ Ադրբեջանը թույլ կտա՞, որ այդ այցելությունը իրականություն դառնա:

– ​Եթե դա դառնա երկկողմ բանակցությունների առարկա, չեմ բացառում, որ նման թույլտվություն տրամադրվի, ու կարծում եմ, որ որոշ դեպքերում այն կարող է օգտագործվել քարոզչական նպատակներով ևս: Այսինքն՝ այդ իրավունքի իրականացումը կարող է տեղավորվել ադրբեջանական քարոզչական թեզերի շրջանակում, ու նրանք, ինչու ոչ, պատրաստակամ լինեն դրվագային ապահովել այդ իրավունքը:

– Տիկի՛ն Սահակյան, ԱԺ նախագահն այսօր հայտարարել է, որ չպետք է այս հարցը շահարկել, խորհուրդ է տվել լրագորղներին՝ թողնել, որ իրենք աշխատեն ու մնացած 19-ին ևս վերադարձնեն, ինչպես մյուս 200-ին: Այս հարցի մասին խոսելը խանգարո՞ւմ է, որ պետությունն իր գործն անի, կամ դա շահարկո՞ւմ է, երբ խնդիրներ մասին ենք խոսում:

– ​Ես ինքս տեսնում եմ խնդրի ներքաղաքականացման հարց, որը մարդու իրավունքների տրամաբանության մեջ չի տեղավորվում, ու տարբեր քաղաքական ուժեր օգտագործում են գերիների չլուծված խնդիրը փոխադարձ մեղադրանքների ու քաղաքական դիվիդենտների նպատակով: Ես այն մոտեցման կողմնակիցն եմ, որ յուրաքանչյուրն իր հնարավորության շրջանակներում պետք է անի հարավորը, որպեսզի բարձրացնի խնդրի հնարավոր լուծման մակարդակը:

Ներքաղաքականացումն անթույլատրելի է, արտաքին օրակարգում խնդիրը քաղաքականացված է, ու իրականում սա է բարդացնում հարցի լուծումը, ու մենք հստակ փաստերով ցույց ենք տվել, որ գործ ունենք պատանդային դիվանագիտության հետ, և մարդասիրական հարցը, գերիների ազատ արձակման խնդիրը որպես լծակ է գործադրվում քաղաքական օրակարգերը սպասարկելու նպատակով: Քանի որ սա կա արդեն արտաքինում, որը դժվարացնում է խնդրի լուծումը, մի հատ էլ ներքաղաքականացումը զրկում է մեզ բարենպաստ իրավիճակից, որ կօգնի խնդրի լուծմանը: 

Մենք ունենք հայրենադարձվածներ, որոնց թիվը գերազանցում է 110-ը, բայց մենք ունենք 19 + 1, 20 գերի, որը Կարեն Ավանեսյանն է: Նա էթնիկ հայ է ու այս պահին դատապարտվել է շինծու մեղադրանքներով ու ենթակա է վերադարձման՝ անկախ հանգամանքից, որ բռնի տեղահանման ժամանակ կամք է հայտնել մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Ստեփանակերտում: Բայց քանի որ խնդիրը հրատապ է, դրա ուշացած լուծումը կամ լուծման ձգձգումը արդեն իսկ պարտություն է: Մարդասիրական խնդիրներն առաջնահերթ լուծում պետք է ստանան, հատկապես երբ գործ ունենք խաղաղության խոստման հետ, ինչը չի կարող տեղավորվել ոչ մարդասիրական տրամաբանության մեջ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am